Հարցուպատասխան՝ երկու ամիսը մեկ, խմբակցության ղեկավարը կզրկվի արտահերթ ելույթից. իմքայլականների նոր նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդուարդ Ավետիսյանը նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով փոփոխություն կատարել Երևան քաղաքի ավագանու որոշումներից մեկի մեջ: Նա մասնավորապես առաջարկում է փոփոխություն կատարել ավագանու նիստերի անցկացման կարգի մեջ՝ փոփոխելով օրինակ հարց տալու, արձագանքելու համար նախատեսված ժամանակը:

Մեկ ուշագրավ փոփոխություն է նախատեսում ավագանու անդամը. այժմ կանոնակարգի համաձայն, քաղաքապետը, քաղաքապետի տեղակալները և խմբակցությունների ղեկավարները հարց են տալիս ու ելույթ ունենում արտահերթ, սակայն հիմա նա առաջարկում է խմբակցություններին զրկել այդ իրավունքից, և ամրագրել, որ միայն քաղաքապետն ու քաղաքապետի տեղակալը կարող են արտահերթ ելույթ ունենալ: Բացի այդ, այժմ ավագանու յուրաքանչյուր նիստից հետո տեղի է ունենում հարցուպատասխան՝ քաղաքապետի, տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Այժմ ավագանու անդամն առաջարկում է դա դարձնել երկու ամսվա մեջ առնվազն մեկ նիստի ընթացքում:

Նկատենք սակայն, որ ավագանու նիստերին հարցուպատասխանի ֆորմատն ամենանգամյա է դարձել հեղափոխությունից հետո և առաջարկի հեղինակները եղել են «Լույս » խմբակցության անդամները: Նախկինում ևս հարցուպատասխանն անցկացվում էր երկու ամիսը մեկ պարբերականությամբ, սակայն ընդդիմադիր խմբակցության առաջարկն ընդունվեց և դարձավ, որ այն տեղի է ունենում յուրաքանչյուր ամիս: Այժմ, փաստորեն ավագանու իմքայլական անդամը ցանկանում է փոփոխություն անել և կրկին վերադառնալ հին ռեժինին, որը գործել է հեղափոխությունից առաջ:

Այս առնչությամբ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հույս ունի, թե իշխող խմբակցության կազմում կլինեն մարդիկ, որոնք դեմ կլինեն այս փոփոխություններին: Նա մեզ հետ զրույցում ևս ընդգծեց, թե հարցուպատասխանն ամեն նիստի ժամանակ դարձնելը հենց իրենց նախագիծն է եղել: «Իմ քայլական ավագանու անդամները նախագիծ են բերում, որ փոփոխություն անեն՝ նախկինների վերարկուն ետ բերելու համար, ավելին`փոփոխության մեջ կա նաև խմբակցությունների ղեկավարներին արտահերթ ելույթի իրավունքից զրկելը: Հույսս չեմ կտրում, որ «Իմ քայլում» այդ վերարկուն չհագնողներ են լինելու և նախագիծը չի անցնելու», – նշում է նա:

Նկատենք, որ Երևանի ավագանու նիստերը երկարատև են լինում, հաճախ ավարտվում են ուշ ժամի և հիմնականում հենց հարցուպատասխանի ֆորմատի պատճառով: Եվ մեր տեղեկություններով, հենց այս հանգամանքն է պատճառ դարձել նախագծի փոփոխության համար, քանի որ ավագանու անդամները հաճախ են դժգոհում, որ այդ պատճառով իրենք երկար են մնում: Ավելին, լինում են դեպքեր, երբ հարցուպատասխանի վերջում արդեն ավագանու անդամները փորքաթիվ են լինում՝ 9-10 հոգի:

Ի պատասխան քննադատությունների՝ օրինակ իմքայլական Գրիգոր Երիցյանը հայտնում է. «Փորձը ցույց տվեց, որ այդ ֆորմատը արդյունավետ չէ. առաջին 1 ժամվա  հարցերը տալիս գնում եք, իսկ ես օրինակ սպասում եմ 8 ժամ, որ իմ հերթը գա: Նախորդ հարցուպատասխանին մնացել էինք ավագանու 6 անդամով մինչև երեկոյան ժամը 10-ը: Հետո յուրաքանչյուրս ամեն քննարկվող հարցի ժամանակ, միևնույն է, մեզ հուզող հարցերը տալիս ենք, կարող ենք ուղերձով հանդես գալ, հայտարարություն անել և այլն»:

Իսկ օրինակ իմքայլական Արմեն Գալջյանն էլ նկատում է. «Հարց ու պատասխանի փոխարեն ներդրվում է մտքերի փոխանակության ժամ, երբ ավագանու յուրաքանչյուր անդամ կարող է ելույթ ունենալ օրակարգից դուրս թեմայով, որի հնարավորությանը գործող կանոնակարգով չկա կամ, որ խմբակցության ղեկավարի արտահերթ ելույթի փոխարեն ներդրվում է մի կարգ, ըստ որի խմբակցությունը կարող է մեկ արտահերթ ելույթ ունենալ ու այս դեպքում, ոչ թե միայն խմբակցության ղեկավարը, այլ յուրաքանչյուր անդամ ղեկավարի ներկայացմամբ»։

Հավելենք, որ նախագիծը կքննարկվի ավագանու հաջորդ նիստի ժամանակ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս