Եվրախորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ: Պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի մասով ԵԽ մշտական զեկուցող Տրայան Բեսեսկուի և Ադրբեջանի մասով ԵԽ մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի՝ հունիսի 10-ին ներկայացված համատեղ հայտարարության մեջ նշված է․
«Շուտով մեկնարկելու է անցյալ տարի հայտարարված՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն իրար կապող երրորդ մայրուղու շինարարությունը: Այս նոր ճանապարհային ենթակառուցվածքը Կապանը (ՀՀ) կկապի Հադրութի հետ (ԼՂ)՝ անցնելով Գուբադլիի և Ջաբրայիլի շրջանների միջով, որոնք ևս օկուպացված են:
Որպես կանոն՝ մենք աջակցում ենք նախագծերը, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, կապերի հաստատմանը և Արևելյան հարևանության մարդկանց միջև շփմանը: Սակայն, այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու իշխանությունների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ: Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի և դրա շրջակա տարածքների ապօրինի օկուպացումը:
Ուստի, մենք խորը ափսոսանք ենք հայտնում այս նախաձեռնության կապակցությամբ, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Մենք կրկնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց՝ 2009-ին ընդունված Հիմնարար սկզբունքներին մեր անփոփոխ աջակցության մասին:
Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները՝ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»: