«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կանեն. ինչպես կսահմանվի ընդունելության կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարվելու հանգամանքը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Կրթության մասին» օրենքում: Այս հարցը քննարկվել է նաև նախարարական սոցիալական կոմիտեի 2020 թվականի մայիսի 19-ի նիստում:

Բանն այն է, որ  «Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ  մասի համաձայն. «Բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում և մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը պաշտոնապես հրապարակում  է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հաստատված ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարելն արգելվում է:»:

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոխելու բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգը: Կառավարության հաստատած նոր կարգով բուհերում ընդունելությունն իրականացվելու է մեկ ընդունելության քննության արդյունքների հիման վրա, դիմում-հայտերի առցանց ընդունման եղանակով, հայտերի լրացման նոր տարբերակով: Ընտրվել են այն քննությունները, որոնք կախված մասնագիտության առանձնահատկությունից առավել անհրաժեշտ են տվյալ մասնագիտությամբ սովորելու համար, նախկին 2 կամ 3 քննություն փոխարեն:

Ընդունելության նոր պայմանների սահմանմամբ համապատասխանաբար պահանջ է առաջանում նաև փոփոխել արդեն հաստատված մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

Ներկայացված օրենքի նախագծով նախատեսվում էբացառություն սահմանել  հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածի համար /ընդհանրապես, ոչ միայն COVID-19-ով պայմանավորված/ և հնարավորություն ընձեռել Կառավարությանը՝ արտակարգ դրության պայմաններում փոփոխություններ և լրացումներ կատարել  բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալտարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում, հաստատել նաև նոր ցանկ:

Ն.Հ.




Լրահոս