Երգչուհի Արեւիկ Ալավերդյանը, ով ապրում է Փարիզում, երկրորդ անգամ է մայրացել: Երգչուհին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կիսվել է դուստր ունենալու զգացողությունների, ինչպես նաեւ չիրականացած երազանքների եւ նպատակների մասին:
-Արեւի՛կ, արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ ապրում եք Փարիզում: Ինչո՞վ եք զբաղվում այնտեղ: Երգարվեստ վերադառնալու մտադրություն ունե՞ք:
-Երգարվեստ վերադառնալու մտադրություն չունեմ, բայց ամեն անգամ մտածում եմ որեւիցե աշխատանքով հանդես գալ, բայց միշտ հետաձգվում է:
-Որքան ես գիտեմ, փորձում էիք Փարիզում մուտք գործել նորաձեւության աշխարհ, ո՞ր փուլում եք գտնվում:
-Օ՛յ, մուտք գործել նորաձեւության աշխարհ շատ անհավանական եւ ճոխ է հնչում, ես պարզապես ցանկանում եմ ունենալ իմ փոքրիկ ցուցասրահը, որտեղ ցուցադրված կլինեն իմ հեղինակային հագուստները: Իրականում դա այդքան էլ հեշտ բան չէ, Հայաստանի հետ չհամեմատենք, քանի որ այսօր բոլորը Հայաստանում մոդելավորող են արթնանում: Ծանր ու թեթեւ եմ անում, քանի որ բացի այն, որ բավականին թանկ հաճույք է, նաեւ պետք է հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ արդեն ունեմ երկու բալիկ: Բայց, այնուամենայնիվ, նպատակս դա է:
-Արեւի՛կ, օրեր առաջ լույս աշխարհ է եկել Ձեր երկրորդ բալիկը: ԿԿիսվե՞ք մեզ հետ Ձեր զգացողություններով:
-Այո, օրեր առաջ լույս աշխարհ եկավ իմ աղջիկը: Ինչպես Դավիթի ծննդյան ժամանակ, այս անգամ էլ անսահման երջանիկ եւ հուզված ենք ամուսնուս հետ միասին: Անչափ ուրախ ենք, որ մեր ընտանիքը համալրվեց եւս մեկ հրաշքով:
-Առաջին բալիկից հետո ինչպե՞ս եք Ձեզ զգում այս նոր կարգավիճակում:
-Անկեղծ շատ ավելի լավ եւ ինքնավստահ եմ: Դավիթիս ժամանակ փորձ չունեի, վախենում էի, նեղսրտում, երբ ինչ-որ բան չէր ստացվում: Այս անգամ արդեն բավականին ինքնավստահ եմ, արդեն փորձառու մայրիկ եմ:
-Մեր նախորդ զրույցում նշել էիք, որ միայնակ եք խնամել Ձեր որդուն, հիմա արդեն երեխաները երկուսն են, կրկին միայնա՞կ եք խնամում նրանց, դժվա՞ր չէ:
-Այո՛, միայնակ եմ խնամում, բայց, իհարկե, օգնողներ կան. երբ հարկավոր է լինում անպայման դիմում եմ: Դժվար է իհարկե, բայց հաղթահարելի:
-Ինչպե՞ս եք անվանել Ձեր երկրորդ բալիկին:
-Աղջկաս անվանել ենք Կարինե՝ ի պատիվ ամուսնուս մայրիկի, ով, ցավոք, կյանքից հեռացել է, երբ ամուսինս Դավիթից էլ շատ ավելի փոքր տարիքում է եղել:
-Ինչպե՞ս տեղի ունեցավ Դավիթի եւ նրա առաջին հանդիպումը:
-Դավիթն իրականում շատ անհամբերությամբ էր սպասում թե՛ ինձ, թե՛ քույրիկին: Ցավոք, համավարակի պատճառով ինձ մոտ այցելություններն արգելված էին, բացի ամուսնուցս: Մեկ շաբաթ տղայիս չեմ տեսել, միայն տեսազանգով էինք շփվում: Նրան ցույց էի տալիս քույրիկին, շատ էր ուրախանում, իսկ արդեն երբ եկանք տուն, շատ դրական եւ ուրախ ընդունեց: Շատ սիրում է քույրիկին , անդադար համբուրում, չի խանդում, ինչից շատ էի վախենում:
-Արեւի՛կ, քանի որ ապրում եք հայրենիքից հեռու, հետեւո՞ւմ եք արդյոք Հայաստանում կատարվող իրադարձություններին:
-Այո, ես միշտ հետեւում եմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, հայաստանյան անցուդարձին:
-Իսկ հեռվից հետեւո՞ւմ եք մեր երգարվեստի ներկայացուցիչներին: Ի՞նչ տպավորություն ունեք:
-Երգարվեստին չեմ հետեւում, բայց կան տաղանդավոր երաժիշտներ, որոնց հետեւում եմ:
-Ի՞նչ երազանքներ ունեք չիրականացված, որ կցանկանայիք անպայման իրագործել:
-Երազանքներիցս մեկը հենց սեփական բրենդ ունենալն էր, որը չիրականացավ, բայց դեռ մտածում եմ այդ ուղղությամբ: Ես գիտեմ, որ ինձ հետ միասին շատ աղջիկներ են սպասում:
-Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք մեր աղջիկներին, ովքեր ապագա մայրիկներ են:
-Ապագա մայրիկներին խորհուրդ կտամ դժվարություններից չնեղսրտել, չվախենալ, երբեք չմտածեն, որ լավ մայր չեն, երբ հոգնում են, կամ ուժասպառ են, չեն կարողանում երեխայի հետ զբաղվել, եւ միշտ հիշեն, որ դժվարությունները ժամանակավոր են: Ժամանակ տրամադրեք երեխային եւ, իհարկե, ինքներդ Ձեզ, քանի որ երբ երջանիկ է բալիկը, երջանիկ է նաեւ մայրիկը:
-Ի՞նչն է կարեւոր Ձեզ համար կյանքի այս փուլում:
-Ընտանիքս եւ այն ընտանիքը, որտեղ ծնել եւ մեծացել եմ: Ընտանիքից կարեւոր ոչինչ չկա ինձ համար:
-Եվ վերջում՝ Արեւի՛կ, կցանկանայի անդրադառնալ նաեւ այս կորոնավիրուս համավարակին, Դուք ի՞նչ կանխատեսումներ ունեք, ե՞րբ կավարտվի սա:
-Ճիշտն ասած, չգիտեմ, թե երբ կավարտվի այս համաճարակը, բայց բոլորին խնդրում եմ զգոն լինեն, ուշադիր: Հուսանք, որ այս սարսափելի շրջանը շուտով կավարտվի եւ կմնա անցյալում:
-Ֆրանսիայում իրավիճակն ինչպիսի՞ն է, ի՞նչ համեմատություններ կարող եք անցկացնել:
-Այստեղ կամաց-կամաց կյանքը վերականգնվում է, բայց, իհարկե, հասարակական վայրերում դիմակ կրելը պարտադիր է:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
«ՍԻՐՈՒՆ ՍՈՆԱ»-Ի ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ». ԵԼԵՆԱ ԱՐՇԱԿՅԱՆ
«Սիրուն Սոնա» հեռուստասերիալի նկարահանումներն արդեն ավարտվել են: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է հեռուստասերիալի գլխավոր պրոդյուսեր Ելենա Արշակյանը:
Մեզ հետ զրույցում Ելենան նշել է, որ համավարակի այս ամիսների ընթացքում նրանք չեն դադարեցրել նկարահանումները, քանի որ ամեն օր՝ երեկոյան ժամին, հանդիսատեսն անհամբերությամբ է սպասել սերիալին:
«Ինչը մեզ բոլորիս է՛լ ավելի էր ոգեւորում եւ ուժ տալիս, որպեսզի է՛լ ավելի եռանդով աշխատենք, չնայած որ վախի զգացողությունը միշտ է եղել, որ հանկարծ մեկս մյուսին չվարակենք, հանդես չգանք որպես վարակակիր, թեեւ խստագույնս պահպանվել են բոլոր հիգիենայի եւ վիրուսի կանխարգելման կանոնները»,-ընդգծում է նա:
Ելենայի խոսքով` սերիալը բավականին մեծ վարկանիշ ունի, ինչի համար նա շնորհակալ է նկարահանող խմբին, դերասաններին եւ իհարկե հեռուտադիտողին:
Նկարահանման ավարտին Ելենա Արշակյանը եւ սցենարիստ Անահիտ Մխիթարյանը նկարահանման հրապարակ են գնացել փոքրիկ տորթով եւ, ավանդույթի համաձայն, իրենց երախտիքի խոսքն են ասել իրենց թիմին:
«Նկարահանումները երեկ ենք ավարտել՝, 24 ժամ աշխատելուց հետո, հուզմունքոս շատ մեծ էր, նկարահանումներն անցել են բավականին բարդություններով, ու այս նախագծով մենք արդեն հետք ենք թողնում պատմության մեջ: Նկարահանումներն ավարտվել էին, բայց ոչ մեկը չէր շտապում տուն գնալ: Այնպիսի տպավորություն էր, որ բաժանվելու էինք իրարից ու էլ չէինք հանդիպելու: Ջերմ մթնոլորտում իրար հրաժեշտ տվեցինք՝ հավատալով, որ կրկին կհանդիպենք»,-նշում է նա:
Մեր այն հարցին, թե որն է Ելենայի համար նրա հաջողության գրավականը, նա պատասխանել է` միանշանակ ազնվությունը. «Իրականում ցանկացած գործում, եթե անում ես սիրով եւ ազնվությամբ, չես կարող չհաջողել: Դու ինքդ քեզ հետ պետք է ազնիվ լինես»:
Իսկ ինչ վերաբերում է առաջիկա նախագծերին, նա հավելեց, որ նոր նախագծեր կան, բայց դեռ ոչինչ ասել չի կարող, ընթացքը ցույց կտա:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմար Ժունիորի մոր՝ Նադինա Գոնսալվեշի ընկերը՝ կիբերսպորտի աստղ, 23-ամյա Տիագո Ռամոսը, տեղափոխվել է հիվանդանոց: Տիագո Ռամոսի ձեռքին 12 կար է դրվել, եւ նա դուրս է գրվել հիվանդանոցից: «Տիագո Ռամոսը վնասել է ձեռքը կենցաղային աշխատանք կատարելիս: Ապակին ընկել է նրա վրա, որի պատճառով Ռամոսը ստացել է կտրվածքներ»,- ասել է Նեյմարը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նադինա Գոնսալվեշն ու Տիագո Ռամոսը պատրաստվում են ամուսնանալ:
ԹԵՍՏ ԿՀԱՆՁՆԵՆ
Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր մրցավարներն այս շաբաթ կորոնավիրուսի թեստ կհանձնեն. տեղեկացնում է Dailymail-ը: Այն մրցավարները, որոնց թեստի պատասխանը կլինի բացասական, կսպասարկեն Անգլիայի առաջնության առաջիկա տուրի հանդիպումները: Ավելի վաղ կորոնավիրուսի թեստ էին հանձնել Պրեմիեր լիգայի բոլոր թիմերի ֆուտբոլիստները: Բոլոր պատասխանները եղել էին բացասական: Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Անգլիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 17-ին։
ԿՇԱՐՈՒՆԱԿԻ
Լոնդոնի «Տոտենհեմի» բելգիացի կենտրոնական պաշտպան Յան Վերտոնգենը մարզական կարիերան կշարունակի Միլանի «Ինտերում». տեղեկացնում է CorSport-ը: Միլանյան ակումբն արդեն համաձայնության է եկել 33-ամյա ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերի հարցում: Վերտոնգենի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտ, ինչը նշանակում է, որ նա «Ինտեր» կտեղափոխվի անվճար: Յան Վերտոնգենը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2012 թվականից: