ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է հոր կողմից տասնվեց տարին չլրացած դստեր հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2018թ. դեկտեմբերից 2019թ. հունվարն ընկած ժամանակահատվածում, հայրը՝ ծնված 1973թ., օգտվելով ընտանիքի անդամների տանից բացակայելու հանգամանքից, իր ննջասենյակում պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս դստեր հետ, ինչի արդյունքում վերջինս հղիացել է:
2019թ. օգոստոսի 12-ին, բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ Արմավիրի մարզի անչափահաս բնակչուհին ծննդաբերել է: Համաձայն դատագենետիկական փորձաքննության եզրակացության՝ նորածնի հայրը հանդիսանում է անչափահաս աղջկա հայրը:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1973թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի (սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: