Ռուսական կողմի նոր առաջարկն անընդունելի է եղել. հայկական կողմը հրաժարվեց վարկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության որոշմամբ կթողարկվեն պարտատոմսեր Հայաստանի Ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման հետագա ֆինանսավորումն իրականացնելու նպատակով: Ընդ որում, «Ռոսատոմը» կշարունակի հանդես գալ նախագծի գլխավոր կապալառուի դերում, եւ կկատարի բոլոր նախատեսված աշխատանքները՝ արդեն ստորագրված համաձայնագրերի շրջանակներում:

Հիշեցնենք, որ 270 մլն դոլարի վարկն ու 30 մլն դոլարի դրամաշնորհը տրամադրվել է ՌԴ կառավարության կողմից՝ 15 տարի ժամկետով՝ առաջին երեք տարիներին վճարումների արտոնյալ ժամանակահատվածով: Այդ ժամկետը լրացել է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։  Ընդ որում, վճարումների գծով տարեկան տոկոսադրույքը կազմում է 3%:

Նշենք, որ երկու օր առաջ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ Հայաստանը հրաժարվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի երկարաձգման ծրագրի իրականացման համար տրամադրված ռուսական վարկի մնացած մասից ։  Նրա խոսքով ՝ այս փուլում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել բլոկում։ Սակայն, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով նոր իշխանությունները հերթական անգամ ժառանգեցին արդեն ուշացած ծրագիր։ Ակնհայտ են ժամկետների առումով լուրջ ուշացումներ։ Վերջին տարին ակտիվորեն քննարկվում էր վարկի մարման ժամկետների երկարաձգման և նոր, արտոնյալ ժամկետի տրամադրման հարցը, սակայն դա տեղի չունեցավ։ Այդպիսով, ինչպես նշել է նախարարը, հայկական կողմը հրաժարվել է այդ վարկից եւ կներգրավի իր սեփական ռեսուրսները:

Կառավարության որոշումն այսօր ընդունվեց առանց քննարկման ու ներկայացման, միաձայն: Նախագծից պարզ է դառնում, որ հայկական կողմի համար անընդունելի են եղել ՀՀ ֆինանսների նախարարության հարցմանն ի պատասխան 2020թ. փետրվարին ՌԴ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված նոր պայմաններերը: Մասնավորապես՝ վերանորոգման ավարտի ժամկետը երկու տարով երկարաձգման վերաբերյալ նոր արձանագրությունը՝ խստացված պայմաններով։

«Արձանագրությամբ առաջարկվում էր, որ վարկի 80 %-ը պետք է ուղղվի ռուսական ընկերություններից ձեռքբերումներին , ինչպես նաև նախատեսվում էր կիրառել միջանկյալ կոմիսիոն վճար՝ 2020թ. համար նախատեսված վարկի չօգտագործված գումարի 1 %-ի չափով: Նշված մոտեցումը մոնոպոլ դիրք է ձևավորում ռուսական արտադրողների և ծառայություններ մատուցողների համար, սահմանափակում է որակյալ և զգալիորեն ավելի ցածր գներով ապրանքներ ևծառայություններ ձեռքբերելու պատվիրատուի հնարավորությունները, ինչպես նաև հայկական կազմակերպությունների ներգրավումը»,- ասված էր որոշման հիմնավորման մեջ:

«Գնահատելով ռուսական կողմի առաջարկը՝ ծրագրի հաջող ավարտի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կազմում են մոտ 163 մլն ԱՄՆ դոլար, չնայած նրան, որ վարկի մնացորդը 107 մլն ԱՄՆ դոլար է, այսինքն` բացի վարկից մոտ 56 մլն ԱՄՆ դոլարի միջոցներ պետք է ներգրավվեր հայկական կողմից ծրագիրն ավարտին հասցնելու համար»,- նշված է որոշման մեջ:

Իսկ ռուսական վարկի փոխարեն կառավարությունն առաջարկում է 2020-2022թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից տրամադրել 63,2 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով բյուջետային վարկ: Այս որոշումն այսօր ևս արդեն ընդունվեց կառավարության նիստում:

«Երկար տարիներ ՀԱԷԿ-ը եղել է մի օբյեկտ, որից ավելի շատ վերցրել են, քան տվել են՝ ամենատարբեր կոնտեքստներով, տարբեր պատճառներով: Եվ մենք կոնկրետ խնդիր ունենք ատոմակայանի արդյունավետությունը բարձրացնելու: Սա ոչ միայն կառավարման, այլև էներգետիկ արդյունավետության բարձրացման խնդիր է: Մենք հստակ խնդիր ենք ձևակերպել նախարարի առաջ, և այդ խնդիրը միանշանակ պետք է կատարվի»,- նախագծի քննարկման ժամանակ նկատեց Փաշինյանը:

Ն.Հ.




Լրահոս