Կարո Փայլանը՝ Էրդողանին հաղթելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) փոխնախագահ, մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը թուրքական «T24» լրատվական կայքին տված հարցազրույցում խոսել է ԺԴԿ-ի կողմից նախաձեռնվող քայլարշավի, պատգամավորների ձերբակալությունների ու այլ թեմաների մասին, գրում է Ermenihaber-ը։

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ իշխանությունները կարգելեն քրդամետ կուսակցության կազմակերպելիք քայլերթը՝ հայ պատգամավորը նշել է, որ դա խտրականություն կլինի ԺԴԿ-ի նկատմամբ, քանի որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Քեմալ Քըլըչդարօղլուն (գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ-խմբ․) ու Դևլեթ Բահչելին («Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ-խմբ․) իրենց ուզած ժամանակ իրենց ուզած ուղղությամբ քայլել են։

Փայլանը պատասխանել է նաև ընտրական օրենսգիրքը փոփոխելու ու այդպիսով փոքր ընդդիմադիր կուսակցությունների համար խորհրդարան մտնելու ճանապարհին խնդիրներ ստեղծելու իշխանությունների նախաձեռնությունների մասին հարցին։ Հայ պատգամավորը նշել է, որ իրենք չեն վախենում այդ փոփոխություններից, քանի որ ԺԴԿ-ն միշտ էլ կարողացել է հաղթահարել ընտրական շեմը և մտնել մեջլիս։

«ԺԴԿ-ին միշտ էլ հաջողվել է մտնել խորհրդարան։ Առանց ԺԴԿ-ի ոչ ոք չի կարող հաղթել Էրդողանին։ ԺԴԿ-ի դեմ արածների մեկ հազարերորդական մասը եթե այլ կուսակցության դեմ արած լինեին, չէր կարողանա որտքի վրա կանգնել։ Սակայն մենք շատ պինդ կանգնած ենք ոտքի վրա»։




Լրահոս