Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր բերքահավաքին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
Խորհրդակցությանը մասնակցել են գյուղատնտեսության, տարածքային կառավարման ու զարգացման նախարարները, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենը և շրջվարչակազմերի ղեկավարները:
Ըստ աղբյուրի՝ զեկույց է ներկայացրել գյուղնախարար Աշոտ Բախշիյանը: Նա նշել է, որ 2020 թ. բերքի տակ մշակվել է ավելի քան 88 հազար հեկտար տարածք: Մշակված ավելի քան 70 հազար հեկտարի վրա ցանվել է աշնանացան հացահատիկ, իսկ 17 հազար հեկտարի վրա՝ գարնանացան տարբեր մշակաբույսերի ցանքսեր: «Այս պահի դրությամբ կատարվել է 7090 հա ցանքս՝ հեկտարից միջինը 16,8 ցենտներ բերքատվությամբ: Դաշտերում հացահատիկահավաք կոմբայնների և մեքենաների խնդիր չկա: Գարու գինը մեկ կիլոգրամի դիմաց գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում սահմանված է 100 իսկ պարտավորությունների դիմաց 105 դրամ, որը երկու դեպքում էլ նախորդ տարվա համեմատ ավելի է 5 դրամով»,- ասել է Ա. Բախշիյանը:
ԱԻ պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի զեկուցման համաձայն՝ դաշտերում բոլոր անհրաժեշտ հատվածներում տեղադրված են հրշեջ կետեր, որոնք շուրջօրյա հերթապահություն են իրականացնում: Բոլոր հերթապահ խմբերն, ըստ Սարգսյանի, ապահովված են անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՀ նախագահը դրական է գնահատել բերքահավաքի կազմակերպման մեկնարկային փուլի աշխատանքները և այն պատշաճ շարունակելու համար տվել է հանձնարարականներ: Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգը, կարճ ժամանակահատվածում պետք է ստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի հնձի աշխատանքում ներգրավված բոլոր անձինք խիստ կերպով հետևեն սահմանված կանոններին: