Այսօր տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվելու է արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին հարցը: Նախագծում մի քանի փոփոխություններ են կատարվել. օրինակ այժմ նախագծի 17-րդ կետում սահմանված է, որ Պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Այժմ այդ կետում փոփոխություններ են կատարվելու և պարետի որոշմամբ սահմանված տարածքներ բառերը փոխարինվելու են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում բառերով:
Սույն կետի իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները.
- համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները.
- ժամանցային միջոցառումները.
- տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները.
- պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ:
Բացի այդ, նախատեսվում է, որ կառավարության կողմից որպես աջակցություն ստացած դրամական միջոցների վրա արգելանք չի կարող դրվել: Մասնավորապես, այսպիսի դրույթ է սահմանվում. «Ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից իր հետ աշխատանքային կամ այլ պայմանագրային հարաբերություններում չգտնվող ֆիզիկական անձին որպես աջակցություն տրամադրված դրամական միջոցների վրա արգելանք դնելու կամ բռնագանձում տարածելու լիազորությունը: Սույն ենթակետի իմաստով աջակցություն են համարվում այն դրամական միջոցները, որոնք տրամադրվել են 2020 թվականի մարտի 16-ից հետո` անհատույց կերպով` կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջացումը կանխարգելելու կամ կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու (հաղթահարելու) համար: Սույն ենթակետում նշված դրամական միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ հիմք ընդունելով աջակցության շահառուների շրջանակի որոշման գործընթացում ներգրավված պետական մարմնից կամ աջակցություն տրամադրող անձից ստացված տեղեկատվությունը՝ աջակցության նպատակի, շահառուների շրջանակի, աջակցություն տրամադրողի, ինչպես նաև այն հաշվեհամարի վերաբերյալ, որից փոխանցվել (փոխանցվելու) են դրամական միջոցները:»
Ն.Հ.