Բարեկամավանցիները դժգոհ են, Նոյեմբերյանի համայնքապետն էլ դիմել է Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյանի տարածաշրջանի ամենահեռավոր, Ադբեջանին սահմանակից Բարեկամավան գյուղի բնակիչները դժգոհ են, որ բարեկամավանցիների կողմից վաղեմի ժամանակներից տնօրինվող սարերը՝ Շլորկուտը եւ Կոպալի գյուղատեղը հանձնվել են Նոյեմբերյան համայնքի մաս կազմող Ջուջեւանի եւ խոշորացված Կողբ համայնքի տնօրինությանը։ Բարակամավան գյուղի տարածքներն ամբողջությամբ գտնվում են ադրբեջանական նշանառության գոտում, կամ ականապատված են, վտանգի պատճառով չեն օգտագործվում։ Բարեկամավանցիները օգտվում են Շլորկուտի եւ Կոպալի գյուղատեղի խոտհարքներից եւ արոտավայրերից։ Սարերում գտնվող ամառանոցները բարեկամավանցիների համար պատսպարան են Բարեկամավանի գնդակոծությունների ժամանակ։ Սարերի խոտհարքների եւ արոտավայրերի խնդրին տեղյակ են Նոյեմբերյանի համայնքապետարանում։

Նման կերպ Նոյեմբերյան համայնքի մաս կազմող Ոսկեպար գյուղի եւ Նոյեմբերյան քաղաքի բնակիչների կողմից վաղեմի ժամանակներից օգտագործվող Չիբուլլու սարի խոտհարքները եւ արոտավայրերը հանձնվել են Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան համայնքի տնօրինությանը։ Դա կատարվել է 2010թ․ Ազգային ժողովի կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություների վերաբերյալ օրենքով, որով պետական նշանակության հողերը հանձնվել են համայնքների տնօրինությանը։ Նոյեմբերյան եւ Ոսկեպար բնակավայրերի բնակիչների կողմից օգտագործվող, սարերում գտնվող խոտհարքները եւ արոտավայրերը շուրջ 800 հեկտար, Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան համայնքի կողմից վարձակալության են հանձնվել <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամին։ Հիմնադրամի կողմից այդ տարածքներում ցանկապատումներ են նախաձեռնվել, նոյեմբերյանցիների կառուցած մի քանի փայտե կացարան քանդվել է։

Նոյեմբերյանի բնակիչները եւ ոսկեպարցիները չեն ցանկանում հրաժարվել իրենց պապերից ժառանգած տարածքներից, դգոհություն է հասունանում։ Խնդրով զբաղվում է ԱԺ պատգամավոր, <<Լուսավոր Հայաստան>> խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանը․ ով խնդրի վերաբերյալ նամակով դիմել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին ։ Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանն այդ հարցի վերաբերյալ դիմել է Տավուշի մարզից Աժ պատգամավոր Սիփան Փաշինյանին։

Ոսկան Սարգսյան




Լրահոս