2020թ. հունիսի 6-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի 4
աշխատակիցներ վիճաբանության ահազանգով մեկնել են Երևան քաղաքի Նոր-Արեշ 11-րդ փողոցի 133-րդ հասցե,
որտեղ նույն հասցեի 52-ամյա բնակիչը՝ որը նախկինում եղել է ոստիկանության աշխատակից, գտնվելով ալկոհոլի
ազդեցության տակ վիճաբանել է իր տան մուտքի դիմաց ավտոմեքենան կայանած վարորդի հետ: Նկատելով
ոստիկանության աշխատակիցներին 52-ամյա տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին, չի ենթարկվել
վերջիններիս օրինական պահանջներին, քաշել և վնասել է ոստիկաններից մեկի համազգեստը, ձեռքով հարվածներ
հասցրել նրանց դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի
(իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի
նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և
Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
Ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանները ճանաչվել են տուժող, վերջիններիս
վերաբերյալ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 52-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝
ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք առերևույթ կատարելու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է։