Մայամին ենթարկվել է հսկայական խխունջների հարձակման, որը մեծ անհարմարություններ է ստեղծում տեղի բնակիչների համար: Խոսքն ախատինա խխունջների մասին է, որոնք հասնում են 18-22 սմ երկարության եւ սիրում են սնվել պատի ծեփով: Խխունջները հայտնվել են Մայամիի հյուսիս-արեւմուտքում: Բնակելի տներին հասցվելիք վնասից բացի, դրանք վտանգ են ներկայացնում նաեւ մարդկանց կյանքի համար, քանի որ միկրոսկոպիկ որդերի կրող են, որը կարող է մարդկանց փոխանցել մենինգիտի վիրուսը: Նման խխունջների հայտնաբերման դեպքում խորհուրդ է տրվում դիմել Ֆլորիդա նահանգի գյուղատնտեսության եւ սպառողական ծառայությունների վարչության մասնագետներին, որոնք կվերցնեն խխունջները եւ կոչնչացնեն հատուկ սառնարաններում: Իսկ Ճապոնիայում սկսել է մոլեգնել Ռոկե թայֆունը, ինչը մեծ խուճապ է առաջացրել երկրում: Իշխանությունները երկրի մոտ մեկ միլիոն բնակիչների կոչ են արել տարհանվել իրենց բնակության վայրերից, քանի որ նրանց է մոտենում Ռոկե թայֆունը: Նրանց տվյալներով` 1.3 միլիոն մարդ, որոնք բնակվում են կենտրոնական եւ հարավային շրջաններում, ստացել են տարհանվելու առաջարկ: Կանխատեսվում է, որ թայֆունը մայրաքաղաք Տոկիո կհասնի արդեն չորեքշաբթի օրը: Ուկրաինայում էլ մարդու մահվան պատճառ է դարձել ոչ թե բնական աղետը, այլ ուտելու հանդեպ անհագուրդ սերը: Ուկրաինայի Թոկմակ քաղաքի օրը նշելիս բլիթներ ուտելու մրցույթից անմիջապես հետո մրցույթի հաղթող, 77-ամյա թոկմակցին մահացել է: Թոշակառուն մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը, սակայն կերածն այնքան շատ է եղել, որ ծեր մարդու օրգանիզմն ուղղակի չի դիմացել: Նա սկզբում ցավ է զգացել որովայնի շրջանում եւ մի քանի րոպե անց մահացել: Իսկ չինական Չժեն Ցզյան նահանգում, ի տարբերություն ուկրաինական քաղաքի, կողմ են առողջ ապրելակերպին եւ արգելել են շան մսից պատրաստվող կերակրատեսակների մրցույթը: Բողոք ներկայացրած կազմակերպություններն ասում են, որ շներին չի կարելի սպանել, քանի որ շները մարդկանց ընկերներն են: Նշվում է, որ անցած տարի այստեղ 5-10 հազար շուն է սպանվել: Չնայած աշխարհում տիրող այս խառնաշփոթ իրավիճակին` Գերմանիան, «երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դրած», դեմ է դուրս եկել Թուրքիայի` ԵՄ-ին լիիրավ անդամակցելուն: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը. «Մենք դեմ ենք Թուրքիայի` ԵՄ լիիրավ անդամակցությանը, սակայն մենք չենք էլ ցանկանում կորցնել Թուրքիայի նման կարեւոր գործընկերոջը»: ՆԱՐԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ, ՇԱՏԱԿԵՐ ԾԵՐՈՒԿ, ՊՆԴԱՃԱԿԱՏ ԳԴՀ ԵՎ…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ