«Սիրուն Սոնա» հեռուստասերիալի նկարահանումներն արդեն ավարտվել են: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է հեռուստասերիալի գլխավոր պրոդյուսեր Ելենա Արշակյանը:
Մեզ հետ զրույցում Ելենան նշել է, որ համավարակի այս ամիսների ընթացքում նրանք չեն դադարեցրել նկարահանումները, քանի որ ամեն օր երեկոյան ժամին հանդիսատեսն անհամբերությամբ է սպասել սերիալին:
«Ինչը մեզ բոլորիս էլ ավելի էր ոգեւորում եւ ուժ տալիս, որպեսզի էլ ավելի եռանդով աշխատենք, չնայած որ վախի զգացողությունը միշտ է եղել, որ հանկարծ մեկս մյուսին չվարակենք, հանդես չգանք որպես վարակակիր, թեեւ խստագույնս պահպանվել են բոլոր հիգենայի եւ վիրուսի կանխարգելման կանոնները»,-ընդգծում է նա:
Ելենայի խոսքով` սերիալը բավականին մեծ վարկանիշ ունի, ինչի համար նա շնորհակալ է նկարահանող խմբին, դերասաններին եւ, իհարկե, հեռուտադիտողին:
Նկարահանման ավարտին Ելենա Արշակյանը եւ սցենարիստ Անահիտ Մխիթարյանը նկարահանման հրապարակ են գնացել փոքրիկ տորթով, եւ ավանդույթի համաձայն իրենց երախտիքի խոսքն են ասել իրենց թիմին:
«Նկարահանումները երեկ ենք ավարտել, 24 ժամ աշխատելուց հետո, հուզմունքս շատ մեծ էր, նկարահանումներն անցել են բավականին բադություններով։ Այս նախագծով մենք արդեն հետք ենք թողնում պատմության մեջ: Նկարահանումներն ավարտվել էին, բայց ոչ մեկը չէր շտապում տուն գնալ: Այնպիսի տպավորություն էր, որ բաժանվելու էինք իրարից ու էլ չէինք հանդիպելու: Ջերմ մթնոլորտում իրար հրաժեշտ տվեցինք՝ հավատալով, որ կրկին կհանդիպենք»,-նշում է նա:
Մեր այն հարցին, թե որն է Ելենայի համար նրա հաջողության գրավականը, նա պատասխանել է ` միանշանակ ազնվությունը.
«Իրականում ցանկացած գործում, եթե անում ես սիրով եւ ազնվությամբ , չես կարող չհաջողել: Դու ինքդ քեզ հետ պետք է ազնիվ լինես»:
Իսկ ինչ վերաբերվում է առաջիկա նախագծերին նա հավելեց, որ նոր նախագծեր կան, բայց դեռ ոչինչ ասել չի կարող, ընթացքը ցույց կտա:
Լիդա Եղիազարյան