ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դայակ պետության աջակցությամբ» ծրագրից օգտվողների քանակը կավելանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թ.-ին «Դայակ պետության աջակցությամբ» ծրագրից կարող է օգտվել 600 քաղաքացի: Սա շուրջ 20 % -ով ավելի է, քան նախատեսված էր 2019 թ.-ի համար: Տարվա ընթացքում ծրագրի իրականացման համար նախատեսված է 448 800 000 դրամ: Այս գումարը կբաշխվի 2020 թ.-ին ծրագրում ընդգրկված 600 քաղաքացիների և 2019 թ.-ից շարունակվող ծրագրերի ֆինանսավորման համար:

Տարեսկզբից ծրագրի օգնությամբ աշխատանքի է վերադարձել 224 մարդ: Հատկանշական է, որ մարտ, ապրիլ ամիսներին՝ արտակարգ դրության պայմաններում, աշխատանքի վերադարձածների թվում մեծ է բժիշկների, բուժքույրերի, մանկավարժների թիվը: Ծրագրի շահառուները զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող այն քաղաքացիներն են, ովքեր մինչև երեխայի երկու տարին լրանալը ցանկանում են վերադառնալ աշխատանքի: Այսպիսով ծրագիրը միաժամանակ լուծում է երկու խնդիր. մի կողմից կանխվում է անձի հմտությունների կորուստը, մյուս կողմից բարելավվում ընտանիքի եկամուտները: Ծրագրում ընդգրկված անձին ֆինանսական աջակցությունը տրամադրվում է 11 ամիս ժամկետով, ամսական կտրվածքով:

Մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար վճարվում է դայակի ամսական վարձատրության 50 տոկոսի չափով գումար, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Համավարակի պատճառով երկրում ստեղծված իրավիճակում, երբ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությունները ստիպված էին դադարեցնել իրենց գործունեությունը, ծրագրի շահառու համարվող անձանց հնարավորություն է տրվել լուծել նախադպրոցական հաստատության հետ կնքված պայմանագիրը և ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել դայակի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս. Հ.




Լրահոս