Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 10-ին այցելել է ԱՀ գլխավոր
դատախազություն և կառույցի աշխատակիցներին ներկայացրել գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանին:
Նախագահն իր խոսքում նշել է, որ պետք է շարունակել անզիջում պայքարը հանցավորության, այդ թվում՝
կոռուպցիայի դեմ՝ գործունեության ընթացքում մշտապես առանցքային համարելով պետական շահերի
պաշտպանությունը: «Համոզված եմ, որ կկարողանաք ըստ արժանվույն ապահովել Սահմանադրությամբ ու օրենքով
դատախազությանը վերապահված լիազորությունների իրականացումը՝ անընդհատ բարձրացնելով համակարգի
արդյունավետությունը և կառույցի նկատմամբ հանրության վստահությունը»,- ասել է նախագահ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանը հաջողություն է մաղթել նորընտիր գլխավոր դատախազին աշխատանքում և հույս
հայտնել, որ դատախազության համակարգում նրա երկարամյա գործունեությունը, փորձն ու գիտելիքները, ինչպես
նաև մարդկային որակները մեծապես կնպաստեն կառույցի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծմանը: