ArmLur.am-ի խմբագրություն է ահազանգել Շամշադին գյուղի բնակիչ 58-ամյա Համեստ Վարդանյանը, ով այս պահին ունի մեր օգնության կարիքը։
Մեզ հետ զրույցում Համեստ Վարդանյանը պատմել է, որ երկու տարի առաջ Երեւանի Կենտրոնական զինվորական կլինիկայում ենթարկվել է վիրահատության, հեռացրել են աջ կրծքագեղձը, սակայն հետվիրահատական շրջանում առաջացել են առողջական լուրջ խնդիրներ։
«Թուլացել է ամբողջությամբ աջ ձեռքս, ամբողջ օրը ցավերի մեջ գալարվում եմ։ Եկել ենք Մուրացանի հոսպիտալ, այստեղ չեն ընդունում, քանի որ կորոնավիրուսի պատճառով հիվանդանոցը փակ է, ուղեգրով ուղարկում են տարբեր հիվանդանոցներ, արդեն 10 օր է հիվանդանոցներն եմ, բացարձակ անտարբերություն է։
Ռենտգեն ինստիտուտում Էլեկտրասրտագրության, բիոպսիայի պատասխանները վերցնելու համար 115 հազար դրամ գումար են վերցրել այն դեպքում, երբ պետք է զինվորականների ծնողների համար ամեն ինչ լիներ անվճար։ Մենք էլ հիմա գտնվում ենք ծայրահեղ ծանր վիճակում, տղաներս սահմանին չեն կարողանում օգնել, 15 հազարը վճարել ենք, էն 100 հազարը մնացել է: Չգիտենք՝ ինչ անենք, որտեղից ճարենք, անելանելի վիճակում ենք գտնվում»։
Համեստ Վարդանյանի փոխանցմամբ՝ վիրահատությունից հետո ունի երրորդ կարգի հաշմանդամություն, ստանում է ընդամենը 30․000 դրամ թոշակ։
«Կես մարդ եմ դարձել, 30 հազար դրամով չեմ կարող այս վճարումները կատարել, անալիզների պատասխաններն անհրաժեշտ են, որպեսզի հասկանան՝ հետագա բուժումն ինչպիսին պետք է լինի։ Խնդրում եմ, եթե հնարավոր է աջակցեք»,-հավելում է մեր զրուցակիցը։
Լիդա Եղիազարյան