ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻ ՀԵՏԵՎԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկար ժամանակ է, ինչ իշխանության ներսում կան մի քանի պաշտոններ, որոնք թափուր են մնացել, եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես չի էլ շտապում նոր նշանակումներ անել: Արդեն մեկ ամիս է՝ Շրջակա միջավայրի նախարարությունը մնացել է առանց ղեկավարի: Մայիսի 5-ին այդ պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց Էրիկ Գրիգորյանը: Սակայն սա միակ կառույցը չէ, որ մնացել է առանց ղեկավար: Մայիսի 14-ին հրաժարական էր ներկայացրել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը, իսկ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնն արդեն չորս ամիս է՝ թափուր է: Կոմիտեի ներսում աշխատողները նոր ղեկավար ունենալու հույս անգամ չունեն:  

 

Եվ, ահա, այս ամենին հունիսի 4-ին գումարվեց Դավիթ Անանյանի՝ աշխատանքից ազատման դիմումը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից, որին արդեն փոխարինել է Էդվարդ Հովհաննիսյանը: Դառնալով Անանյանի անակնկալ ազատմանը, նշենք, որ մեր տեղեկություններով Անանյանը դիմումը ներկայացնելուց հետո լուռ դուրս  է եկել շենքից, եւ աշխատակիցները մեկը մյուսից տեղեկացել են Անանյանի հեռանալու մասին:

Դրանից հետո աշխատակիցները փորձել են հասկանալ՝ որն է իրավիճակը, դուրս են եկել նրա հետեւից, սակայն Անանյանը ոչինչ չի ասել, միայն վերցրել է իր պորտֆելն ու հեռացել: Եվ դրանից ընդամենը րոպեներ անց Անանյանը սոցիալական ցանցի էջում հայտնել է իր որոշման մասին:  Այսպիսով, ինչու են կադրերը մեկը մյուսի հետեւից հեռանում, եւ երբ կլինեն նոր նշանակումներ: Նախ նկատենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հանգիստ էր արտահայտվել հեռացող պաշտոնյաների մասին՝ ասելով, թե շատ դեպքերում ուրախ է: Սակայն ՊԵկ լրատվական ծառայությունից հայտնել են. «Տարաձայնությունը եղել է բացառապես աշխատանքային բնույթի` կապված կադրային խնդրի հետ: Պարոն Անանյանը նախընտրել է ինքը հեռանա, քան թե հեռացնի ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին», – փոխանցեցին ՊԵԿ-ից։ Մասնավորապես, վարչապետի ֆեյսբուքյան հրապարակումներից հետո գործադիրից պահանջ է եղել հեռացնել Արարատյան մաքսատան պետ Մհեր Մարտիրոսյանին, բայց ՊԵԿ նախագահը հրաժարվել է՝ նախընտրելով ինքը հեռանալ: Դավիթ Անանյանի հրաժարականից առաջ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում բազմաթիվ տեսանյութեր ու լուսանկարներ էր հրապարակել հակահամաճարակային անվտանգության կանոնները անտեսած քաղաքացիների մասնակցությամբ։ Երկու օր առաջ հրապարակումներից մեկը ՊԵԿ-ի կազմում գործող մաքսային ծառայության աշխատանքներին էր վերաբերում։ Լուսանկարը պատկերում է ծառայության մասնաճյուղերից մեկում խմբված մարդկանց, որոնք չեն պահել սոցիալական հեռավորությունը։ «Արարատյան մաքսատուն: Պարո՛ն Անանյան, կարգավորե՛ք արագ»,- գրել էր վարչապետը։ Իսկ դրանից հետո՝ արդեն երեկ, Փաշինյանն Արեւմտյան մաքսատանը տիրող իրավիճակից լուսանկար հրապարակեց, ուր մարդիկ դարձյալ չեն պահել սոցիալական հեռավորությունը։ «Արեւմտյան մաքսատուն. շատ մարդ չի վարակվի, ընդամենը մեկ-երկու հոգի. շարունակությունը երկրաչափական պրոգրեսիայով: Այս անպատասխանատվությունը անհետեւանք չի մնա», – գրել էր Նիկոլ Փաշինյանը։

Հրաժարականի մասին Դավիթ Անանյանը Ֆեյսբուքում էր գրել։ Պաշտոնյան շնորհակալություն էր հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՊԵԿ նախագահի պաշտոնն իրեն վստահելու համար: Այսօր էլ խորհրդարանում անդրադառնալով Դավիթ Անանյանի հրաժարականին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նրան կատարված աշխատանքների համար։ «Կարծում եմ` Պետական եկամուտների կոմիտեում եւ, ընդհանրապես, համակարգում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում, եւ հույս ունենք, որ բովանդակային այն փոփոխությունները, որոնք սկսվել են պարոն Անանյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում, այդ փոփոխություններն ավելի կխորանան եւ ընդգրկուն կդառնան»,- հայտարարեց նա։

Եվ եթե Անանյանի, Վահագն Վերմիշյանի եւ Էրիկ Գրիգորյանի դեպքում ամեն ինչ պարզ է, եւ դիմումներն ընդունվել են, ապա Գոգյանի պարագայում իրավիճակն անհասկանալի է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա դիմումն այդպես էլ չի հաստատվել, եւ գործընթացն առկախված է որոշ ժամանակով:

Մեկնաբանության համար դիմեցինք վարչապետի մամուլի խոսնակին՝ հասկանալու համար, թե երբ կարող են նշանակումներ լինել: Ի պատասխան՝ նա ժամկետներ չնշեց՝ ասելով, թե որոշումների դեպքում կտեղեկացնեն այդ մասին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝

  1. Հայաստանի Հանրապետության պետական գործիչ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով եւ հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին. 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»,-նշված է որոշման մեջ:

 

 

ԳԵՐԱԶԱՆՑ

2019թ. արձանագրվել է վերջին 12 տարվա համար աննախադեպ՝ 7,6% տնտեսական աճ, եղել է հարկեր-ՀՆԱ 22,35% ցուցանիշ։ Այս ցուցանիշը գերազանցել է մեր կանխատեսումները։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ իրենց կառավարությունը բախտ է ունեցել եւ վայելում է պատմական տարիներ իրագործելու հնարավորությունը։ 2020 թվականը, իր գնահատմամբ, նույնպես աննախադեպ է կորոնավիրուսի համաճարակի բերումով, եւ պարզ է, որ այս տարի տնտեսական որոշակի խնդիրներ են լինելու։ Նա նաեւ հայտնել է, որ ինչքան էլ 2019 թվականը բյուջեի առումով պատմական լինի, բոլորս պետք է արձանագրենք նաեւ, որ չի հավաքվել այն ամբողջ պոտենցիալը, որն իրականում գոյություն ունի։ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ում գոյություն ունի հսկայական ստվերային տնտեսություն, եւ այստեղ հենց մտածողության փոփոխությունն է կարեւոր։

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԶԱՏՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել. Արմինե Զավենի Մաթոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության պետ, եւ Արմինե Աշոտի Սարգսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնների գնահատման եւ դասակարգման վարչության պետ: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Շաքե Մեժլումյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։

 

 

ՌԻՍԿԱՅԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Երեկ խորհրդարանում ընթանում էին 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները: Արտակարգ իրավիճակների նախարարությունից քննարկմանը մասնակցում էր փոխնախարար Արա Նազարյանը, ոչ թե նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Եվ սա իր պատճառն ունի. նախարարը ռիսկային գոտում է գտնվում եւ, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, այնքան էլ ակտիվ չէ: Նախարարը մեծ մասն աշխատել է հեռավար եղանակով, իսկ ԱԻՆ աշխատանքի գնալիս էլ իրեն հեռու է պահել մյուսներից:

 

 

ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի փոխանցմամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ավարտվել է 2019թ. տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացը։ Ներկայացված հայտարարագրերը կհրապարակվեն 2020 թվականի հունիսի 10-ին։

Այն բոլոր հայտարարատուների համար, ովքեր օրենքով սահմանված ժամկետում ծանուցվել են, բայց հայտարարագիր չեն ներկայացրել, Հանձնաժողովը կկիրառի ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169?28 հոդվածի առաջին մասի պահանջները, այն է՝ հայտարարագիր չներկայացրած անձինք Հանձնաժողովի կողմից գրավոր կծանուցվեն, որպեսզի 30-օրյա ժամկետում հայտարարագիր ներկայացնեն, իսկ այդ ժամկետում չներկայացնելու դեպքում նրանց նկատմամբ կկիրառվի վարչական պատասխանատվություն՝ տուգանք։ Հայտարարատուները ծանուցվել են համակարգի կողմից ինքնաշխատ տարբերակով, եւ որոշ տեխնիկական խնդիրների պատճառով ծանուցումները երբեմն ստացվել են ավելի ուշ կամ չեն ստացվել։

 

 

ՄԱՏԱՂԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ օրերս Արթիկ համայնքում մեծ թվով հյուրերով մատաղի արարողություն է տեղի ունեցել, որի մասնակիցներից երկուսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս հիվանդությունը։ Մասնավորապես, մեր տեղեկությունների համաձայն՝ մատաղի արարողությունը տեղի է ունեցել Արթիկից քիչ հեռու գտնվող մի բացօթյա ռեստորանում։ Վարակված ամուսինները եղել են Երեւանից, որոնք հրավիրված են եղել արարողությանը։ Սակայն մեզ հասած մեկ այլ լուրի համաձայն` Արթիկում կորոնավիրուս հիվանդությամբ է վարակված նաեւ Արթիկի ոստիկանության աշխատակիցներից մեկն իր ամբողջ ընտանիքով։ ArmLur.am-ը վերոհիշյալ տեղեկությունները պարզաբանելու համար փորձեց կապ հաստատել Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

 




Լրահոս