ՈՎՔԵ՞Ր ՀԱՄԱՏԱՐԱԾ ԿՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրումը կառավարությունը որպես ժամանակավոր միջոցառում չի դիտարկում: Նպատակը եկամուտների հայատարագրման համակարգի ներդրումն է, եւ ըստ էության հասնել նրան, որ տեղի ունեցող գործարքները համատարած փաստաթղթավորվեն, ի վերջո նաեւ՝ տնտեսական շարժառիթներով հիմնավորված.  այս մասին այսօր  ԱԺ տնտեսական եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ՝  արձագանքելով պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցադրմանը:

 

«Առնվազն սկզբնական փուլում կլինի այն տեխնոլոգիան, որ հարկային մարմինը յուրաքանչյուր ֆիզիկական անձի համար հայտարարագրի նախագիծը այն տեղեկատվության հիման վրա, որ հասանելի է հարկային մարմնին, եւ առաքի տվյալ ֆիզիկական անձին, որպեսզի վերջինս իր վերաբերմունքն արտահայտի»,- մանրամասնեց նախարարը եւ հավելեց, որ կլինի նաեւ սոցիալական կրեդիտների հնարավորություն:

«Հիմնական ուղղությունները, որոնք քննարկման առարկա են, մարդկային կապիտալին առնչվող ուղղություններն են, եւ ենթադրվում է՝ բնակարանային ապահովության, կրթության եւ առողջապահությանը վերագրվող ծախսերը հնարավոր կլինի ֆիզիկական անձանց համար նվազեցնել հարկման բազայից հաշվետու տարվա արդյունքներով: Եկամուտների համատարած հայտարագրումը հնարավորություն կտա նույնականացնել  յուրաքանչյուրին, քանի որ համավարակի հետեւանքով առաջացած իրավիճակում պարզ դարձավ, որ տեղեկատվության պակաս կա, որպեսզի սոցիալական աջակցությունը լինի հնարավորինս թիրախային: Ի վերջո նաեւ հարկային գործակալն այսօր վերաբերելի է սահմանափակ թվով գործարքների ու եկամուտների համար, մինչդեռ գործող կարգավորումներով ենթադրվում է, որ այլ եկամուտները եւս ենթակա են հայտարագրման, բայց որեւէ մեխանիզմ կամ շարժառիթ չկա դրանք հայտարարագրելու համար»,- հավելեց նախարարը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ իր հերթին ընդգծեց, որ  ի հակառակ տարածվող շատ տեսակների՝ այն մարդկանց հարկային բեռը չի ավելացնելու:

«Նախագիծը վատթարացնող դրույթներ չի պարունակելու, եւ ես ամեն ինչ կանեմ, որ մինչ նախագիծը ընդունվելը մենք համապարփակ ամեն ինչ քննարկենք: Որքանով ինձ հայտնի է, հարկային դրույքաչափի բարձրացում չի նախատեսվում եւ նոր հարկատեսակների ավելացում չի նախատեսվում»,- նկատեց Թունյանը:

Իր հերթին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց, թե եկամուտների հայտարագրման շահառու են դառնալու Հայաստանում միայն մշտապես բնակվող, թե Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձինք: Պատգամավորը նկատեց, որ շատ են անձինք, որոնք ապրում են արտերկրում, չեն հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից, երկքաղաքացի են, եւ եթե նրանք դառնան հայտարարագրման սուբյեկտ, դա հարցեր կարող է առաջացնել:

«Քննարկվող նախաձեռնության համատեքստում ենթադրվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող բոլոր քաղաքացիները, Հայաստանում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձինք, Հայաստանում մշտապես բնակություն ունեցող եւ որեւէ կարգավիճակ չունեցող, ինչպես նաեւ փախստականի կարգավիճակ ունեցող անձինք պետք է լինեն հայտարարագիր ներկայացնող»,- արձագանքեց նախարարը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս էր անդրադարձել էր այս հարցին` ասելով, որ ժամանակն է ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման մեխանիզմ ներդնել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 




Լրահոս