Կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում իրականացնելով պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր՝ 11.06.2020թ, 24 ժամով կասեցրել է մոտ հինգ տասնյակ տնտեսավարողների աշխատանքը:
ՍԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերի արդյունքում՝ մանրածախ ու մեծածախ իրացման ցանցերում, արտադրություններում ու հանրային սննդի օբյեկտներում հայտնաբերված հիմնական խախտումներն են անձնակազմի դիմակ եւ ձեռնոցներ չկրելը կամ ոչ ճիշտ կրելը, հաճախորդների մուտքը օբյեկտ առանց ջերմաչափելու թույլ տալը, ջերմաչափման եւ ախտահանման վերաբերյալ գրանցամատյանների չվարելը կամ թերի վարելը, մուտքերի մոտ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղերի բացակայությունը եւ ամենատարածվածը՝ սեղանների եւ, նաեւ իրացման ցանցերում, անձանց սոցիալական հեռավորությունը չապահովելը:
Այսօր Արարատի մարզի Մասիս քաղաքի խանութներից մեկում աշխատող շաքարային դիաբեթ ունեցող քաղաքացուն տեղեկացվել-զգուշացվել է, որ ինքը գտնվում է վարակման մեծ ռիսկի գոտում, խորհուրդ է տրվել հնարավորինս զերծ մնալ այլ անձանց հետ շփումներից, առավելապես մնալ տանը:
Շարունակվել են նաեւ խստացված մշտադիտարկումները հանրապետության ողջ տարածքում: Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսավարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը, տրամադրում խորհրդատվություն, տալիս ցուցումներ, հետամուտ լինում դրանց կատարմանը: