Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցում ասաց, որ ԱԺ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն արդեն սկսել է աշխատել եզրակացության վրա: Այն տեսակետը, թե հանձնաժողովը դուրս է թողել ընդդիմադիրներին հանձնաժողովի եզրակացության կազմման աշխատանքներից, իրականությանը չի համապատասխանում: Պատգամավորը բացահայտեց, որ Ապրիլյանի ժամանակ զինվորները զենքի խնդիր չեն ունեցել, դիզվառելիքի որեւէ խնդիր չի եղել:
-Պարո՛ն Խաչատրյան, ընդդիմադիրները՝ ի դեմս Գեւորգ Գորգիսյանի, հայտարարում են, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրափակիչ աշխատանքներին իրենք չեն մասնակցելու, դուրս են մնացել: Արդյոք Ձեր հանձնաժողովը նման որոշո՞ւմ է կայացրել:
-Նախ ընդդիմադիր չէ, ես միայն լսել եմ Գորգիսյանից:
-Նկատի ունեմ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին:
-ԼՀԿ-ի ներկայացուցիչը միայն պարոն Գորգիսյանն է: Եվ ասեմ, որ նրանք չեն ներկայացել տարվող աշխատանքներին, եւ հանձնաժողովը նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից մի քանի անգամ հորդորներ են հնչեցվել, որի տեսանյութերը կան, արձանագրված են, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը քաղաքական ենթատեքստեր չունի, եւ քաղաքական այդ նեղացվածությունը, որը կար այն հայտնի դեպքերից հետո, չպետք է տեղ գտնի մեր աշխատանքներում: Մի քանի անգամ կոչ ենք արել եւ խնդրել, որպեսզի պարոն Գորգիսյանը ներկայանա աշխատանքներին, սական չի ներկայացել: Եվ ես զարմանում եմ, թե ինչպես կարելի է հիմա ասել, որ Ապրիլյան հանձնաժողովից իրենց դուրս ենք թողել: Իրենք չէին ներկայանում լիագումար նիստերի դահլիճ, նույկերպ չէին ներկայանում նաեւ Ապրիլյանի հանձնաժողովին:
-Իսկ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ տեսակապով կապ հաստատելու մասին Դուք զգուշացրե՞լ էիք ընդդիմությանը, որպեսզի նրանք եւս մասնակցեին:
-Իհարկե, բոլորին զգուշացված է եղել: Բայց Բակո Սահակյանի հետ տեսակապը եղել է մի քիչ առանձին ձեւով, եւ Բակո Սահակյանին հարցեր է առաջադրվել, որոնց նա պատասխանել է: Հարցաշարը տրամադրված է եղել նաեւ Գեւորգ Գորգիսյանին: Առանձնապես ասելու բան չի եղել Բակո Սահակյանի կողմից: Մի քանի հարցեր կային, որոնք տրամադրվել են, նա էլ պատասպանել է այդ հարցերին, ինչի մասին Գորգիսյանին տեղյակ են պահել: Բայց ինչ վերաբերում է հանձաժողովի աշխատանքներին չներկայանալուն, նախ ասեմ, որ մեր հանձնաժողովի աշխատանքներն ավելի արդյունավետ են լինում, երբ ներկա են լինում ընդդիմության բոլոր ներկայացուցիչները: Սա նաեւ փաստել են այն մարդիկ որոնք եկել են այս հանձնաժողով, տեսել են, որ ենթատեքստ չկա, զուտ մասնագիտական վերլուծություններ են իրականացվում, այդ իսկ պատճառով Գեւորգ Գորգիսյանի չներկայանալը մեր շահերից չի բխել, եւ մենք մի քանի անգամ կոչ ենք արել, որ ներկայանա հանձնաժողովին՝ անկախ այն հանգամանքից, թե դահլիճում ինչ է կատարվել դրա նախորդող օրերին:
-Հանձնաժողովը հունիսի 4-ին ավարտել է իր աշխատանքները: Պետք է ամփոփեք. եզրակացության աշխատանքների վրա սկսե՞լ է հանձնաժողովն աշխատել:
-Իհարկե, արդեն աշխատանքները սկսվել են: ամառվա ընթացքում գրեթե չենք օգտվի արձակուրդներից, որովհետեւ աշխատանքներն այնքան շատ են, եւ այնքան մանրակրկիտ աշխատանքներ կան կատարելու, որ հասցնել գոնե սեպտեմբերի սկզբին եզրակությունը հրապարակել եւ ներկայացնել: Կարծում եմ՝ ամառվա ամիսների ընթացքում այդ աշխատանքները կավարատվեն:
-Ամբո՞ղջ կազմով կլինեք: «Լուսավոր Հայաստանի» Ձեր գործընկերները նույնպե՞ս կլինեն:
-Այո, իհարկե: Որեւէ մեկի մասնակցությունը չի խոչընդոտվում: Պետք է գան մասնակցեն, վերլուծեն: Դա օգտակար է, աշխատանքներն էլ այդպես հեշտ կարվեն: Սակայն եթե անձինք կլինեն, որոնք իրենց մասով անելիքներ չեն ունենա, կփորձեն օգտվել արձակուրդից: Այս հարցն էլ քննարկելի է: Ամեն դեպքում, ես զգում եմ, որ հաստատ արձակուրդները բավարար են այդ աշխատանքները կատարելու համար, քանի որ բավականին ծավալուն է լինելու, եւ պետք է հասցնել անել: Եթե շուտ ավարտենք, ապա ավելի լավ:
-Լիարժեք հասկանալու համար՝ ինչ է տեղի ունեցել քառօրյա պատերազմի ժամանակ, ունե՞ք բոլոր տվյալները: Կարողացաք բոլորի հետ զրուցել, հնչեցնել այն հարցրերը, որոնք հետաքրքիր են, որպեսզի հանրությունն ի վերջո հասկանա, թե ինչ տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլին: Ինչո՞ւ զինվորը չուներ զենք, 800 հա կորցրեց Հայաստանը: Հանձնաժողովն ունի՞ բոլոր հարցերի պատասխանը:
-Կարծում եմ, այո: Հանձնաժողովը բոլոր հարցերի պատասխաններն ունի: Պետք է ասեմ հետեւյալը, որ սենսացիա առաջացնելու միտում հանձնաժողովը չունի: Սա նաեւ բխում է այն հանգամանքից, որ քաղաքական ենթատեքստեր չկան: Այս պահին էլ կարող եմ փաստել հետեւյալը, որ վառելիքի, զենքի հետ կապված չեն եղել խնդիրներ, այսինքն՝ եղել են, բայց օբյեկտիվ պատճառներով պայմանավորված: Այսինքն՝ զինվորը ունեցել է ե՛ւ զենք, ե՛ւ անհրաժեշտ քանակի նորմերով հաստատված քանակի զինամթերք, որը պետք է ունենար այդ պահին:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻՑ
Հայաստանում նախորդ տարի արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճի մեջ հիմնական նպաստն են ունեցել ծառայությունների ոլորտը եւ արդյունաբերությունը: Այս մասին նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:
«2019-ին տնտեսական աճին հիմնական նպաստումն ունեցել է ծառայությունների ոլորտը եւ արդյունաբերությունը: Ընդ որում, պետք է նկատել, որ տնտեսական աճի պայմաններում բնակչության տնօրինվող եկամուտն է աճել, աճել են վարկավորման ծավալները: Արդյունաբերական որոշ արտատեսակների նկատմամբ արտաքին պահանջարկի աճը եւս հանգեցրել է այդպիսի աճի ցուցանիշի»,-ասաց նախարարը:
Նա նշեց, որ կառավարությունը որպես խնդիր ձեւակերպել էր նաեւ երկրի տնտեսության ճյուղային կառուցվածքը: «Եվ այդ տեսանկյունից արդյունաբերության առաջանցիկ աճը եւ արդյունաբերության կշռի ավելացումը տնտեսության կառուցվածքում, կարծում ենք, որ կարելի է դիտարկել որպես գործողությունների տրամաբանական արդյունք»,-ասաց Ջանջուղազյանը:
Միջին գնաճը 2019-ին կազմել է 1.4 տոկոս: Ոչ պարենային ապրանքների գները 1.5 տոկոսով գնաճ են ունեցել, նպաստումը եղել է 0.3 տոկոս: Սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը կազմել է 1.9 տոկոս, դրա նպաստումը եղել է 0.8 տոկոսային կետ:
Միջին ամսական աշխատավարձը նախորդ տարի կազմել է 182 հազար 673 դրամ: Ընդ որում, պետական հատվածում միջին աշխատավարձը շարունակում է մնալ ավելի ցածր, քան մասնավորում: Պետական հատվածում միջին աշխատավարձը մոտ 162 հազար դրամ է, իսկ մասնավորում՝ շուրջ 193 հազար դրամ: Զբաղվածության թիվը հաշվետու տարում աճել է 4.3 տոկոսով:
Ն. Հ.
ՓԱՅՏԻԿՆԵՐԻ ՍՂՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգայի կենտրոնը երեկ ձեռք է բերել 4600 փայտիկ` 2300 նմուշի համար (մեկ նմուշին օգտագործվում է 2 փայտիկ). հայտնել են Առողջապահության նախարարությունից: Առողջության առաջնային պահպանման օղակին, մասնավորապես՝ Երեւանի թիվ 17 պոլիկլինիկային է բաշխվել 600 փայտիկ` 300 նմուշի համար: Ըստ նախարարության՝ առաջիկա օրերին սպասվում է փայտիկների մեծ խմբաքանակ, որը կբաշխվի նմուշառում իրականացնող հաստատություններին:
ԿԱԴՐԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Պետական եկամուտների կոմիտեից ArmLur.am-ին հայտնել են, որ ՊԵԿ արդեն նախկին նախագահ Դավիթ Անանյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ մասնագիտական դաշտում որեւէ խնդիր չի եղել: «Տարաձայնությունը եղել է բացառապես աշխատանքային բնույթի՝ կապված կադրային խնդրի հետ: Անանյանը նախընտրել է ինքը հեռանալ, քան թե հեռացնի ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին»,-հայտնել են ՊԵԿ-ից: Ըստ մամուլի հրապարակումների՝ ՊԵԿ նախագահի հրաժարականի պատճառը եղել է Արարատյան մաքսատանն արված լուսանկարները, որտեղ պահպանված չէր հակահամաճարակային կանոնները։ Եվ տեղեկություններ են հրապարակվում, թե խոսքը հենց մաքսատան պետին հեռացնելու մասին է։
1800 ԴԻՄԱԿ
Հայաստանի ջրային կոմիտեն ընթացիկ տարվա հունիսի 2-ին կնքված պայմանագրի մասին հայտարարություն է տարածել: ArmLur.am-ը տեղեկացել է, որ Ջրային կոմիտեն ձեռք է բերել 1800 հատ մեկանգամյա օգտագործման դիմակ: Ձեռք բերված դիմակի համար պետական կառույցը վճարել է 216 հազար դրամ, այսինքն՝ մեկ դիմակի գնման համար վճարել է 120 դրամ: Մեզ հայտնի դարձավ, որ Ջրային կոմիտեն մեկանգամյա օգտագործման դիմակի ձեռքբերման պայմանագիր կնքել է անհատ ձեռներեց Կառլեն Մկրտչյանի հետ: Տեղեկացնենք, որ վերջին շրջանում դեղատներում, խանութներում վաճառվում են տանը կարված դիմակներ: Չի բացառվում, որ Ջրային կոմիտեն եւս ձեռք է բերել տանը կարված դիմակներ: