Իջեւան քաղաքի բնակիչ, 1988թ․ ծնված Արման Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2019թվականի դեկտեմբերի 10-ին ժամը 09․00-ի սահմաններում մուտք է գործել Իջեւանի համայնքապետարանի վարչական շենք, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել համայնքապետարանի աշխատակիցների նկատմամբ, հայտարարել, որ այլեւս համայնքի ղեկավարն ինքն է, որից հետո ձեռքին եղած լինգով հարվածել է համայնքապետի աշխատասենյակի մուտքի դռանը՝ վնասելով այն եւ այդպիսով խաթարելով համայնքապետարանի բնականոն աշխատանքը։ Ա․ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հսկողությանը հանձնելը․ նա գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեւոր առողջության պահպանման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Ա․ Մանուկյանը Իջեւանի նախկին համայնքապետի՝ Վարդան Ղալումյանի պաշտոնավարման ժամանակ էլ հանդես է եկել սպառնալիքներով։
2018թ․ Ա․ Մանուկյանն Իջեւանի Անկախության փողոցի թիվ 5 շենքի հարակից տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի եւ թույլտվության, ինքնակամ իրականացրել է բետոնապատման եւ մետաղական ցանկապատի տեղադրման աշխատանքներ: Վարդան Ղալումյանը, հանդիսանալով Իջեւան համայնքի ղեկավար, Արման Մանուկյանի նկատմամբ օժտված լինելով կարգադրիչ լիազորություններով, իր իրավասության սահմաններում 2018թ. նոյեմբերի 29-ին վարչական վարույթ է հարուցել Ա. Մանուկյանի նկատմամբ եւ իր ենթակայության տակ գտնվող համապատասխան ծառայությանը հանձնարարել է կասեցնել ինքնակամ շինարարական աշխատանքները:
Ա. Մանուկյանը, տեղյակ լինելով այդ կարգադրության մասին, 2018թ. նոյեմբերի 29-ին` ժամը 13:30-ի սահմանաներում, գնացել է Իջեւանի համայնքապետարան եւ համայնքի ղեկավար Վ. Ղալումյանի աշխատասենյակում, նրա վերոհիշյալ ծառայողական պարտականությունների հետ կապված, տվել է բռնություն գործադրելու սպառնալիք` ասելով, որ ինքը կկրակի եւ կսպանի` ցանկանալով այդ կերպ նրան հարկադրել հրաժարվելու իր լիազորությունների իրականացումից:
Ղեկավարվելով ՏԻՄ օրենքի 37 հոդվածի 5-րդ կետով`Վարդան Ղալումյանը Իջեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնին կարգադրել է կասեցնել Ա. Մանուկյանի կողմից իրականացված ինքնակամ շինարարության աշխատանքները եւ ապահովել դրանց հետեւանքների վերացումը: Իջեւանի քաղաքապետարանը գրավոր դիմել է ոստիկանության Իջեւանի բաժին` քանդման աշխատանքների ընթացքում հասարակական կարգը պահպանելու համար: 2019թ. հուլիսի 9-ին Իջեւանի համայնքապետարանի ենթակայությամբ գործող Իջեւանի կոմունալ ծառայության աշխատողները կատարել են ինքնակամ կառույցի քանդումը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը 2019թ. օգոստոսի 30-ին վճռել է Արման Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել ազատազրկման 2 տարի, 6 ամիս ժամկետով, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` փորձաշրջան նշանակելով 2 տարի ժամկետով:
Տավուշի մարզի դատախազության դատախազ Վասիլ Սարգսյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռի դեմ Վերաքննիչ բողոք է ներկայացրել, որով միջնորդել է Վերաքննիչ բողոքը ընդունել վարույթ, մասնակիորեն` պատժի կրման նպատակահարմարության մասով բեկանել եւ փոփոխել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. օգոստոսի 30-ի դատավճիռը, ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառումը համարել անթույլատրելի: 2019թ․ նոյեմբերի 15-ին Վերաքննիչ դատարանը դատախազության վերաքննիչ բողոքը մերժել է, պաշտպան Վ․ Ներկարարյանի վերաքննիչ բողոքը՝ բավարարել, Արման Մանուկյանին ճանաչել է անմեղ եւ արդարացրել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով։ Վճռաբեկ դատարանը մերժել է դատախազության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել ։
Ոսկան Սարգսյան