Նոր լիազորություն` ԱԺ նախագահին․ խմբակցություններին զրկում են թեկնածու առաջադրելու իրավունքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Իմ քալյը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքներում և ներկայացրել է փոփոխությունների փաթեթ։ Խոսքը վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդի կազմավորման կարգին։ Նախ նա առաջարկում է ԱԺ կանոնակարգ-օրենքով Ազգային ժողովի նախագահին վերապահված լիազորությունների թվին ավելացնել ևս մեկը և ամրագրել, որ նա նշանակում է Ազգային ժողովի ներկայացուցիչ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդում։

Իսկ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում հանձնաժողովի կազմավորման մասին օրենքում նա կրկին լիազորությամբ է օժտում ԱԺ նախագահին և ամրագրում, որ հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ԱԺ նախագահը ձևավորում է խորհուրդ, որը կազմված է Կառավարության, Ազգային ժողովի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ Փաստաբանների պալատի նշանակած մեկական անդամներից: Խորհրդի անդամ կարող է նշանակվել սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները բավարարող անձը: Խորհրդի կազմում ընդգրկվելու համար Ազգային ժողովի նախագահը դիմում է Կառավարություն, Բարձրագույն դատական խորհուրդ, Մարդու իրավունքների պաշտպանին եւ Փաստաբանների պալատ` յուրաքանչյուրի կողմից տասնօրյա ժամկետում մեկական թեկնածու առաջադրելու համար:»:

Նկատենք, որ մինչ այժմ ամրագրված էր, որ խորհուրդը կազմված է Կառավարության, Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ Փաստաբանների պալատի նշանակած մեկական անդամներից: Խորհրդի անդամ կարող է նշանակվել Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները բավարարող անձը: Գործող կարգավորման պայմաններում Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է ԱԺ խմբակցություններին, դեռ անհրաժեշտ է խմբակցությունների համախոհություն, որի բացակայության պարագայում, այսինքն` եթե արդյունքում թեկնածու չի առաջադրվում, նույն մարմինը թեկնածու է առաջադրում տասնօրյա ժամկետում: Եվ նախագծի հեղինակը մանրամասնում է, որ նման կարգավորման պայմաններում գործնականում առաջանում է այնպիսի իրավիճակ, երբ հնարավոր չի լինում ապահովել ԱԺ խմբակցությունների համախոհությունը, ինչը փաստացի Ազգային ժողովին զրկում է թեկնածուի առաջադրման հնարավորությունից եւ, միաժամանակ, մրցութային հանձնաժողովի ձեւավորման գործընթացը կանգնեցնում փակուղու առաջ:

Եվ ելնելով այս ամենից, նա  նախագծով առաջարկում է Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքով օժտել ոչ թե` Ազգային ժողովի խմբակցություններին, այլ Ազգային ժողովը ներկայացնելու եւ նրա բնականոն գործունեությունն ապահովելու իրավասություն ունեցող անձին` Ազգային ժողովի նախագահին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս