«Փաստ» թերթը գրում է. «Օրերս խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով իշխանությունները պատրաստվում են իրենց համար էլ ավելի կոմֆորտ իրավիճակ ստեղծել։
Չնայած նախագծի մեջ ոչ մի հստակ ու կոնկրետ իրավակարգավորում չի ներկայացվում, թե ինչ նպատակով է կատարվում փոփոխությունը, սակայն խորհրդարանում տեղի ունեցած քննարկումն ուրվագծեց, թե իրականում ինչի մասին է խոսքը, եւ որն է պատճառը, որ նման փոփոխություն է կատարվում օրենքում, այն էլ՝ «ափալ-թափալ» ռեժիմով։
Թերթի հետ զրույցում մի շարք փորձագետներ կարծիք են հայտնել, որ այս փոփոխությանն իշխանությունը ձեռնամուխ է եղել առաջիկայում ՍԴ դատավորների առաջադրման փուլում ավելորդ խնդիրների մեջ չհայտնվելու նպատակով։ Ինչպես հայտնի է, ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակում «հստակություն» մտցնելու գործընթացը իշխանությունների համար, կարծես թե, որոշակիանում է՝ առաջին փուլում դեռեւս երեքին թոշակի ուղարկելու գործիքակազմը կիրառելու տեսակետից։
Իշխանությունները հույս ունեն, որ այդ գործընթացը տեղի կունենա ամառվա ընթացքում, ինչից հետո ՍԴ անդամ նշանակելու անհրաժեշտություն է առաջանալու։ Իսկ ԱԺ կանոնակարգում նման հրատապ ռեժիմով փոփոխություններ կատարելու նպատակն այն է, որ օրենքի ուժով հրավիրվի ԱԺ նիստ, թեկուզ խորհրդարանը գտնվի արձակուրդում։
Ճիշտ է, իշխանության ներկայացուցիչները ջանասիրությամբ ԱԺ քննարկման ժամանակ փորձում էին այս հանգամանքը «հերքել», սակայն քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում առկա է համոզմունք, որ հենց այդ (ավելի ստույգ՝ նաեւ այդ) նպատակով է արվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։