Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում զերծ մնալ Սևանա լճում մանրաձուկ որսալուց, քանի որ այս պահին ընթանում են համալիր միջոցառումներ՝ Սևանա լճում ձկնապաշարների վերականգնման և կենսապաշարի օգտագործման կանոնակարգման վերաբերյալ։
Նախարարությունը նաև հորդորում է ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիներին խուսափել դեռևս հասունացման շրջանում գտնվող ձկներ որսալուց, թույլ տալ դրանց զարգանալ, քանի որ տարիքային այդ խմբի ձուկը՝ մանրաձուկը լճի ձկնապաշարների վերականգնման կարևորագույն օղակն է։
«Մեր համաքաղաքացիներին հորդորում ենք չգնել ձկնագողերի կողմից վաճառվող մանրաձուկը՝ միջնորդավորված կերպով չխթանել մանրաձկան որսին։ Ձկան ապօրինի որսը լճից կարող է ունենալ անդառնալի հետևանքներ։
Տեղեկացնում ենք նաև, որ Սևանա լճում ձկնապաշարների վերականգնման նպատակով 2019 թվականի նոյեմբերի 20-ին Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի՝ 22.5 գրամ միջին զանգվածի և 40 հազար գեղարքունի ենթատեսակի՝ 3.5 գրամ միջին զանգվածի մանրաձուկ:
Այդ աշխատանքները նպատակ ունեն բարելավել Սևանա լճի ավազանի էկոլոգիական վիճակը, ապահովել Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների` գեղարքունի և ամառային իշխանի բնական վերարտադրությունը։
Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում խնայողաբար մոտենալ լճի ձկնապաշարներին, հատկապես համավարակի այս օրհասական շրջանում, երբ առանձնակի կարևոր էերկրի պարենային ռազմավարական պաշար հանդիսացող օբյեկտների՝ տվյալ դեպքում Սևանա լճի ձկնապաշարի խնայողաբար օգտագործումը։
Այս պահին նախարարության կողմից շրջանառվում է օրենսդրական նախագիծ, որի ընդունման դեպքում կսահմանվեն Սևանա լճում ձկան արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները ևարդյունագործական որսի որակի բնութագրերը, համաձայն ինչի կկիրառվեն բազմաթիվ սահմանափակումներ ձկնագողության դեպքերը նվազագույնի հասցնելու և լճի կենսաբազմազանությունը վերականգնելու ուղղությամբ։
Այդ նպատակով սահմանվել են.
1. արդյունագործական որսի ենթական տեսակը,
2. օգտագործման ենթակա չափաքանակը,
3. ձկնորսության համար թույլատրելի քաշը միավորի համար (գրամ)
4. ձկնորսական լողամիջոցների մուտքի և ելքի տեղամասերը, թվով 17 տեղամաս,
5. ձկների ձվադրման ժամանակահատվածը,
6. որսը օրվա ցերեկային ժամերին կազմակերպելու պահանջ և այլն։
Պահպանենք Սևանը՝ այն գալիք սերունդների փոխանցելու գաղափարով, փրկենք լճի կենսաբազմազանությունը, զերծ պահենք բնության բացառիկ նմուշը ոչնչացումից՝ միասի՛ն»,- ասվում է հայտարարության մեջ։