ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում կարելի է հաջողության հասնել միայն կառավարություն-հանրություն զանգվածային համագործակցության արդյունքում:
«Ես քաղաքացիներին որևէ բանում չեմ մեղադրում, ներկայացնում եմ այն, ինչ կա: Փորձում եմ օգնել քաղաքացիներին, ինքս ինձ և կառավարությանը, և դա մեր ընդհանուր խնդիրն է: Անհրաժեշտ է ավելի լավ հասկանալ մեր իրավիճակը, դրա բարդություններն ու հետագա բարդացման պատճառները: Մեր խնդիրն է ախտորոշել պրոբլեմը, որպեսզի կարողանանք լուծել այն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը հունիսի 13-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ պարետատան նիստերին քննարկում են, թե կառավարության գործողությունների ինչ չհամակարգվածություններ են եղել և ամենօրյա ռեժիմով աշխատում են այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ, որպեսզի համակարգն ամբողջությամբ աշխատի մաքսիմալ արդյունավետ, բայց միևնույն է վարչապետի հիմնական թեզը այս հարցում շարունակում է մնալ հետևյալը, որ այս խնդիրը հնարավոր է լուծել միայն կառավարություն-հանրություն զանգվածային համագործակցությամբ:
«Կորոնավիրուսն անսպասելի իրավիճակի մեջ է դրել աշխարհի ամենազարգացած երկրներին, և մեր ամենամեծ առավելությունը և թերևս ամենամեծ պրոբլեմն այն է, որ մենք գործում ենք հարյուր տոկոսով թափանցիկ: Մենք մեր բացթողումները, սխալները, անհաջողությունները որևէ կերպ թաքցնելու և մեղմելու խնդիր չունենք: Ուզում ենք մեր իրավիճակը ճիշտ ախտորոշել, ճիշտ լուծումներ գտնելու համար»,-շեշտեց ՀՀ վարչապետը:
Վերադառնալով քաղաքացիներին մեղադրելու խնդրին՝ Փաշինյանն ասաց, որ, ի վերջո, քաղաքացին է դառնում ստեղծված իրավիճակի թիվ մեկ զոհը, ուստի ինչպե՞ս կարելի է զոհին մեղադրել այն իրավիճակի համար, որում նա հայտնվում է: Ըստ Փաշինյանի՝ տվյալ դեպքում իրենք պարտավոր են քաղաքացիներին ներկայացնել պատճառները, ճշմարտությունը, պատճառահետևանքային կապերը, որոնք բոլորին բերում են այս վիճակի:
«Մեր գործողությունների արդյունավետությունը պետք է բարձրանա, պետք է բարձրանա նաև քաղաքացիների կարգապահոթյունը: Մենք համագործակցության ենք հրավիրում առանց մեղադրանքների բոլոր քաղաքացիներին և շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն հայրենակիցներին, որոնք ճշգրիտ պահպանում են հակահամաճարակային կանոնները»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: