Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավորներից պահումներ են կատարվում ԱԺ լիագումար, արտահերթ եւ հանձնաժողովների նիստերից անհարգելի բացակայելու համար։ Ընդ որում, նիստերից անհարգելի բացակայություն ունեցող պատգամավորների աշխատավարձից պահումները հաշվարկվում են ամսական պաշտոնային դրույքաչափին համապատասխան: ՀՀ ԱԺ նախագահի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 18 է, այսինքն՝ ԱԺ նախագահի ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 190 հազար 520 դրամ: Ազգային ժողովի նախագահի տեղակալների աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 14 է, աշխատավարձը կազմում է 925 հազար 960 դրամ: Պատգամավորների աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 10 է, հետեւաբար՝ նրանց ամսական աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ:
Սակայն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի աշխատավարձը կազմում է 793 հազար 680 դրամ, իսկ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը կազմում է 694 հազար 470 դրամ: Այսինքն, նիստերից անհարգելի բացակայությունների դեպքում պահումների չափերը ևս տարբեր են՝ կապված պատգամավորի պաշտոնից՝ շարքային է, հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղալալ և այդպես շարունակ: Շարքային պատգամավորի մեկ բացակայության համար պահվող գումարի չափը մոտ 32 հազարն է:
Այսպիսով «Ժողովուրդ» օրաթերթն Ազգային ժողովի աշխատակազմից հարցման միջոցով ստացել է 2020 թվականի հունվարից մինչև հունիսի 1-ը տեղի ունեցած Ազգային ժողովի հերթական, արտահերթ, հատուկ նիստերից պատգամավորների բացակայությունների վերաբերյալ տեղեկանքները:
Նախ նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, պատգամավորների բացակայությունը համարվում է հարգելի, եթե նա.
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ հարգելի պատճառով նրա բացակայելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Աշխատակազմի ղեկավարին ներկայացվում է համապատասխան փաստաթուղթ
նա Ազգային ժողովի կողմից ուղարկվել է գործուղման.
նա ձերբակալվել է, կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, և նա չի դատապարտվել ազատազրկման, կամ նրա նկատմամբ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում.
նա զբաղեցնում է պատգամավորի կարգավիճակով պայմանավորված պաշտոն, և բացակայությունը պայմանավորված է իր պաշտոնական պարտականությունների կատարմամբ:
Այսպիսով, Ազգային ժողովի նիստերից անհարգելի պատճառով ամենաշատը բացակայած պատգամավորներն են՝
Արամ Խաչատրյան՝ 8 բացակա («Իմ քայլը» խմբակցություն),
Մանե Թանդիլյան՝ 8 բացակա («Լուսավոր Հայաստան» խմբակցություն),
Սիփան Փաշինյան՝ 7 բացակա («Իմ քայլը» խմբակցություն)
Սոնա Ղազարյան՝ 7 բացակա («Իմ քայլը» խմբակցություն)
Էդուարդ Բաբայան՝ 6 բացակա («Բարգավաճ Հայաստան» խմնբակցություն)
Վարդան Ղուկասյան՝ 5 բացակա (ԲՀԿ)
Մերի Գալստյան՝ 5 բացակա («Իմ քայլը» խմբակցություն)
Հրանտ Մադաթյան՝ 5 բացակա (ԲՀԿ)
Լենա Նազարյան՝ 4 բացակա («Իմ քայլը» խմբակցություն)
Բացակա ունեցող մյուս պատգամավորները նիստերից բացակայել են 4-ից պակաս անգամ. կան նաև պատգամավորներ, որոնք առհասարակ բացակայություն չեն ունեցել: Սակայն նկատենք, որ խորհրդարանում մեծ թիվ են կազմում նաև անհարգելի բացակայող պատգամավորները: Ընդ որում, նրանք ինչպես իշխող խմբակցությունից են, այդպես էլ ընդդիմադիր ուժերից:
Հավելենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները կարող են դադարեցվել:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան