2020թ. ,Դայակ՝ պետության աջակցությամբ ծրագրից կարող է օգտվել 600 քաղաքացի: Սա շուրջ 20 % -ով ավելի է, քան նախատեսված էր 2019 թ. համար: Տարվա ընթացքում ծրագրի իրականացման համար նախատեսված է 448 800 000 դրամ: Այս գումարը կբաշխվի 2020թ. ծրագրում ընդգրկված 600 քաղաքացիների եւ 2019 թ. շարունակվող ծրագրերի ֆինանսավորման համար: Այս մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։
Տարեսկզբից ծրագրի օգնությամբ աշխատանքի է վերադարձել 224 մարդ: Հատկանշական է, որ մարտ, ապրիլ ամիսներին՝ արտակարգ դրության պայմաններում, աշխատանքի վերադարձածների թվում մեծ է բժիշկների, բուժքույրերի, մանկավարժների թիվը:
Ծրագրի շահառուները զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված, մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող այն քաղաքացիներն են, ովքեր մինչեւ երեխայի երկու տարին լրանալը ցանկանում են վերադառնալ աշխատանքի: Այսպիսով ծրագիրը միաժամանակ լուծում է երկու խնդիր՝ մի կողմից կանխվում է անձի հմտությունների կորուստը, մյուս կողմից՝ բարելավվում ընտանիքի եկամուտները:
Հաշվի առնելով ծրագրի մեծ պահանջարկը՝ ՀՀ կառավարության որոշմամբ՝ սահմանվել են ծրագրում ընդգրկվելու որոշակի առաջնահերթություններ:
Ծրագրում, առաջին հերթին, ընդգրկվում են այն անձինք, ովքեր ունեն մինչեւ երկու տարեկան երկու եւ ավելի երեխա կամ երեք եւ ավելի երեխա կամ հաշմանդամություն ունեցող երեխա, ում միջին ամսական աշխատավարձը չի գերազանցել նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը: Նախատեսված առաջնահերթությունների հավասարության դեպքում ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է առավել երկար ժամկետով հաշվառված անձին:
Ծրագրի շրջանակներում երեխայի խնամքը, ծնողների ընտրությամբ, կարող է կազմակերպվել կա՛մ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություններում, կա՛մ դայակի օգնությամբ: Դայակի ընտրությունը իրականացվում է ծրագրում ընդգրկված շահառուի կողմից: Միակ սահմանափակումն այն է, որ դայակը չպետք է հաշվառված լինի շահառուի բնակության վայրում: Ծրագրում ընդգրկված անձին ֆինանսական աջակցությունը տրամադրվում է 11 ամիս ժամկետով ամսական կտրվածքով: Մինչեւ երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար վճարվում է դայակի ամսական վարձատրության 50 տոկոսի չափով գումար, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը:
Համավարակի պատճառով երկրում ստեղծված իրավիճակում, երբ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությունները ստիպված էին դադարեցնել իրենց գործունեությունը, ծրագրի շահառու համարվող անձանց հնարավորություն է տրվել լուծել նախադպրոցական հաստատության հետ կնքված պայմանագիրը եւ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել դայակի հետ:
Նշենք, որ զբաղվածության տարածքային կենտրոններում շարունակվում է աշխատանքի վերադառնալու ցանկություն ունեցող անձանց հաշվառման գործընթացը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այս պահին շահառուներին հասանելի է օժանդակության, ընդհանուր առմամբ, 100 միլիարդ 400 միլիոն դրամ, միջոցառումներից օգտված տնտեսվարողների թիվը կազմում է 51 հազար 800, ֆիզիկական անձանց թիվը գերազանցում է 1,1 միլիոնը:
Ն.Հ.
ՆՈՐ ՇԵՆՔ՝ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Հանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով Երեւանի Ադոնցի փողոցի N19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների եւ ավտոկայանատեղիների վաճառքի կարգը: Կառավարության նիստում նշվեց, որ համալիրի թվով 619 բնակարաններից, սույն որոշմամբ սահմանված կարգով, վաճառքի ենթակա են թվով 345 բնակարան, որոնք այս որոշման մեջ նշված շահառուներին կհանձնվեն 2 փուլով՝ մինչեւ 2023 թվականի ապրիլի 1-ը՝ թվով 200, եւ մինչեւ 2023 թվականի օգոստոսի 1-ը՝ թվով 145 բնակարան:
Բացի այդ, շենքային համալիրի բնակարանների եւ ավտոկայանատեղիների բաշխման ու վաճառքի աշխատանքները ՀՀ անունից կազմակերպելու եւ ղեկավարելու է Քաղաքաշինության կոմիտեն:
Նախագծից տեղեկանում ենք, որ 345 բնակարաններից չբաշխված բնակարանների վերաբերյալ Կոմիտեի կողմից գրավոր տեղեկատվություն ստանալուց հետո Կառուցապատողն իրավունք ունի ինքնուրույն, իր հայեցողությամբ, առանց պետության կամ որեւէ այլ անձի նախնական համաձայնության օտարել այդ չբաշխված բնակարանները։ Հավելենք, որ բնարականների մեկ քմ-ի արժեքը ներքին հարդարմամբ 345 հազար դրամ է, իսկ առանց ներքին հարդարման՝ 310 հազար դրամ: Ավտոկայանատեղիի արժեքը 2,5 մլն դրամ է կազմելու, կանխավճարը 10 տոկոս է, իսկ վարկի մարման ժամկետը մինչեւ 20 տարի է: Վարկի տոկոսադրույքը 10 տոկոս է կազմում, բնակարաններն ու ավտոկայանատեղիները բաշխվելու են վիճակահանությամբ, իսկ ավտոկայանատեղիների ձեռքբերումը կամավոր է: Ավելին, շինարարությունը սկսվելու է մոտ օրերս: Կառավարության նիստում այս նախագծի մասին խոսեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը, որը հայտնեց, որ այս ծրագրի մասով պետությունը որեւէ ֆինանսական պարտավորություն չունի. ,Պետության դերն առավելապես կազմակերպչական եւ վերահսկողական է լինելու: Պետության մասնակցության բաղադրիչը երաշխավորված պահանջարկի ապահովումն է եւ եկամտահարկի վերադարձն է որպես նորակառույց բնակարանի ձեռքբերում: Ծրագրի շահառուները հանրային պաշտոն զբաղեցնող անձինք են, որոնց աշխատավայրը գտնվում է Երեւանում: Շահառու լինելուն կարող են հավակներ նաեւ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության աշխատակիցները, այլ երկրներում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք:
Ն.Պ.
ՄԱՆԱԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ
Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզի սաներից մեկի ընտանիքում կորոնավիրուսի դեպք է հաստատվել, ինչից հետո խումբը փակվել է: ՀՀ կրթության տեսչական մարմնի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երեխան այդ ընթացքում հաճախել է մանկապարտեզ, շփում ունեցել խմբի 15 երեխայի հետ: Տեսչական մարմինը երեկ ստուգում է արել մանկապարտեզում, պատրաստվում է պարետատանը առաջարկել որոշ ժամանակով կասեցնել մանկապարտեզի գործունեությունը: Այնուամենայնիվ, տեսչական մարմնից հայտնել են, որ տվյալ խմբի երեխաներն ու դաստիարակները երեկ արդեն մանկապարտեզ չեն հաճախել:
Ի դեպ, նշենք, որ Երեւանի թիվ 24 մանկապարտեզում, որ, պարետի որոշմամբ, մայիսի 16-ից 7 օրով փակվել է, աշխատակիցներից մեկը վարակակրի կոնտակտավոր է եղել: Մանկապարտեզը երկուշաբթի օրվանից գտնվել է մեկուսացման ռեժիմում: Հիշեցնենք, որ պարետի որոշմամբ նախօրեից մեկ օրով էլ արգելվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի ,Երեւանի հ. 122 մանկապարտեզե ՀՈԱԿ-ի գործունեությունը:
ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶՈՒՄ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2020թ. մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին ստորագրված, Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասինե նամակ-համաձայնագրին:
Հարցը զեկուցող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի փոխանցմամբ՝ անցյալ տարեվերջին բոլոր կանխատեսումներով ավելի քան 170 երկրներում ենթադրվում էր աճ, մինչդեռ ապրիլին վերանայված կանխատեսումների համաձայն՝ գնահատվում է, որ այդ երկրներում կլինի անկում, համաշխարհային տնտեսության մոտ 3,5 տոկոս անկման ցուցանիշ է կանխատեսվել: Հետեւաբար այս իրավիճակը չի կարող իր ազդեցությունը չունենալ նաեւ բյուջետային ցուցանիշների վրա: Ենթադրվում է, որ անկումը կհանգեցնի հարկային եկամուտների նվազման, ինչն էլ իր հերթին կհանգեցնի դեֆիցիտի մեծացման ծախսերի գրեթե նույն մակարդակը պահպանելու դեպքում: Դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ է փոխառու միջոցների ներգրավում, հետեւաբար դա ավտոմատ կհանգեցնի պարտքի աճիե,- ասել է նա:
Նախարարի խոսքով՝ այս ամբողջ ընթացքում իրենք մենակ չեն եղել իրենց խնդիրների հետ. ,Մեզ ուղեկցել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ներդրումային հանրույթը եւ պատրաստակամություն ունեն անհրաժեշտության դեպքում նաեւ փոխառու միջոցներ տրամադրել,- ասել նա: