Կորոնավիրուս համավարակն, ինչպես բոլորի, այնպես մեր կյանքի վրա նույնն ազդեցությունն է թողել, այսինքն նույն անհարմարությունները ,դժվարությունները բոլորի հետ միասին մենք նույնպես կրում ենք: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է դերասան, հումորիստ Գրիգ Գեւորգյանը` անդրադառնալով կորոնավիրուսի համաշխարհային համաճարակին ու նրա ազդեցությանը մարդկային կյանքի որակի վրա:
«Իրականում շատ դժվար է այսպես ապրելը, բայց հավատում ենք, որ շուտով այս ամեն ինչը կկարգավորվի, եւ ուրիշ տարբերակ էլ չունենք: Մարդիկ կան, որ չեն հավատում, բայց ես ավելի լավատես եմ եւ հավատում եմ, որ շատ շուտով այս համաճարակին կհաղթահարենք»,-ընդգծում է մեր զրուցակիցը:
Իսկ ինչ վերաբերվում է անվտագության կանոնների պարտադիր պահպանմանն ու պաշտպանիչ դիմակներ կրելուն , դերասանը նշում է, որ դեռեւս մարտ ամսից նա եւ իր կինը` պարուհի Սոնա Եսայանը, հետեւել են անվտանգության բոլոր կանոններին:
«Դեռ կարանտինը չէր հայտարարվել, արդեն մենք մնում էինք տանը, եւ դուրս էինք գալիս միայն շատ խիստ անհրաժեշտության դեպքում: Հիմա էլ բացառություն չէ, կրում ենք դիմակներ եւ մաքսիմալ ձեւով պահպանում ենք անվտանգության կանոնները: Եվ ցանկացած բան, որ մտնում է մեր տուն դրսից, ապա այն միանգամից ախտահանվում է»,-հավելում է Գրիգ Գեւորգյանը:
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 566 -ով՝ հասնելով 14669-ի, իսկ մահերի թիվը` 18-ն են:
Լիդա Եղիազարյան