ՆԵՐԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ ԻՐԵՆՑ ԿՈՆՍՈԼԻԴԱՑՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե ՀՀ կառավարությունը պետք է 100 տոկոսով հրաժարական ներկայացնի, քանի որ գրեթե բոլոր ոլորտները ձախողել է: Ծառուկյանի հայտարարությունից հետո տեղեկություններ կար, որ ընդդիմադիր ուժերը կոնսոլիդացվում են ԲՀԿ-ի շուրջ, որպեսզի պահանջ ներկայացնեն իշխանությունների հեռացման վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի հետ՝ պարզելու համար, թե իշխանությունը ինչպես է վերաբերվում խորհրդարանի ընդդիմադիր ֆրակցիայի ղեկավարի հայտարարությանը:

 

-Տիկի՛ն Հայրապետյան, մի քանի օր առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հարյուր տոկոսով կառավարությունը պետք է հրաժարական տա եւ հեռանա, որովհետեւ ձախողել է գրեթե բոլոր ոլորտները: Դուք ճիշտ համարո՞ւմ եք, արյդ՞ք իշխանության կողմից ձախողում կա՞:

-Ես կարծում եմ՝ Հայաստանում քաղաքական ուժերը՝ թե՛ արտախորհրդարանական, թե՛ ներխորհրդարանական, այդպես էլ չհասկացան, թե ինչ է տեղի ունեցել 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին: Չկարողացան ճիշտ գնահատել իրավիճակը, հասկանալ ժողովրդի տրամաբանությունը: Բնականաբար, կարելի է տարբեր առումներով քննադատել իշխանությանը, բայց առավել եւս կորոնավիրուսի նման պայմաններում այդ քայլը կարելի է համարել դավադրություն: Այս իրավիճակում նման ելույթով հանդես գալը ոչ այլ ինչ է, քան դավադրական գործողություններ, եւ, այո, Գագիկ Ծառուկյանը իրեն դիրքավորեց՝ որպես նախկինների հետ սերտորեն աշխատող քաղաքական  ուժի ղեկավար:

-Ըստ Ձեզ՝ կոնսոլիդացիա կլինի՞ ընդդիմության միջեւ, այսինքն՝ «Լուսավոր Հայաստանը», արտախորհրդարանական ուժերը՝ ի դեմս «Հայրենիք» կուսակցության, որը ղեկավարում է Արթուր Վանեցյանը, կմիավորվե՞ն արդյոք:

-Ես  կարծում եմ՝ իրենց ներանձնական շահերը իրենց  արդեն  կոնսոլիդացրել են: Ուղղակի ամեն մեկը յուրատեսակ է դիրքավորվում, բայց ընդհանուր առմամբ բոլորն էլ նույն տրամաբանության մեջ են գործում՝ փորձելով հանդես գալ իշխանությունների ու դրանով նաեւ ժողովրդի կամքի դեմ: Որովհետեւ այն ամենն, ինչ ժողովուրդը  մերժել է, իրենք յուրահատուկ ձեւով ամեն մեկը մարմնավորվում է, եւ իրենք փորձում են  դրա հետագա զարգացումը կանխել, նաեւ այն բազմաթիվ բարեփոխումների, օրենսդրական փոփոխությունների, որոնք տեղի են ունենում Ազգային Ժողովում:

-Այս ամենին հետեւանքներ տեսնո՞ւմ եք, այսինքն՝ ընդդիմությունը դուրս գա փողոց, պահանջ ներկայացնի, որին կմիանա հանրությունը:

-Նախ ասեմ, որ ընդդիմության փողոց դուրս գալն այս պայմաններում, երբ համաճարակ է, եւ սահմանափակումներ են, հնարավոր չէ: Հայաստանում քաղաքացին է մեզ բերել իշխանության, եւ անձը, մարդիկ, խումբը, որ մեզ կարող է հեռացնել իշխանությունից նաեւ իր ընտրութան միջոցով, դա քաղաքացին է, ընտրություններն էլ 2023 թվականին են: Իսկ բացի իրար մեջ ներանձնական շահերի հարցում առկա կոնսոլիդացիայից, այլ կոնսոլիդացիա չի կարող լինել: Այն ամենը, ինչ իրենք մարմնավորում են, մերժվել է հենց քաղաքացու կողմից:

-Դուք չե՞ք կարծում, որ կա ոլորտ, որտեղ իշխանությունը ձախողել է, թեկուզ առողջապահական համակարգում, որովհետեւ համաճարակի այս օրերին տեսնում ենք, թե ինչ իրավիճակ է:

-Ես կարծում եմ, որ առողջապահական համակարգում, իսկապես, փորձում եմ լինել մաքսիմալ օբյեկտիվ, անկախ նրանից, որ պարոն Թորոսյանն իմ թիմի անդամն է, այս ընթացքը լավագույնս օգտագործվել է առողջպահական համակարգը պատրաստելու նման աղետի համար: Բնականաբար, ինչպես ցանկացած այլ երկրներում, բազմաթիվ խնդիրներ են առաջ գալիս: Բայց իսկապես այս օրերին արվում է մաքսիմալը: Ես շատ կուզեմ  քաղաքացիների գիտակցության մակարդակն այնքան բարձրանա, որ բժշկին չկանգնեցնեն այն ընտրության առաջ, որ փրկի երիտասարդին կամ մի փոքր տարեց մարդու կյանք: Դա շատ բարդ ու դաժան ընտրություն է:

-Ըստ Ձեզ՝ հրաժարականներ պե՞տք է լինեն:

-Ես կարծում եմ՝ այս փուլում միակ բանը, որ պետք է լինի, դա համազգային կոնսոլիդացիան է, եւ մեր նպատակը կանխել վիրուսի հետագա տարածումը. կրելով դիմակ, ախտահանելով ձեռքերը, պահպանելով սոցիալական հեռավորություն՝ ուղղակի կփրկենք կյանքեր:

-Իշխանության ներկայացուցիչները, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը Ծառուկյանի խոսքն ընկալեցին այսպես. քանի որ բազմաթիվ քրեական գործեր կան իր թիմակիցների դեմ, իր տարածքներն են ստուգում եւ այլն, դրանք պատճառ դարձան, որ համաճարակի օրերին նման հայտարարությամբ հանդես գան:

-Ես իրավական հարցերին չեմ անդրադառնա, դա մեր տիրությում չէ: Քաղաքական առւմով կասեմ, որ սա ուղղակի  դավադրություն էր, որովհետեւ նման իրավիճակում որեւէ ընդդիմություն անգամ սուր քննադատության պայմաններում միայն նպաստում է, որպեսզի այդ կոնսոլիդացիան տեղի ունենա, եւ մենք կանխենք վարակի տարածումը:

 Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՕԳՏՎԵԼ ԾՐԱԳՐԵՐԻՑ

2020 թ.-ին «Դայակ պետության աջակցությամբ» ծրագրից կարող է օգտվել 600 քաղաքացի: Սա շուրջ 20 % -ով ավելի է, քան նախատեսված էր 2019 թ.-ի համար: Տարվա ընթացքում ծրագրի իրականացման համար նախատեսված է 448 800 000 դրամ: Այս գումարը կբաշխվի 2020 թ.-ին ծրագրում ընդգրկված 600 քաղաքացիների եւ 2019 թ.-ից շարունակվող ծրագրերի ֆինանսավորման համար:

 

Տարեսկզբից ծրագրի օգնությամբ աշխատանքի է վերադարձել 224 մարդ: Հատկանշական է, որ մարտ, ապրիլ ամիսներին արտակարգ դրության պայմաններում աշխատանքի վերադարձածների թվում մեծ է բժիշկների, բուժքույրերի, մանկավարժների թիվը: Ծրագրի շահառուները զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված, մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող այն քաղաքացիներն են, ովքեր մինչեւ երեխայի երկու տարին լրանալը ցանկանում են վերադառնալ աշխատանքի: Այսպիսով, ծրագիրը միաժամանակ լուծում է երկու խնդիր՝ մի կողմից՝ կանխվում է անձի հմտությունների կորուստը, մյուս կողմից՝ բարելավվում ընտանիքի եկամուտները: Ծրագրում ընդգրկված անձին ֆինանսական աջակցությունը տրամադրվում է 11 ամիս ժամկետով ամսական կտրվածքով:

Մինչեւ երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար վճարվում է դայակի ամսական վարձատրության 50 տոկոսի չափով գումար, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Համավարակի պատճառով երկրում ստեղծված իրավիճակում, երբ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությունները ստիպված էին դադարեցնել իրենց գործունեությունը, ծրագրի շահառու համարվող անձանց հնարավորություն է տրվել լուծել նախադպրոցական հաստատության հետ կնքված պայմանագիրը եւ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել դայակի հետ:

Ս.Հ.

 

 

ՈՍՏԻԿԱՆՆԵՐՈՎ

Արդեն մի քանի օր է, «Իրազեկ քաղաքացիներ» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն այլ քաղաքացիների հետ միասին  հակահամաճարակային կանոնների հսկման ու աջակցման ակցիաներ է իրականացնում Երեւանում։ Դրանցից մեկի ժամանակ երեկ միջադեպ գրանցվեց նրա եւ իր ավտոտնակում գտնվող ոստիկանության լրատվական ծառայության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանի միջեւ, երբ Իոաննիսյանը վերջինիս հորդորեց դիմակ կրել: Ակցիաների եւ միջադեպի ընթացքում շատերի ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ աջակցման խմբերին ուղեկցում են ոստիկաններ: ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմեց Դանիել Իոաննիսյանին՝ հասկանալու համար, թե ինչու են նրանց ոստիկաններ ուղարկում: Ի պատասխան՝ Իոաննիսյանը նշեց. «Մենք աջակցում ենք ոստիկանությանը, ոստիկանությունն աջակցում է մեզ: Ոստիկանությանը մեր աջակցությունը կայանում է նրանում, որ մենք հորդորում ենք, առաջարկում ենք, խնդրում ենք, բացատրում ենք մարդկանց կրել դիմակներ եւ պահպանել հակահամաճարակային կանոնները: Մեր աջակցությունը կայանում է նաեւ նրանում, որ մենք ոստիկանությանը մատնացույց ենք անում այն քաղաքացիներին, որոնք հրաժարվում են դիմակ կրել, կատարում են իրավախախտում: Եվ ոստիկանությունը մեզ աջակցում է նրանում, որ այդպիսի մարդկանց տուգանում են»: Մեկնաբանության համար դիմեցինք  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին, որ մեզ հետ զրույցում նշեց, թե ոստիկաններն իրազեկող խմբին ուղեկցում են միայն հասարակական կարգ ապահովելու համար:

 

 

ՆԻՍՏ ԵՆ ԱՐԵԼ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ Վանաձոր քաղաքում տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նիստը: Մեր տեղեկություններով՝ նիստի ժամանակ հիմնական թեման եղել է կուսակցության առաջիկա անելիքները, ռազմավարությունը: Նրանք քննարկել են, թե ինչպես վարվեն առաջիկայում, ում հետ համագործակցեն, ինչպիսի դիրք գրավեն: Այսինքն՝ չկա մի հարց, որը երեկ չի քննարկվել: Մեկնաբանության համար դիմեցինք կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, որը հաստատեց խորհրդի նիստ անցկացնելու մասին լուրը, սակայն մանրամասներ չհայտնեց՝ ասելով, թե առաջիկայում կներկայացնեն խորհրդի նիստի ժամանակ կայացված որոշումների մասին:

 




Լրահոս