Դեռեւս 2015թ. նոյեմբերի 25-ին ազգային անվտանգության ծառայության կողմից Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցավոր խմբավորման պարագլուխ Արթուր Վարդանյանը դատի էր տվել Ազգային անվտանգության ծառայությանը եւ ՀՀ ոստիկանությանը՝ պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանության համար:
Իսկ ինչի՞ մասին է խոսքը: Ինչպե՞ս են ոտնահարվել Արթուր Վարդանյանի պատիվն ու արժանապատվությունը: Նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր, որ Արթուր Վարդանյանի ձերբակալման ժամանակ պետական լիազոր մարմինների կողմից տեսանյութ հրապարակվեց, որտեղ երեւում էր, որ Արթուր Վարդանյանը նստած էր կիսամերկ վիճակում:
«Ավելի քան ակնհայտ էր, որ օպերացիան ավարտված էր, բոլորին նստեցրել էին բազմոցին՝ այդ թվում իմ պաշտպանյալին: Մի կողմ թողնենք անմեղության կանխավարկածը, մի կողմ թողնենք, թե պետական լիազոր մարմինները սկզբում հայտնեցին, որ տեռորիստական ակտ պետք է անեին, բայց այսօր գործը գտնվում է դատարանում եւ միանգամայն այլ ֆորմատով է քննվում: Բայց կոնկրետ դեպքը մենք դիտում ենք պատվի եւ արժանապատվության հետ կապված աղերս ունեցող հարց եւ դրա համար մտել ենք դատարան», – նշեց փաստաբանը:
Եվ ահա երկու տարի անց, դատարանը գործով 14 օր անց կկայացնի որոշում, թե ի վերջո ԱԱԾ-ն ու ոստիկանությունը իրենց գործողություններում ճիշտ են եղել, թե ոչ: Սակայն նկատենք, որ դեռես 2016 թվականին այս բողոքը դատավոր Հայարփի Զարգարյանը մերժել էր, եւ գործը գնացել էր ՀՀ վերաքննիչ դատարան, որն էլ առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել էր:
Այսպիսով, դատելով նախկինում կայացված որոշումից` դժվար չէ կանխատեսել, թե այդ դեպքում ինչ որոշում կկայացնի դատարանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան