Վերջին շրջանում ժողովրդական երգերի կատարող Վարդան Բադալյանն այնքան էլ հաճախ հեռուստաէկրաններին չի երեւում: «Ժողովուրդ» օրաթերթը երգչից պարզել է, թե որն է պասիվության պատճառը, ինչո՞վ է այս ժամանակահատվածում զբաղված նա:
-Վարդա’ն, ինչո՞վ եք զբաղվում, ինչո՞վ է պայմանավորված Ձեր պասիվությունը հայկական երգարվեստում: Ի՞նչ նորություններ ունեք:
-Անկեղծ ասած այս ժամանակահատվածում ոչ մի բանով չեմ զբաղվում, սպասում ենք, տեսնենք, թե երբ կավարտվի այս անորոշ իրավիճակը, որ կարողանանք անցնել մեր գործին: Նոր ծրագրեր շատ կան, բայց իրավիճակի պատճառով դեռ ոչինչ ասել չեմ կարող, չգիտեմ, թե ինչքան կարող է սա երկարաձգվել: Ակտիվությունը միայն տեսահոլովակներով կամ շատ հեռուստաեթերներով երեւալով չէ: Ամեն դեպքում , ես իմ գործն անում եմ: Ամբողջ տարվա ընթացքում շատ հյուրախաղեր եմ ունենում տարբեր երկրներում հայ հանդիսատեսի համար եւ ոչ միայն: Կարեւորում եմ այն հանգամանքը, որ կարողանում եմ օտարազգիներին ներկայացնել մեր մաքուր հայկական երաժշտությունը:
-Ազգային, ժողովրդական երգիչները վերջին շրջանում հանդես են գալիս ավելի ժամանակակից գործիքավորմամբ, կամ նման համագործակցություններով, ինչը Ձեզ մոտ չենք նկատում: Դժվա՞ր չէ հավատարիմ մնալ ազգային երաժշտությանը, այս ժամանակակից երաժշտական դարում:
-Ես ընդհանրապես դեմ չեմ նորովի գործիքավորումներին, մատուցման ձեւերին, բայց միայն թե չաղավաղվի: Այսինքն` որքան հնարավոր է փորձել պահպանել ստեղծագործողի գաղափարը, թե նա ինչպես է պատկերացրել երգը, եւ ամենակարեւորը մեղեդին չաղավաղվի, բնօրինակի շունչը չկորցնի: Այսօր դա ընդունված բան է, բայց ինձ համար ավելի շատ վատ տարբերակներն են, քան լավ:
-Երաժշտական ճաշակ ասվածն ի՞նչ է Ձեզ համար: Ե՞րբ է այն ձեւավորվում մարդու մեջ:
-Երաժշտական ճաշակը ձեւավորվում է դեռ շատ մանկուց, նույնիսկ դեռ նորածին ժամանակվանից, որը կարող ենք զարգացնել գիտելիքով: Ես առաջնորդվում եմ հոգով, երգում եմ այն, ինչը ինձ դուր է գալիս եւ կարողանում եմ լավ կատարել: Իհարկե, պետք է նայել նաեւ հանդիսատեսի պահանջարկին, հանդիսատեսի կարծիքն էլ հաշվի առնել, եւ ինչ-որ մի կոմպրոմիսային տարբերակ գտնել: Բայց այն, ինչ ես երգում եմ , պարտադիր չէ, որ դա բոլորը լսեն:
-Ձեզ համարո՞ւմ եք շոու-բիզնեսի «աստղերից» մեկը:
-Բնականաբար ես ինձ աստղ չեմ համարում, եւ երբեք էլ չեմ համարել, եւ Աստված չանի, որ ինձ օրերից մի օր «աստղ» համարեմ: Ես մարդ եմ , ով զբաղվում է իր սիրած աշխատանքով: Կան մարդիկ ով քեզ սիրում , լսում են, եւ կա նաեւ հակառակ տարբերակը, ինչին ես շատ նորմալ եմ վերաբերվում: Ինձ համար շատ քիչ «աստղ» կա, եւ նրանք հաստատ Հայաստանում չեն ապրում, եւ չեմ ուզում վիրավորել իմ կոլոգաներին:
-Վարդա՛ն, ի՞նչ չիրականացված երազանքներ, նպատակներ ունեք:
-Շատ-շատ չիրականացած նպատակներ, երազնքներ ունեմ, երեւի, թե քիչ-քիչ կփորձեմ իրականացնել: Վերջերս շատ երազում եմ բարձրանալ Արարատ լեռը: Կարծում եմ մոտ ապագաում երազանքս կիրականացնեմ:
-Ո՞վ է Ձեր ամենակարեւոր խորհրդատում, ո՞ւմ խոսքը Ձեզ համար կշիռ ունի:
-Տարբեր ժամանակներում տարբեր մարդիկ կարող են լինել, իմ ընկերները, ընտանիքիս անդամները, կինս, ընդհանրապես լսում եմ բոլորի կարծիքները, որից հետո ձեւավորում եմ իմը ՝ սեփականը:
-Ո՞րն է Ձեր կարգախոսը:
-Ամենակարեւորը մարդն իր գործի մեջ ունենա իր տեսակը, որով կարող է տարբերվել, եւ ,իհարկե, մարդ մնալ ամեն ժամանակահատվածում:
-Այսօր երգիչ-երգչուհիները բողոքում են, որ մնացել են անգործ կորոնավիրուս համաճարակի պատճառով Ձեզ մոտ ի՞նչ վիճակ է:
-Միայն մեր ոլորտի ներկայացուցիչների համար չէ դժվար, այլ բոլորի կամ զրկվել են աշխատանքից կամ կիսով չափ են աշխատում: Սա մի պատերազմ է, որին պետք է բոլորս մասնակցնեք եւ հաղթենք: Բողքողներին հասկանում եմ, երկու կողմն էլ ճիշտ են, բայցեւ այնպես պետք է բոլորս միասին պայքարենք:
-Որքանո՞վ է ազդել Ձեր կյանքի որակի վրա այս համաճարակը:
-Միեւնույնն է վաղը մյուս օրն այս ամեն ինչը վերջանալու է, եւ շատ կարեւոր է, որ մենք փոխված նոր աշխարհում մեր տեղը գտնենք: Դա կլինի արվեստի մեջ կամ այլ ոլորտներում: Կարծում եմ մեկ տարի հետո աշխարհը լրիվ փոխվելու է, ուրիշ է լինելու, ինչն ազդելու է կյանքի որակի վրա՝ լավ թե վատ կողմերով:
-Վարդա՛ն, մեր վերջին հարցը․ հետեւո՞ւմ եք արդյոք Հայաստանում կատարվող իրադարձություններին եւ ինչպե՞ս եք գնահատում այս օրերին Կառավարության կատարած աշխատանքը:
-Միանշանակ հետեւում եմ , գնահատական տալ իհարկե չեմ կարող, հանրության շրջանում մի մասը գոհ է, մի մասը՝ դժգոհ, ի վերջո ժամանակը կտա իր ճիշտ պատասխանը:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը