Ազգային ժողովը պետք է առաջիկայում վավերացնի «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ «2013թ. ապրիլի 19-ին կնքված Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը» կիրարկող արձանագրությունը»: Ազգային ժողով ներկայացված է նաև Սահմանադրական դատարանի եզրակացությունն այս արձանագրության վերաբերյալ, որում ասվում է, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը։
Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ առանց թուլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը ստորագրվել է 2013թ.-ի ապրիլի 19-ին, եւ ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից: Համաձայնագրի նպատակն է փոխադարձության հիման վրա ստեղծել արագ եւ արդյունավետ ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման եւ անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլեւս չեն բավարարում, Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու, կամ բնակվելու համար պահանջներին եւ դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը:
Համաձայնագրով սահմանված են հետընդունման մասով Հայաստանի եւ Եվրոպական միության պարտավորությունները, հետընդունման ընթացակարգը, տարանցման գործողությունները, ծախսերը, տվյալների պաշտպանությունը եւ մի շարք այլ հարցեր:
Նշվում է, որ ա րձանագրության վավերացումը կապահովի Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին 2013թ. ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված Համաձայնագրի շրջանակներում գերմանական կողմից ներկայացրած հետընդունման հայցերին պատշաճ կարգով եւ սահմանված ժամկետներում պատասխանելու հնարավորությունը:
Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանը Հանրապետությունը շահագրգռված է խորացնելու հարաբերությունները Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Երկկողմ հարաբերություններից բացի կարեւորվում է նաեւ ԵՄ շրջանակներում Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ փոխգործակցության խորացումն ու ամրապնդումը: Հայ-գերմանական հարաբերությունների զարգացման համար վերոնշյալ արձանագրության վավերացումը կամ հաստատումը կարեւոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից:
Հաշվի առնելով, երկու երկրների միջեւ Եվրոպական միության շրջանակներում համագործակցության զարգացման կարեւորությունը` արձանագրության վավերացումը կամ հաստատումը հնարավորություն կտա ապահովել 2019թ. ապրիլի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի արդյունավետ կիրարկումը:
Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը կիրարկող արձանագրություններ ստորագրվել են Հայաստանի Հանրապետության եւ հետեւյալ պետությունների միջեւ` Բենիլյուքսի պետություններ (Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդերլանդների Թագավորություն), Էստոնիայի Հանրապետություն եւ Ֆրանսիայի Հանրապետություն: Եվ ելնելով այս ամենից, նրանք եզրակացրել են, որ նպատակահարմար է արձանագրության վավերացումը։
Նաիրա Հովհաննիսյան