Նախորդ իշխանությունների օրոք հենց Ազգային ժողովի դահլիճում մենք կորցրինք մեր առաջնորդին. Սասուն Միքայելյանը հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ երկրապահներ, ազատամարտիկներ,

ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը ստեղծվել է պատերազմի բովում, ստեղծվել է, որպեսզի պաշտպանի մեր երկրի սահմանները, մեր պետականությունը, մեր պետության անդորրը: Գրեթե երեսուն տարի առաջ ծնունդ առած այս կազմակերպության հիմնական նպատակն ու դիրքորոշումը մեկն է ու այն անքննելի է` Երկրապահը երկիր ստեղծող, երկիր պահող ու շենացնող է:
Ես իմ հայտարարություններում, հարցազրույցներում, եւ առհասարակ միշտ կրկնում եմ, որ մենք ծառայում ենք մեր հայրենիքին, մենք մեր ժողովրդի, մեր բանակի կողքին ենք: Ժողովրդի ծոցից ծնված ԵՐԿՐԱՊԱՀԸ կարող է լինել միայն ժողովրդի կողքին: Երկրապահը պահել ու պահելու է ժողովրդի ներքին եւ արտաքին անվտանգությունը:

Նախորդ իշխանությունների օրոք հենց ազգային ժողովի դահլիճում մենք կորցրեցինք մեր առաջնորդին: Նախորդ իշխանության վերադարձի, նախորդ ամեն ինչի մասին խոսելն արդեն իսկ անիմաստ է:

ԵԿՄ հիմնադիր, հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի հայրենասիրությունն անսահման էր, նա հավատում էր, որ 21-րդ դարը մերն է լինելու: Մենք պարզապես պարտավոր ենք շարունակելու նրա գործը՝ պահպանելով այն գաղափարախոսությունը, որ երկրապահը բանակի հիմքն ու հիմնաքարն է՝ եղել է ու կլինի բանակի կողքին, երկրապահը ժողովուրդն է, այն ժողովուրդը, որը իր մեջ ուժ գտավ, վերջապես ծնկի բերեց մեր դարավոր թշնամուն եւ ազատագրեց Արցախ աշխարհը:

Ես հորդորում եւ կոչ եմ անում ԵԿՄ վարչության եւ ԵԿՄ բոլոր անդամներին զերծ մնալ այնպիսի հրապարակային հայտարարություններից, որոնք չեն արտահայտում Երկրապահ կամավորականների միության դիրքորոշումը կամ հակասում են գաղափարախոսությանը: Հարկ եմ համարում շեշտել՝ այսուհետ վարչության հետ չհամաձայնեցված հայտարարություններ տարածելուց եւ/կամ երկրապահի անունն անտեղի շահարկելուց այդ անձանց հարցը կդրվի վարչության նիստում: ԵԿՄ-ն կիսառազմական կառույց է, եւ մեր բոլոր նախաձեռնությունները կիրականացվեն ըստ ԵԿՄ կանոնադրության:

Համավարակի այս օրերին առավել կարեւոր է մեր բոլորի ջանքերի մեկտեղումը: Քաղաքական հաշիվներից բխող յուրաքանչյուր քայլի արդյունքում մենք կունենանք թե՛ ներքին քաղաքական ձախողումներ, թե՛ նաեւ արտաքին քաղաքական: Իսկ դա արդեն Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է եւ Հայաստանի շահերի դեմ է, ուստի Երկրապահը չի կարող ներգրավված լինել դրա մեջ։
Եվ ի վերջո չմոռանանք, որ մենք ունենք թշնամի, որն առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ է ոտնձգություն իրականացնել, որ մենք ամեն վայրկյան կարող ենք առերսվել նոր պատերազմի:

Հիմա առավել քան երբեւէ մենք պարտավոր ենք լինել համախմբված:




Լրահոս