ՀՀ ԳԱԱ-ն մասնակցեց Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի կողմից Վիրուսաբանության գիտական խորհրդի ստեղծմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 9-ին Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան անցկացրեց Վիրուսաբանության գիտական խորհրդի հիմնադիր առցանց գիտաժողով` Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկիստանի և Ուկրաինայի վիրուսաբանության, համաճարակաբանության, մանրէաբանության, իմունաբանության ոլորտների առաջատար մասնագետների մասնակցությամբ: Հայաստանը խորհրդում ներկայացնում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բջջային կենսաբանության և վիրոսաբանության լաբորատորիայի ղեկավար Զավեն Կարալյանը: Վիրուսաբանության գիտական խորհրդի ստեղծման հիմնական նպատակն է միավորել ջանքերը կարևորագույն գիտական խնդիրների վերաբերյալ լուծումներ գտնելու, փորձի փոխանակման և կադրերի պատրաստման գործում:

Նիստի ընթացքում Վիրուսաբանության գիտական խորհրդի համանախագահներ ընտրվեցին Ռուսաստանի Ի. Մեչնիկովի անվան պատվաստանյութերի և շիճուկների գիտահետազոտական ինստիտուտի գիտական ղեկավար Վիտալի Զվերևը, Չինաստանի Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի տնօրեն Գաո Ֆուն, Բելառուսի Գիտությունների ազզգային ակադեմիայի փոխնախագահ Ալեքսանդր Կիլչևսկին:

COVID-19 համավարակի խնդիրը ճանաչվեց Վիրուսաբանության գիտական խորհրդի գործունեության օրակարգային հարց: «Մենք պետք է համակարգենք բոլոր գիտնականների և մասնագետների ջանքերը: Պետք է հաշվի առնենք արդեն իսկ ունեցած փորձը` հետագայում տարբեր համաճարակների ալիքների դեպքում պատրաստ լինելու և համարժեք քայլեր ձեռնարկելու համար»,- ասաց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Վլադիմիր Չեխոնինը:

«Ներկայումս շատ կարևոր է, որ մասնագետները` վիրուսաբանները, համաճարակաբանները, միավորվում են միջազգային և ազգային մակարդակով, և մենք արդեն տեսնում ենք խնդրի նկատմամբ գիտական կենտրոնացում»,- նշեց ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը:

Հայաստանում ստեղծվում է COVID-19-ի գիտական ուսումնասիրությունների համակարգման գիտական խորհուրդ, որում ընդգրկվում են ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԲՈՒՀ-երի մասնագետներ:




Լրահոս