Հանցագործությամբ պատճառված վնասը փոխանցվել է Հատուկ քննչական ծառայության դեպոզիտային հաշվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքում ճանապարհային գծանշման, ճանապարհային նշանների տեղադրման և լուսաազդանշանների պահպանման ծառայությունների գնման գործընթացում և հիշյալ ծառայությունների վերաբերյալ կնքված պայմանագրերի կատարման ընթացքում չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության տնօրեն Հակոբ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` խմբով, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար:

Հիշյալ ընկերության գործունեությունը փաստացի կառավարող Էդուարդ և Գևորգ Հարությունյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով խարդախության կատարումը կազմակերպելու համար: ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոստանտին Կոստանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հակամրցակցային գործունեություն ծավալելու, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և դրա արդյունքում պետությանն անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու համար:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ինչպես արդեն տեղեկացվել է, վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով հիշյալ անձինք ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից 08.06.2020թ.-ին ձերբակալվել էին, իսկ ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալ Արա Կոթողյանին նույն օրը մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հանցագործությամբ պատճառված վնասը` 255.824.768 ՀՀ դրամը, 09.06.2020թ.-ին ամբողջությամբ փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության դեպոզիտային հաշվին:
Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս