«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո բոլոր գերատեսչությունները գնացին ծառայողական ավտոմեքենաները կրճատելու ճանապարհով, սակայն Երեւանի քաղաքապետարանում առաջիկայում նախատեսվում են փոխել մեծ թվով մեքենաներ, եւ պատճառաբանվելու են, թե դրանք հին են, ու վերանորոգելու փոխարեն ճիշտ կլինի թարմացնել դրանք: Այլ կերպ ասած, քաղաքապետարանը շեղվել է հեղափոխական բարքերից: Արդեն հայտնի է, որ 9.9 մլն դրամ նախատեսվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի՝ Միքայել Թումասյանի համար ծառայողական ավտոմեքենա գնելու նպատակով: Երեկ խորհրդարանում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը այս անհրաժեշտությունը պարզաբանեց հետեւյալ կերպ. թաղապետն իր անձնական ավտոմեքենան էր օգտագործում մինչ այժմ, որը վթարվել է, եւ հարմար ավտոմեքենա չեն գտել մինչեւ այժմ, որ տան պաշտոնյային:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետի կողմից համապատասխան որոշումը կայացվել է վերջերս`հունիսի 5-ին, եւ այդ գումարը հատկացվել է քաղաքի բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով: Եւ, որպես վերաբաշխման հիմնավորում, քաղաքապետը ներկայացրել է, թե հաշվի են առել Արաբկիր, Դավթաշեն, Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարների գրությունները: Իսկ ի՞նչ գրությունների մասին է խոսքը. ուսումնասիրելով փաստաթղթերը՝ տեղեկացանք, որ վերաբաշխում է կատարվել բազմաթիվ ոլորտներում՝ հանգստի, սպորտի ծառայություններ, զբոսաշրջություն, կոմունալ ծառայություններ եւ այլն: Ստացվում է` մյուս թաղապետերի ծախսերի վերաբաշխումից օգտվել է Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարը: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ծառայողական ավտոմեքենան 2019թ. հոկտեմբերի 1-ից հանվել է աճուրդի, մեկնարկային գինը 7 մլն դրամ է, սակայն մինչեւ այժմ գնորդ չկա»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։