Պաշտոնյաներն իրենց 2019 թվականի տարեկան հայտարարագիրն արդեն ներկայացրել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հետաքրքիր է, որ գործող իշխանությունների կազմում կան պաշտոնյաներ, որոնք բիթքոիններ ունեն:
Նախ նշենք, որ բիթքոինը առաջին թվային արժույթն է, որի գործունեությունը դեռ նախագծման փուլում նախատեսվում էր հիմնել ապակենտրոնացվածության սկզբունքի շահագործման վրա։ Նրա հիմնական առավելությունն այն է, որ գործարքները անանուն են և իրականացվում են անմիջապես առանց միջնորդների: Բիթքոինի գինը շատ փոփոխական է՝ հաշվի առնելով, որ 2013 թ սկզբին գինը մոտ 10-15$ էր և նույն թվականի վերջին այն հասավ 1163$-ի: Հաջորդ 18 ամիսների ընթացքում գինը իջավ 200$-ի: 2016 թ այն բավականին մեծ տարածում գտավ Չինաստանում, երբ պետական արժույթը արժեզրկվեց: Այն հասավ 1140$: Վերջնական բումը եղավ 2017թ վերջին, երբ Բիթքոինի գինը հասավ 20000$-ի: Այս պահին 1 բիքթոինի արժեքը մոտ 9300 դոլար է:
Այսպիսով, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր հայտարարագրում ներկայացրել է 2014 թվականին նվիրատվություն ստացած ավտոտնակը՝ Կենտրոն վարչական շրջանում, որի սեփականատերն ինքն է: Ավինյանը հայտարարագրել է նաև 2 Բիթքոին, որը այս պահին կազմում է ավելի քան 19 հզր դոլար:
Իր հայտարարագրում բիքթոին է հայտարարագրել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Նախ նշենք, որ այս պահի դրությամբ նա ունի երկու տրանսպորտային միջոց, որից մեկը՝ Lexus-ը ձեռք է բերել 2019 թվականին՝ 19 հազար դոլարով: Նա ունի նաև բնակելի տուն Արաբկիր համայնքում: Եվ ահա, պատգամավորը հայտարարագրել է նաև բիթքոին՝ 3400 դոլարի չափով: Պատգամավորն ArmLur.am-ի հետ զրույցում մեկնաբանեց, թե ինչպես և երբ է այն ձեռք բերել: «Դեռևս 2017 թվականից ընկերներով գնել ենք բիթքոին արդադրող սարքավորումներ: 2017- ին շատ տարածված և գրավիչ էր այդ ճանապարհով գումար վաստակելը: Մինչ այժմ էլ այդ սարքավորումները միացրած են և աշխատում են: Բիթքոինի կուրսը փոփոխական է. այս պահին 1 բիթքոինը 9300 դոլլարի սահմաններում է: Նախկինում հայտարարագիր լրացնելիս նման բաժին չկար. սա առաջին տարին է որ նման բաժին է հայտնվել և ես լրացրել եմ այն՝ այդ պահին նայելով շուկայական արժեքը և վերածելով դոլլարի», – նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.