Արցախի ԱԺ-ն անդրադարձել է ԵԽ-ում Հայաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողների հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել Եվրախորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողների և պատվիրակության ղեկավարի հունիսի 10-ին հնչեցրած համատեղ հայտարարության վերաբերյալ, որն առնչվում է Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող նոր մայրուղու կառուցմանը։

ԱՀ ԱԺ խմբակցությունների հայտարարության մեջ նշված է. «Մենք մեծապես կարևորում ենք աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության համար ձեռնարկվող քայլերը և Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող նոր ճանապարհի կառուցումով, նորից վերահաստատում մեր աջակցությունը նմանօրինակ ջանքերին:

Վերահաստատում ենք նաև Արցախի Հանրապետության հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և կարևորում բանակցային գործընթացի բոլոր փուլերին պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը:

Միևնույն ժամանակ փաստում ենք, որ Եվրախորհրդարանի երեք պատգամավորների վերոհիշյալ հայտարարությունը խիստ սուբյեկտիվ և կողմնակալ է իր բնույթով, իսկ նման մոտեցումները, ինչպես ցույց է տվել փորձը, միշտ էլ բացասական ազդեցություն են թողել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված ջանքերին, որոնց ուղղությամբ տարիներ շարունակ իրենց գործունեությունն են իրականացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները:

Վերոհիշյալ պատգամավորների սուբյեկտիվ մոտեցման մասին վկայում է նաև այն, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությունը նրանց կողմից երբևիցե չի արժանացել ոչ մի արձագանքի:

Կոչ ենք անում խորհրդարանական կառույցներին, հասարակական ու քաղաքական գործիչներին դատապարտել ցանկացած նմանօրինակ քայլ՝ խստիվ հետևելով միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին»:

Հայտարարությունն ստորագրել են Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք- ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ն անդրադարձել է թեմային` գրելով, որ Եվրախորհրդարանի պատգամավորները հունիսի 11-ին համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ




Լրահոս