Այսօր բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները հաջորդում են մեկը մյուսին: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատման դիմում է ներկայացրել։ Նշենք, որ երեկվանից բուռն քննարկվում է նրա որդու հարսանիքի մասին տեղեկությունը, իսկ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն էլ հայտնել էր, թե քննարկումներ է տեղի ունենալու և արդյունքների մասին կհայտնեն:
Նա ազատման դիմումը ներկայացրել է առավոտյան, որը հաստատվել է, սակայն պաշտպանության նախարարությունում տարածված տեղեկությունների համաձայն, ինտրիգը նաև այլ բանում է կայանում: Բանն այն է, որ Բագրևանդի այն առանձնատունը, որտեղ անցկացվում էր հարսանեկան արարողությանը և, որը պատկանում է Արտակ Դավթյանին, տարածված տեղեկությունների համաձայն, հայտարարագրերում ներկայացված չէ: Եվ նրա առանձնատան մասին բացահայտումն էլ եղել է վերջին կաթիլը: Եվ ըստ էության, այս բացահայտումներից հետո է Արտակ Դավթյանին ասվել ազատման դիմում ներկայացնել:
Հավելենք, որ Դավթյանն այսօր արձագանքել էր այդ հրապարակումներին և նշել, որ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք:«Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»,- իր պարզաբանման մեջ նշել էր Դավթյանը:
Բացի այս, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը: Ընդ որում, նա աշխատակիցներին ժողովի է հրավիրել և այդ ժամանակ հայտնել իր որոշման մասին: Նկատենք, որ աշխատակիցների համար անակնկալ է եղել Մարտիրոսյանի հայտարարությունը: Մեր տեղեկություններով, այս որոշումը ևս խորը արմատներ ունի: Բանն այն է, որ Մարտիրոսյանին հստակ հանձնարարականներ են տրված եղել՝ կապված կոնկրետ անձանց հետ, որոնց մասին պետք է ուսումնասիրություններ արվեին և չարաշահումներ հայտնաբերվեին: Սակայն, ըստ էության, ուսումնասիրություններն արդյունք չեն տվել եւ Մարտիրոսյանը ստիպված դիում է ներկայացրել: Այժմ նրա պարտականությունները կատարելու է Արգիշտի Քյարամյանը:
Հավելենք, որ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանին ազատելու մասին վարչապետի առաջարկությունը նախագահականում է՝ մյուս երկու պաշտոնյաներին ազատելու առաջարկությունների հետ մեկտեղ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց նոր նշանակումների մասին: Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն: Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան