ArmLur.am-ի խմբագրությունը մի խումբ քաղաքացիներից ահազանգեր է ստանում այն մասին, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը հաճախակի է օգտվում հիվանդանոցի հարակից տարածքում գտնվող սուպերմարկետներից, սննդի տարբեր կետերից, ինչն էլ տեղի բնակիչների մոտ անհանգստություն է առաջացրել, քանի որ վերջիններս շփվում են կորոնավիրուս հիվանդություն ունեցող հիվանդների հետ։
Բնակիչների խոսքով՝ տարածքում որեւէ ախտահանման աշխատանքներ չեն իրականացվում, եւ վերջիններս ահազանգում են՝ անհանգստանալով իրենց առողջության համար․ «Շատ ենք տեսնում, թե ինչպես են հիվանդանոցի աշխատակիցները խանութներից գնում սուրճ, թեյ, ինչը մեզ շատ է անհանգստացնում»։
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում վստահեցրել է, որ այն բուժաշխատողները, ովքեր օգտվում են խանութներից նրանք լիովին առողջ են եւ պարբերաբար թեստավորվում են։ «Այո, աշխատակիցները հիվանդանոցից դուրս են գալիս թերեւս միայն սուրճ կամ թեյ գնելու համար։ Ամեն հիվանդանոցից դուրս գալուց, եւ բաժանմունք մտնելուց նրանց արտահագուստն ամբողջությամբ փոխվում է, ախտահանվում են, նույնը նաեւ ամեն հիվանդանոց մտնելիս է կատարվում, եւ որեւէ անհանգստանալու պատճառ չկա»,-նշում է նա։
Լիդա Եղիազարյան