ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՉԻ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Աժ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ զրուցել է ընդդիմության դժգոհություններից՝ կապված Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելու շուրջ կատարվող աշխատանքների հետ: Բացի այդ, ընդդիմությունը այսքանից հետո հրաժարականներ է պահանջում: Սակայն մեզ հետ զրույցում Սոֆյա Հովսեփյանն անարդար համարեց ընդդիմության քննադատությունները եւ կարծիք հայտնեց, թե հրաժարականներ չպետք է լինեն:

 

-Տիկի՛ն Հովսեփյան, երեկ ընդդիմությունը նորից հայտարարեց, որ իշխանությունը տապալել է վիրուսի կանխարգելման բոլոր միջոցառումները եւ պետք է հրաժարական ներկայացնի կամ օգնություն խնդրի ընդդիմության կամ այն մասնագետներից, որոնք կարող են այդ վիճակից դուրս բերել Հայաստանը: Համաձա՞յն եք, որ իշխանության իրականացրած բոլոր միջոցառումները տապալված են:

-Բացարձակ չեմ կիսում այդ կարծիքը. իրենք թող մնան իրենց կարծիքին, բայց ես չեմ տեսնում, որ տապալվել է: Կան խնդիրներ, որոնք բացառել չի կարելի. ցանկացած իշխանության դեպքում էլ կլինեին խնդիրներ, որովհետեւ ամբողջ աշխարհն է այս խնդիրների մեջ: Սա որքան էլ մարդկային գործոնի հետեւանք է, այնքան էլ մարդկային վերահսկողության հնարավորություններից դուրս վիճակ է: Պարզապես մեծ-մեծ խոսել, կարծում եմ, ուղղակի քաղաքական հետաքրքիր վերնագրերի համար է շարադրվում: Ինչ վերաբերում է խնդրին՝ իշխանությանը որպեսզի ընդդիմությունը օգնի, սա նույնն է, թե պատերազմի ժամանակ յուրաքանչյուրից խնդրեն, որպեսզի գնա սահման եւ պետություն պահի: Ես, առհասարակ, չեմ սիրում պատերազմի հետ համեմատել, որովհետեւ անհամեմատելի է, բայց երկրում կա ճգնաճամ, անգամ մեկ վայրկյան պետք չէ քաղաքական հետաքրքրվածությունները կարեւորել եւ ուղղակի լծվել խնդիրների վերացմանը: Ամեն մեկն իր պարտքը պետք է համարի լինել իշխանության, քաղաքացու եւ պետության կողքին, եւ ոչ թե ամեն օր խարխլոց հայտարարություններ տարածի եւ հետո ասի՝ իշխանությունը պետք է խնդրի: Որեւէ մեկը չպետք է խնդրի, պետք է մեր պարտքը համարենք լինել պետության կողքին, թեկուզ միայն կարգապահ քաղաքացի: Սա էլ է կարեւոր:

-Հնչում են կարծիքներ, որ պետք է իշխանության պաշտոնյաներ հրաժարական ներկայացնեն. նշվում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի անունները, երեկ էլ Արթուր Վանեցյանը պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Դուք կարծո՞ւմ եք, որ պետք է հրաժարականներ ներկայացնեն:

-Առհասարակ չեմ ուզում քննարկել որոշ քաղաքական գործիչների հայտարարություններ, առաջարակներ կամ խոսքեր՝ համարելով դա չլսված կամ չխոսացված ինչ-որ բան: Այնքան չեմ կարեւորում մի անձի, որը եղել է Ազգային անվտանգության պետ եւ չի գիտակցել ազգային անվտանգություն երթեւույթը: Այդ մարդու մասին ես հարկ չեմ համարում խոսել:

-Իսկ նախարարի եւ պարետի հրաժարականի մասով ի՞նչ կասեք:

-Եթե կա այլ անձ, որը կարող է զբաղեցնել այդ պաշտոնը եւ շարունակել, ապա նա կարող է նաեւ օգնել, որպեսզի արդեն իսկ պաշտոնավարողները կառավարելով աջակցություն ստանան: Այսինքն՝ եթե կա այլ մարդ, որը պարտրաստ է ճգնաժամից դուրս բերել, ապա իրեն ոչ թե պետք է այդ պաշտոնը, որ ճգնաժամից դուրս բերի, այլ ընդամենը կամքը՝ աջակցություն, տեղեկատվություն տալու, ինչու չէ նաեւ թիկունք թիկունքի տալու խնդիրը լուծելու: Չեմ կարծում, թե պետք է նստի որեւէ պաշտոնի, որ կարողանա օգնել: Ժամանակին մենք չենք եղել պաշտոնյաներ, բայց մեծ պաշտոնյաներից մեծ գործեր ենք արել, որի մասին կարող է խոսել հանրությունը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՆԱԽԱԳԾԻՆ

Մեկուսացված վարձու աշխատողներին օժանդակող նախագիծը երեկ խորհրդարանի կողմից մերժվեց: Այն նախորդ օրը ընդունվել էր առաջին ընթերցմամբ, սակայն հենց իշխող ուժի կողմից երկրորդ ընթերցմամբ այն տապալվեց: Բանն այն է, որ կառավարության հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ լրացուցիչ քննարկումների եւ ժամանակի կարիք կա՝ հասկանալու, թե որքան ֆինանսական ռեսուրսներ են հարկավոր։

Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող ,Իմ քայլըե խմբակցության պատգամավոր եւ ,Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասինե օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հեղինակ Նարեկ Զեյնալյանը կոչ արեց իր գործընկերներին դեմ քվեարկել:

,Ընդհանուր առմամբ, կառավարությունը գաղափարին եւ մոտեցմանը դեմ չէ, բայց որոշեցինք, ընդհանուր կոնսենսուսի եկանք, որ մի քանի օր դադար վերցնենք, որպեսզի կարողանանք որոշակի հավելյալ հաշվարկներ կատարել եւ կանխատեսումներ կատարել։ Կառավարությունը այդ առաջարկությունը հնչեցրեց, եւ, ըստ էության, մեր կողմից դա ընդունելի առաջարկ էե, – նշեց նա։

Իշխանության այս առաջարկը հարուցեց ընդդիմության դժգոհությունը, ,Բարգավաճ Հայաստանե ու ,Լուսավոր Հայաստանե խմբակցությունների պատգամավորները սկսեցին մեղադրել իշխանական պատգամավորներին, թե նրանք իրականում մտքափոխվել են ու այլեւս չեն ցանկանում նման օժանդակությունը կյանքի կոչել։

Սակայն Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ,Լուսավոր Հայաստանե խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը նշեց. ,Ինձ համար հաճելի անակնկալ էր այս նախագիծը, եւ օրինաչափ՝ կառավարության արձագանքը։ Ես կասկած չունեի, որ հենց այդպիսին էլ լինելու է կառավարության արձագանքը, որովհետեւ այստեղ խնդիրը հաշվարկները չեն ու թվերը չեն։ Ինչո՞ւ։ Որովհետեւ ամսի 25-ին առնվազն ընդդիմադիր խմբակցությունները իմացան, որ նման նախագիծ կա, այսօր ամսի 4-ն է, եւ առնվազն այդքան ժամանակը, վստահ եմ, նախագծի հեղինակները մինչեւ այդ էին քննարկում, բավարար էր բոլոր հաշվարկները անելու համար։ Եզակի ճիշտ կանխատեսում է արել առողջապահության նախարարը, որ մայիսի վերջին լինելու է մոտ 10 հազար վարակակիր։ Այսպես էլ եղավ։ Էդ ո՞ր թվերն ու կանխատեսումներն են անհասկանալի, որ մինչեւ հիմա այդ հաշվարկները չեք կարողացել անելե։

,Ժողովուրդե օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախագծի չընդունման գլխավոր ,հերոսըե ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն է, քանի որ վերջինիս ղեկակավարած գերատեսչությունը չի կարողացել ճիշտ կոմեպեսացնել տվյալները, բոլոր գերատեսչությունների հետ համաձայնության գալ, ինչի համար Զեյնալյանը հայտնվել է այդ վիճակում: Ըստ մեր տեղեկությունների՝ միայն նախօրեին է այս նախագիծն ուղարկվել կառավարության սոցիալական գծով նիստին, որի ժամանակ արդեն իրենց անհամաձայնությունն են հայտնել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հայտարարելով, որ հաշվարկներ չեն արվել, ինչի համար իրենք չեն կարող իրենց համաձայնությունը տալ: Զեյնալյանին խնդրել են դադար տալ, որպեսզի կարողանան հարցերին լուծում գտնել, հետագայում այն ընդունել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները գնալով նվազում են: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից պարզեց, որ այս տարվա հունվար-մարտ ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 4 մլն 816 հազար 700 դոլարի օգնություն: Մինչդեռ նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել է 11 մլն 787 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն: ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե որ երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին. նշենք, որ Եվրամիության անդամ շատ երկրներ ուղարկել են: Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 1 մլն 100 հազար 700 դոլարի չափով օգնություն, իսկ մեր բարեկամ Ֆրանսիայից` 179 հազար 700 դոլարի չափով: Ֆրանսիայից նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան եկել է 800 դոլարի մարդասիրական օգնություն: Այս տարվա երեք ամիսներին Հայաստանը Շվեցարիայից 84 հազար 400 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, իսկ ԱՊՀ երկրներից Հայաստանը 7 հազար 100 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել: Օրինակ, Ռուսաստանից Հայաստան այս տարվա հունվար-մարտին մտել է 5900 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Անգամ Հնդկաստանից է Հայաստանը մարդասիրական օգնություն ստացել`198 հազար 400 դոլարի չափով, որը, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շեշտակի նվազել է՝ 2 մլն 432 հազար դոլար: Պաշտոնական աղբյուրից տեղեկացանք, որ Չինաստանից Հայաստան մեկ տարվա ընթացքում ավելացել է մարդասիրական օգնության չափը. եթե նախորդ տարվա հունվար-մարտին Հայաստան Չինաստանից եկել է 145 հազար 600 դոլարի չափով մարդասիրական օգնություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 557 հազար 400 դոլար: Նկատենք նաեւ, որ Չեխիայից նախորդ տարվա երեք ամիսներին Հայաստան ստացվել է 0 մարդասիրական օգնություն, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 31 հազար 700 դոլար:

 

 

 

ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ

Դատական հայց՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության դեմ: Նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախկին ղեկավարության: Վերջինս պահանջում է, որ դատարանը ստիպի նախարարությանը 2019 թվականի հոկտեմբերի 29-ին հրամանները անվավեր ճանաչել: Ի դեպ, այդ որոշմամբ նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը ազատվելէ պաշտոնից, եւ  ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Մուրադյանը: Ինչով կավարտվի այդ դատական վեճը՝ սպասենք զարգացումներին:

 




Լրահոս