«Ժողովուրդ» օրաթերթը սիրված երգչուհի Քրիստինե Պեպելյանից հետաքրքրվել է, թե ինչպես է հաղթահարում համաշխարհային տարածում ունեցող կորոնավիրուս համավարակը, որն է երգչուհու փիլիսոփայությունն այս օրերին:
-Քրիստինե´, Դուք, լինելով շատ զգացմունքային, էմոցիոնալ դաշտ ունեցող անձնավորություն, ինչպե՞ս եք ինքներդ Ձեր մեջ հաղթահարում այս համաճարակը:
-Ինձ թվում է` էմոցիոնալ եւ ոչ էմոցիոնալ մարդկանց համար նույն ձեւով է անցնում, քանի որ իրականում շատ ծանր շրջան է ստացվել ամբողջ աշխարհի համար, մեր երկրի համար եւս: Բնականաբար կարծում եմ, որ մարդիկ անհամբերությամբ են սպասում այս համաճարակի ավարտին, որպեսզի վերադառնան իրենց սովորական կյանքին: Անկեղծորեն պետք է ասեմ, որ սա իսկապես դժվար շրջան է:
-Համաճարակից հետո ի՞նչ եք կարծում արդյոք մարդկանց մոտ արժեհամակրագային փոփոխություններ կլինեն:
-Այնքան էլ համոզված չեմ, որ շատ բան է փոխվելու, չնայած, որ շատ մարդիկ ասում են` շատ բաներ պետք է փոխվեն, որ մարդիկ վերանայել են շատ գաղափարներ, հարաբերություններ, արժեհամակարգեր, բայց ինձ թվում է, մարդը հենց կրկին հայտնվում է իր համար հարմարավետ զոննայում, կրկին մոռանում է արժեքների մասին, ու այդ հարմարավետության կոմֆորտի զգացողությունը շատ բաներ մոռացնել է տալիս, եւ ես հույս ունեմ, որ մարդիկ կսկսեն վերանայել իրենց կյանքն ու հարաբերություները, եւ ավելի գնահատող կդառնան: Կարծում եմ դա մասսայական բնույթ չի կրի, քանի որ դա ավելի շատ տեսակի հարց է:
-Ո՞րն է Ձեր փիլիսփայությունը այս օրերին:
-Իմ փիլիսոփայությունը կյանքի առումով, նաեւ այս շրջանի հետ կապված նույնն է` «Եթե դու չես կարողանում փոխել իրավիճակը, ապա պետք է փոխես վերաբերմունքդ իրավիճակի հանդեպ»: Մնում է սպասել եւ հուսալ, որ ինչ-որ բան կփոխվի, այլ կերպ հնարավոր չէ ինչ-որ բան անել: Եթե մենք ուշադիր լինենք մեր շրջապատի հանդեպ, կարծում եմ արդեն իսկ մեծ գործ արած կլինենք, որովհետեւ հարցը ոչ միայն մեր առողջությանն է վերաբերվում, այլ նաեւ այն մարդկանց, ովքեր ամիսներ շարունակ իրենց տների դռները չեն թակել, եւ հանուն մեզ աշխատում են 24 ժամ: Գնահատենք եւ լինենք առողջ:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը