Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր:
Մասնավորապես, պարենային անվտանգության ապահովման համատեքստում ներկայացվել է ցորենի ցանքատարածությունների ավելացմանն ու այդպիսով արտադրողականության բարձրացմանն ուղղված տնտեսական միջոցառման նախագիծը: Միջոցառումը նախատեսվում է իրականացնել կառավարության սուբսիդավորմամբ, մասնավոր հատվածի ներգրավմամբ գյուղացիական տնտեսություններին բարձր արտադրողականությամբ ցորենի որակյալ սերմացու առաջարկելու միջոցով:
Քննարկման արդյունքներով վարչապետը հանձնարարել է ներկայացնել կառավարության համապատասխան որոշման նախագիծ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական նշանակության միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցերի: Ներկայացվել են ճգնաժամի հետևանքով տուժած ոլորտների ներկայացուցիչներին օժանդակություն ցուցաբերելու գործիքակազմերն ու հնարվորությունները: Այդ ուղղությամբ առաջիկայում պատասխանատուների կողմից քննարկումները կշարունակվեն և կներկայացվեն միջոցառումների իրականացման հստակ առաջարկություններ: