7 հողամաս, 2 առանձնատուն. Արթուր Դավթյանի և կնոջ ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը 2019 թվականի դրությամբ ունի 2 անհատական բնակելի տուն և երկու հողամաս: ArmLur.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած տվյալներից տեղեկացավ, որ 2017 թվականին դատախազը Երևանի Աջափնյակ վարչական շրջանում անհատական բնակելի տուն է ձեռք բերել՝ բաժնային սեփականությամբ: Սա հենց այն առանձնատունն է, որի հարցը խորհրդարանում բարձրաձայնել էր նաև պատգամավոր Արման Բաբաջանյանը և հետաքրքրվել, թե որտեղից պետական պաշտոնյային այդպիսի շքեղ առանձնատուն: Իսկ ArmLur.am-ն դատախազից հետաքրքրել էր, թե արդյոք ապօրինի գույքի վերադարձման և ստուգման գործընթացը չպետք է սկսի հենց իրենից:

Ինչևէ, բացի այս առանձնատնից Դավթյանն ունի համատեղ սեփականությամբ երկու հողամաս՝ ձեռք բերված դեռ 1191 թվականին՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում և անհատական բնակելի տուն՝ կրկին նույն վայրում և ձեռք բերված արդեն 2003 թվականին:  Տրանսպորտային միջոցների մասին որևէ տեղեկություն առկա չէ. այսինքն հայտարարագրի համաձայն, Արթուր Դավթյանը չունի սեփական ավտոմեքենա և ոչ էլ ձեռք է բերել նախորդ տարի:

Հայտարարագրի համաձայն, Արթուր Դավթյանը 2019 թվականի սկզբում ունեցել է 6 մլն 629 հազար դրամ գումար, որն արդեն տարեվերջին դարձել է 5 մլն 812 հազար դրամ: Խոսքը բանկային հաշիվների մասին է, իսկ ահա կանխիկ գումարը տարվա սկզբին եղել է 1 մլն 370 հազար դրամ, իսկ տարվա վերջում 5 մլն 800 հազար դրամ:  Իսկ ահա եկամտի պարագայում պատկերն այսպիսին է. 16 մլն դրամ նա վաստակել է որպես գլխավոր դատախազ աշխատելու ժամանակ, 43 հազար Երևանի Պետական համալսարանից՝ որպես աշխատանքի վարձատրություն և 2 մլն դրամից ավել գումար էլ Պետական եկամուտների կոմիտեից:

Նրա կինը՝ Անի Դավթյանը, ունի համատեղ սեփականության հինգ հողամաս կրկին Հոռոմում: Բանկային հաշվի մնացորդը տարեվերջին կազմել է 96 հազար դրամ, իսկ կանխիկ գումարը՝ 3 մլն դրամ:  Երևանի պետական համալսարանից որպես աշխատանքի վարձատրություն նա ստացել է 754 հազար դրամ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս