ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես և որ դեպքում կարող են անվստահություն հայտնել վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն օրեր առաջ հայտարարեց, թե պահանջում են կառավարության անդամների փոփոխություն, ընդ որում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Երեկ էլ ԲՀԿ-ականները հավաքվել են, քննարկել իրենց հետագա անելիքները և «իշխանափոխության» հասնելու հնարավորությունները: Այդ նպատակով ԲՀԿ-ն անգամ հանդիպումների շարք է սկսում և հնարավոր է նրանց միանան նաև արտախորհրդարանական ուժեր:

Իհարկե Սահմանադրությունը հնարավորություն է տալիս անվստահություն հայտնել ՀՀ վարչապետին, սակայն այս իրավիճակում ԲՀԿ-ի նախաձեռնած գործընթացը հենց սկզբից կարող է փակուղում հայտնվել: Նախ Սահմանադրության 115-րդ հոդվածն ասում է.

1. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

2. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, եւ ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել: Այս դեպքում Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-4-րդ մասերի դրույթները կիրառելի չեն:

Միևնույն ժամանակ նկատենք, որ նույն հոդվածը ունի մի դրույթ, որն արդեն իսկ անհնար է դարձնում այս գործընթացն անգամ սկսելը: 115-րդ հոդվածի 4-րդ կետն ասում է. «Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել»:

Ինչպես հայտնի է, մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն է և երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանը հայտնեց, հունիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու է ևս մեկ ամսով: Այսինքն, գոնե մինչև հուլիսի 14-ը, այդպիսի նախագիծ ներկայացնել չեն կարող: Իսկ հիմա անդրադառնանք նախագծի ընդունման հնարավորություններին խորհրդարանում: Օրենքում ասվում էր, որ անվստահության նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների 1/3-ը, այսինքն՝ 44 հոգի: Ուշագրավ է, որ խորհրդարանում երկու ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 42 պատգամավոր, այսինքն՝ նրանք երկուսով չեն կարող այդպիսի նախագիծ ներկայացնել: Իսկ որոշումն էլ ընդունվում է ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ պատգամավորների կեսից ավելին պետք է քվեարկի. սա թերևս նույնպես հենց սկզբից մատնված է ձախողության:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս