ՀԱՂՈՐԴՈՒՄ՝ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ ԸՆԴԴԵՄ ԴԱՏԱԽԱԶԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կորոնավիրուսի տարածման ահագնացող տեմպի եւ ցավալիորեն ամենօր գրանցվող մեր հայրենակիցների բազմաթիվ մահերի համատեքստում Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, ընդունեց, որ իշխանությունները արդեն ի վիճակի չեն ապահովել ՀՀ Սահմանադրությամբ, կոնվենցիաներով երաշխավորված մարդու կյանքի իրավունքը երաշխավորելու պետության միջազգային պարտավորությունները՝ հայտարարելով, որ կան դեպքեր, երբ անձը մահացել է, քանի որ նա չի տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք, չնայած այդ միջոցով հնարավոր էր փրկել նրա կյանքը»,- «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված մասնագիտական հոդվածում գրել է արդարադատության երկրորդ դասի  պետական խորհրդական, ՀՀ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ հայտնելով, որ սա արդեն հաղորդում է՝ հանցագործության մասին՝ ընդդեմ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի:  Շարունակելով հոդվածից մեջբերումը՝ կարդում ենք. «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդված 2-ը պաշտպանում է կյանքի իրավունքը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ առողջապահական համակարգի աղաղակող սխալ աշխատանքի պատճառով անձը չի օգտվել նրա կյանքը փրկելու հնարավորություն ստեղծող անհետաձգելի բժշկական միջամտությունից, ինչը ՄԻԵԴ-ը միաձայն համարել է հոդված 2-ի խախտում (Mehmet ŠentՖrk and BekirŠentՖrk v. Turkey): Առավել կարեւոր է, որ ՄԻԵԴ-ն իր բազմաթիվ վճիռներում սահմանել է նաեւ, որ հոդված 2-ը իր մեջ ներառում է նաեւ ընթացակարգային պարտավորություն «իրականացնել արդյունավետ քննություն», այսինքն՝ հարուցել քրեական վարույթ ցանկացած մահվան փաստի կապակցությամբ, 2-րդ հոդվածի ենթադրյալ խախտման ցանկացած դեպքում (Armani Da Šilva v the United Kingdom [GC])»: Անգամ առողջապահական ոլորտի հետ կապված՝ ՄԻԵԴ-ը սահմանել է, որ պետությունները պետք է ապահովեն, որպեսզի առողջապահական համակարգի հոգածության տակ գտնվող անձանց մահվան ցանկացած դեպքում քննվեն դրա պատճառները, եւ պատժվեն մեղավորները՝ անկախ նրանից, թե մահվան դեպքը գրանցվել է պետական, թե մասնավոր հիվանդանոցում (Šilih v. Slovenia [GC]; Lopes de Sousa Fernandes v. Portugal [GC]): Այսպիսով, հստակ արձանագրում ենք, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն արդեն իսկ չեն կարողանում երաշխավորել ՀՀ քաղաքացիների կյանքի իրավունքը (առողջապահական համակարգ), այլեւ կորոնավիրուսի հետեւանքով մահացած ավելի քան 270 անձանց մահվան հանգամանքների պարզման ուղղությամբ չեն հարուցել որեւէ քրեական գործ, ինչը պետության ուղղակի պարտավորությունն է (իրավապահ համակարգ):

Հ.Գ. Փաստորեն, ինչպես «Մարտի 1»-ի գործով 10 զոհերի դեպքում, այնպես էլ կորոնավիրուսի հետեւանքով արդեն 270-ից ավելի զոհերի դեպքում ՀՀ իշխանությունները առաջնորդվում են մահվան հանգամանքները թաքցնելու սկզբունքով, քանի որ, հիշեցնեմ, որ «Մարտի 1»-ի գործով 10 զոհերի մահվան հանգամանքները եւս չեն ցանկանում բացահայտել»:

 

 

Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը, կարծես թե, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սմբատ Գոգյանի հետ ու զրուցել նրա հրաժարականի պատճառների մասին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ վարչապետը շատ է հավանել Գոգյանին ու նրա պրոֆեսիոնալիզմը բարձր է գնահատել, ինչի համար էլ չի ստորագրում նրա հրաժարականի դիմումը: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ վերջին ժամանակահատվածում վարչապետն անձամբ է հանդիպում, հարցազրույց անցկացնում այն անձանց հետ, ում պետք է պաշտոնի նշանակի՝ հասկանալու համար, թե ով ինչ անցած ուղի ունի: Անգամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երկտասարդության հարցերի փոխնախարարներին այդ պաշտոններում նշանակելը կատարվում է անձամբ վարչապետի հսկողությամբ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սմբատ Գոգյանի հետ՝ հասկանալու համար՝ արդյոք ճիշտ է այն, որ վարչապետը չի ստորագրում դեռեւս մայիսի 22-ին ներկայացված իր հրաժարականի դիմումը: Այն, որ վարչապետի հետ հանդիպել է, Գոգյանը հաստատեց, իսկ արդյոք վարչապետին հաջողվել է համոզել Գոգյանին չհեռանալ իր պաշտոնից, նշեց. «Զրույցի բովանդակությունը ես իրավասու չեմ ներկայացնելու, ես հիմա ԲՈԿ-ում եմ, աշխատանքի եմ»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ նախկին ֆինանսների նախարար, կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներից: Մեր տեղեկություններով՝ այս գործով իրավապահ համակարգը հայտնվել է լուրջ խնդիրների առջեւ: Բանն այն է, որ  Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով հստակեցված է, որ Գագիկ Խաչատրյանը պետությանը պատճառել է 7.5 մլրդ դրամի վնաս:  Եվ ուշագրավ է, որ այս օրերին ֆինանսների նախկին նախարարին  իրավապահ համակարգի ներկայացուցիչներն ասում են, որ նա պետք է բերի եւ այդ ամբողջ գումարը վերադարձնի պետությանը՝ ըստ էության գործարք առաջարկելով եւ ասելով՝ գումարը վերադարձրո՛ւ, քրեական հետապնդումից ազատվիր: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, գործարքին ի պատասխան, Գագիկ Խաչատրյանը հայտնել է, թե չի կարող 7.5 մլրդ դրամ վերադարձնել, այլ միայն 3.5 մլրդ դրամ, սակայն իրավապահ համակարգում չեն համաձայնել եւ ասել են՝ պետք է ամբողջը վերադարձնի: Սակայն Խաչատրյանն էլ հրաժարվել է՝ ասելով, թե այդ դեպքում ոչինչ էլ չի վերադարձնի, եւ հայտարարել է՝ թող ապացուցեն իր մեղավորությունը, հիմնավորեն, որ 7.5 մլրդ դրամի վնաս է հասցրել պետությանը: Հետաքրքիր է՝ ինչպես կավարտվի Խաչատրյաններ-ԱԱԾ մենամարտը:

 

 

 

Հայաստանում ընդհանուր ուղեւորափոխադրումները այս տարվա չորս ամիսներին նվազել են 38.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալը, անցած տարվա չորս ամիսների համեմատ, նվազել է 40.2 տոկոսով: Օրինակ, երկաթուղով ուղեւորափոխադրումները նվազել են 17.3 տոկոսով, իսկ ավտոմոբիլային ուղեւորափոխադրումները՝ 38.8 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալը նվազել է 47.2 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ նաեւ, որ էլէկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումներն այս տարվա հունվար-ապրիլին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 35 տոկոսով են նվազել: Էլեկտրատրանսպորտ ասելով՝ տվյալ դեպքում խոսքը Երեւանի մետրոյի մասին է: Արձանագրենք, որ ուղեւորափոխադրումների ծավալների նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ, անցած մոտ երեք ամիսներից սկսած, երկրում հայտարարված է արտակարգ դրություն, եւ դրա հետեւանքով քաղաքացիների տեղաշարժը նշված ամիսներին սահմանափակված է եղել:




Լրահոս