
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին աշխատանքային
ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների
խստացմանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետական նախարար, հանրապետության պարետ Գրիգորի
Մարտիրոսյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանը, ԱԺ
պատգամավորներ, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, շրջանային վարչակազմերի
ղեկավարները և պաշտոնատար այլ անձինք:
Իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել առողջապահության նախարարի
պաշտոնակատարը: Ա. Բաղրյանի խոսքով՝ վերջին օրերին հանրապետությունում համավարակի տարածման
ինտենսիվությունն աճել է:
Ելույթներով հանդես են եկել նաև պարետ Գրիգորի Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավորներ,
շահագրգիռ մարմինների ղեկավարներ:
Երկրի ղեկավարը հանձնարարել է ավելի խստացնել կիրառվող ընթացակարգերը՝ պահանջելով
հետևողական լինել ընդունված որոշումների իրականացման հարցերում: Նախագահը հանձնարարել է նաև
առողջապահության ոլորտի պատասխանատուների ներգրավմամբ ստեղծել մասնագիտական խումբ, որն
անմիջականորեն կզբաղվի համավարակի դեմ պայքարի աշխատանքներով: