ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԱՆՀԱՄԱՉԱՓ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացու բերման ենթարկելու վերաբերյալ սոցիալական ցանցերում տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության բաժին՝ բերման ենթարկված քաղաքացու հետ առանձնազրույցի, նրա իրավունքներին վերաբերող այլ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար. հայտարարել է Արման Թաթոյանը։

 

«Այս պահին կարող եմ ասել, որ բերման ենթարկելու պատճառ է քաղաքացու դիմակ պարտադիր կրելու Պարետի որոշման պահանջի չկատարումը: Այսօրվա (երեկվա-խմբ.) հրապարակված տեսանյութն առերեւույթ վկայում է, որ ոստիկանության գործողություններն անհամաչափ են:

Մասնավորապես, չնայած Ոստիկանության ծառայողների քանակական գերակշռությանը, ոստիկաններին ուղղված քաղաքացու հորդորներն առ այն, որ ենթարկվում է ոստիկանի պահանջին եւ կհետեւի նրանց, ոստիկանության ծառայողները շարունակել են անձի նկատմամբ ֆիզիկական ուժի եւ հետո նաեւ հատուկ միջոցի գործադրումը»,- գրել է Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի՝ Արման Թաթոյանի կարծիքով՝ օրենքն, իհարկե, ոստիկանությանը վերապահում է ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոց, այդ թվում՝ ձեռնաշղթա գործադրելու լիազորություն, սակայն դա պետք է լինի հետապնդվող նպատակին եւ կոնկրետ իրավիճակին համաչափ՝ նաեւ հաշվի առնելով այն ենթադրյալ իրավախախտումը, որի կապակցությամբ ֆիզիկական ուժը կամ հատուկ միջոցը գործադրվում է:

«Իհարկե, ուժեղ ոստիկանությունը մարդու կարեւոր պայման է մարդու իրավունքների երաշխավորման համար, սակայն ոստիկանության ծառայողների գործողությունները ցանկացած պարագայում չեն կարող ուղեկցվել նաեւ անձի արժանապատվությունը ոտնահարող գործողություններով: Իրավախախտում թույլ տված յուրաքանչյուր անձ պետք է ենթարկվի պատասխանատվության, սակայն այդ կապակցությամբ պետական մարմնի գործողությունները պետք է լինեն համաչափ։ Ուստի բոլոր հարցերը պետք է պարզվեն ստուգմամբ»,- գրել է նա:

Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր քաղաքացիներին կրկին կոչ է անում անվերապահ պահպանել կորոնավիրուսի կանխարգելման կանոնները։

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երեւում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները ձեռնաշղթա հագցնում եւ բերման ենթարկում քաղաքացուն։ Տեսանյութի հետ կապված ոստիկանությունից հայտնել էին, որ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար տվյալ քաղաքացին բերվել է ոստիկանություն։

Անդրադառնալով դեպքին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է, որ ոստիկանությունը ուժային կառույց է, եւ սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է եւ պետք է ուժ կիրառի:

 

 

 

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԿՈՐՈՇՎԻ ԳԱՐՆԱՆԸ

Ամառային 32-րդ օլիմպիական խաղերի, ինչպես նաեւ պարալիմպիկ խաղերի ճակատագրի վերաբերյալ որոշում կլինի 2021թ. գարնանը: Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները՝ հղում կատարելով կազմակերպիչների խոսքերին: Հետաձգված խաղերի կազմկոմիտեի փոխանախագահներից մեկը՝ Տոշիակի Էնդոն, խոսել է այդ մասին՝ նշելով, որ իրենց առջեւ բազմաթիվ հարցերի շուրջ որոշումներ կայացնելու առաջադրանք կա:

 

«Մինչեւ մոտավորապես մարտ ամիսը մարզիկների ընտրություն կատարելը մեծ մարտահրավեր է: Կազմկոմիտեն պետք է որեւէ որոշում կայացնի՝ գնահատելով այդ պահի դրությամբ իրավիճակը: Գնահատելու շատ հարցեր կան, եւ դեռ հստակ չէ՝ ինչպիսին կլինի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը մյուս ամռանը: Դեռ շատ վաղ է խոսել այն մասին՝ խաղերը կկայանան, թե ոչ»,- ասել է նա:

Տոկիո 2020-ը նախատեսված էր այս տարվա հուլիսի 24-ից օգոստոսի 9, սակայն մարտ ամսին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվեց 1 տարով եւ կկայանա 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Հետաձգվել են նաեւ խաղերի հետ կապված մի շարք այլ միջոցառումներ, մասնավորապես՝ վարկանիշային մրցաշարերը, հետեւաբար մի շարք մարզաձեւերի մասնակից մարզիկների անունները դեռ հայտնի չեն: Քառամյակի մարզական ամենախոշոր իրադարձություններից մեկը պահպանելու է Տոկիո 2020 անվանումը, սակայն խոսակցություններ կան, որ ձեւաչափի փոփոխություներ, կրճատումներ կարող են լինել, գուցե պակասեցվի նաեւ հանդիսականների քանակը: Հավանական են համարում նաեւ, որ կորոնավիրուսի թեստավորումը պարտադիր կդառնա հանդիսականների, մարզիկների եւ մյուս մասնակիցների համար: Ինչ վերաբերում է չեղարկման վերաբերյալ խոսակցություններին, ապա դրանք պարբերաբար լինում են: Ավելի վաղ այդ մասին ասել էր կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին: Նա նշել էր, որ, եթե 2021թ. խաղերը չանցկացվեն, այլեւս հետաձգել հնարավոր չի լինի, եւ դրանք կչեղարկվեն: Հետագայում այդ մասին հարց էին ուղղել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին, եւ նա չէր բացառել նման զարգացումը:

Հայաստանն այս պահին Տոկիո 2020-ի 4 ուղեգիր ունի: Անվանական ուղեգրեր ունեն մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (բազմամարտ) եւ բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը (52կգ): Եվս 2 ուղեգրեր կա հունահռոմեական ոճի ըմբշամարտում՝ 97 եւ 77 կգ քաշային կարգերում: Դրանք անվանական չեն, սակայն մարզիչները հայտարարել են, որ գնալու են օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ) եւ Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր Կարապետ Չալյանը (77կգ):

Ն.Պ.

 

 

ՀԱԶԱՐԱՎՈՐ ԴԵՊՔԵՐ

Ամբողջ աշխարհում շարունակում են Covid-19 վարակի տասնյակ հազարավոր նոր դեպքեր գրանցվել: ԱՄՆ Ջոնս Հոփքինս համալսարանի հրապարակած վերջին տվյալներով՝ վարակվածների թիվը մոտենում է 6 միլիոն 640 հազարին, մահացել է շուրջ 391 հազար մարդ, բուժվել են ավելի քան 2 միլիոն 870 հազարը: Լատինական Ամերիկան դարձել է կորոնավիրուսային համաճարակի նոր էպիկենտրոն: Հիվանդությունն արագ տարածվում է Հնդկաստանում եւ Պակիստանում: Իրանում վարակվածների թվի օրական աճը վերադառնում է մարտի բարձր ցուցանիշներին, ինչը համաճարակի երկրորդ ալիքի մասին խոսելու հիմք է տալիս: Թուրքմենստանում էլ, որտեղ պաշտոնապես համաճարակ չկա, հունիսի 3-ին Հեծանվի համաշխարհային օրվա առթիվ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գլխավորությամբ զանգվածային հեծանվավազք է կայացել:

 

 

684 ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏ

Կորոնավիրուսի տարածման եւ կանխարգելիչ միջոցառումների հետեւանքով տուժած ֆիզիկական եւ իրավաբանական անձ վարկառուներին աջակցելու նպատակով բանկերը եւ վարկային կազմակերպությունները տրամադրել են վարկային արձակուրդներ կամ այլ կերպ վերանայել են գործող վարկերի պայմանները: Հունիսի 1-ի դրությամբ վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազ. ֆիզիկական եւ 17.4 հազ. իրավաբանական անձ: Ընդհանուր առմամբ վերանայվել է 1.3 տրլն մնացորդով շուրջ 980 հազ. վարկայինպայմանագիր:                                                                                                                                                                                                                                                                          ՀՀ առեւտրային բանկերն ակտիվորեն ներգրավված են նաեւ ՀՀ կառավարության կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման հակաճգնաժամային ծրագրերում։ Մասնավորապես՝ հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին՝ աշխատավարձ, հարկեր, կոմունալ ծախսեր վճարելու եւ որոշ դեպքերում սննդի ներկրումներ, սարքավորումներ ձեռք բերելու համար, հունիսի 1-ի դրությամբ արդեն հաստատվել է 684 վարկային հայտ՝ ծավալը 44.7 մլրդ դրամին համարժեք։ Հակաճգնաժամային 2-րդ ծրագրով, որը վերաբերում է գյուղատնտեսությանը, ֆինանսական կազմակերպությունների կողմից բավարարված (նախնական հաստատված) հայտերի քանակը կազմում է 10,431 (որից 8,815-ը մինչեւ 1 մլն ՀՀ դրամ միկրովարկեր), իսկ ծավալը՝ 15.4 մլրդ ՀՀ դրամ (որից 7.3 մլրդ-ը մինչեւ 1 մլն ՀՀ դրամ միկրովարկեր): Ըստ այդմ, հակաճգնաժամային երկու ծրագրերով ընդհանուր առմամբ բավարարվել է 11,115 վարկային հայտ, ընդհանուր ծավալը՝ 60.1 մլրդ դրամ։

 




Լրահոս