Վերջին շրջանում հաճախ քննադատության թիրախ է դառնում կառավարության աշխատանքը արտակարգ դրության օրերին: Իսկ օրեր առաջ էլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խոսել էր ՀՀ կառավարության ամբողջական կազմը փոխարինելու անհրաժեշտության մասին եւ կոնսոլիդացիայի կոչ արել: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի հետ՝ փորձելով պարզել, թե նա ինչպես է վերաբերվում Ծառուկյանի կոչին, եւ ինչպես է գնահատում կառավարության աշխատանքը:
-Կիրակի օրը Վանաձորում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ու խորհուրդը նիստ էին հրավիրել: Նշվում է, որ այնտեղ քննարկվել է նաեւ Վանաձորի քաղաքապետի հարցը. 2021 թվականին ընտրություններ են սպասվում: Ինչի՞ համար է նիստ հրավիրվել:
-Իմ կարծիքով՝ այդ ինֆորմացիան մի քիչ տեղին չեն ասել: Երկրում այս պահին ավելի լուրջ հարցեր կային, քան Վանաձորի քաղաքապետի մյուս տարվա ընտրությունները: Հիմնականում քննարկել են ստեղծված իրավիճակում ճանապարհային քարտեզը:
-Կոնկրետ ինչ-որ բան որոշվե՞լ է: Խորհուրդն ի՞նչ է որոշել, ի՞նչ եք անելու առաջիկայում՝ ստեղծված իրավիճակի հետ կապված:
-Նախ նշեմ, որ ստեղծված իրավիճակում հիմնականում բոլորիս պրոբլեմը նույնն է՝ համավարակից ազատվելը: Եվ այդ կոնտեքստում առաջին քայլերը, կարծում եմ, հենց դա պետք է լինի: Դրանից հետո պետք է կոնկրետ առաձգական քայլեր ձեռնարկվեն:
-«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջարկում է՝ հարյուր տոկոսով կառավարությունը հրաժարական տա, որովհետեւ բոլոր ոլորտներում ձախողումներ է տեսնում: Դուք կիսո՞ւմ եք այդ դիրքորոշումը:
-Մինչեւ պարոն Ծառուկյանի հայտարարելը ես ուզում եմ հիշեցնել մայիսյան իրադարձություններից հետո մեր խմբակցության ղեկավարի հայտարարությունները, որը մոտավորապես նույնն էր: Առանձապես նոր բան չեմ լսել ես: Այիսնքն՝ ինչ ասվել է, մենք էլ ենք ասել:
-Գագիկ Ծառուկյանը կոնսոլիդացիայի կոչ է անում, այսինքն՝ ընդդիմությունը միավորվի եւ կոնկրետ քայլեր ձեռնարկի: Արդյոք «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պե՞տք է միանա Ծառուկյանի կոչին:
-Ես նորից պետք է հիշեցնեմ նախկին իրադարձությունները եւ ասեմ, որ այն ժամանակ մենք հայտարարել ենք, որ համախմբումը պատկերացոնւմ ենք «Լուսավոր Հայաստանի» շուրջ: Այսինքն՝ եթե պետք է լինի համախմբում, ապա պետք է լինի «Լուսավոր Հայաստանի» շուրջ:
-Արտախորհրդարանական ուժերը եւս՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, հայտարարում են ՀՀ կառավարության հրաժարականի մասին: Արդյոք «Լուսավոր Հայաստանը» պահանջո՞ւմ է, որպեսզի ՀՀ կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնեն:
-Ես ուզում եմ կրկնեմ իմ խոսքերը, որ կլինի արտախորհրդարանական, թե խորհրդարանական, համախմբումը ես միայն պատկերացնում եմ «Լուսավոր Հայաստանի» շուրջ:
-«Լուսավոր Հայաստանն» օրակարգում ունի՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը:
-Այդ մասով պետք է Ձեզ խորհուրդ տամ լսել պարոն Մարուքյանի հայտարարությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվել է վարչապետ, եւ նա պետք է իր գործն անի, եւ այդ ճանապարհին մենք պետք է վերահսկենք:
-Այսինքն՝ պարոն Փաշինյանի կատարած աշխատանքից դժգոհություն ունե՞ք, թե՞ Դուք դժգոհում եք առողջապահական ոլորտից: Ո՞րն է «Լուսավոր Հայաստանի» առաջնային խնդիրը:
-Նախ նշեմ, որ եթե հիշում եք, այն ժամանակ էլ, իհարկե, տիկին Թանդիլյանը կոնկրետ մատնանշեց այն ոլորտները, որոնց մասին հետագայում մենք կբարձրաձայնենք: Ուզում եմ այս համատեքստում մի բան ասել, որ եթե մակրոմակարդակում ենք դիտարկում կառավարությունը, բնականաբար կան բացթողումներ: Դրանք իրականացնողները պետք է այլեւս չաշխատեն:
-Այսինքն՝ այն մարդիկ, այն նախարարաները, գերատեսչության ղերակավարները, որոնք ձախողել են, իրենք պետք է հեռանան, հրաժարական ներկայացնե՞ն:
-Այս պահին, կարծում եմ, այո: Համավարակից հետո կամ այս ընթացքում կորոշենք: Եթե ասեմ, որ հստակ ինչ-որ որոշում է կայացվել, ոչ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՊԱՐԵՏԱՅԻՆ ՎԻՃԱԿ Է, ԹՈՇԱԿ ՉԵՆ ՍՏԱՆՈՒՄ
Երեւանի բնակչուհի 94-ամյա Նորա Մարտիրոսյանը արդեն մի քանի օր է՝ կենսաթոշակ չի ստացել. «Հայփոստ»-ի բաժանմունքում ասել են՝ փող չկա, փոստատարն էլ տուն չի բերում: Այս մասին ArmLur.am-ին վրդովված փոխանցեց Նորա Մարտիրոսյանի դուստրը՝ Գայանեն:
«Երկու թոշակառու ապրում ենք միասին՝ մայր ու աղջիկ. 45 տարի աշխատել եմ, 33 տարվա ղեկավար աշխատող եմ եղել ու ամեն անգամ ես ամսի մեկին աշխատավարձ եմ տվել, մարդավայել, կարգ ու կանոնով, իսկ հիմա նստած նայում ենք երկնքին, թե երբ են թոշակը բերելու: Խնդրում եմ ձեզ, ճշտեք՝ ոնց կարելի է այս ձեւով վարվել մարդկանց հետ: Ասում են՝ պարետային վիճակ է, ռիսկի խումբ է, դուրս մի՛ եկեք, ես էլ խնդրել եմ մեկին, եկել է, 94 տարեկան մորս հունիսի 3-ին տարել եմ «Հայփոստ», ասացին՝ փող չկա: Իսկ այսօր հունիս 9-ն է, 60 հազար դրամ էլ չի կազմում, չեն բերում… Մարդիկ ինչպե՞ս պետք է ապրեն, գողությո՞ւն անեն: Կներեք իմ վրդովվունքի համար, այն ձեզ չի վերաբերում»,- զայրացած պատմեց տիկին Գայանեն:
Սա դեռ ամենը չէ: Քաղաքացուն ավելի շատ զայրացրել է այն, որ Սոցապ նախարարության թեժ գծի զանգերն են անպատասխան մնացել
«Նախարարության թեժ գիծ հեռախոսահամարով զանգահարում ենք, չեն պատասխանում, հետո զանգում ենք պարետատան թեժ գծի հեռախոսահամարին, դարձյալ չեն արձագանքում: Ամբողջ օրը տառապում ես հեռախոսի մոտ, չեն պատասխանում: Զանգում ենք 114 հեռախոսահամարով, ոչ ոք չի պատասխանում, երեկ ամբողջ օրը ես հեռախոսից չեմ հեռացել, ոչ մի պատասխան չեմ ստացել, ընդամենը ռոբոտն է միացրած, որն ասում է, որ, իբր, մեր զանգը շատ թանկ է իրենց համար, բոլոր օպերատորները զբաղված են, այս են, այլ են եւ այլն: Եւ կարող է այդպես ամբողջ օրդ կորցնես սպասելով: Մայրս 63 տարի աշխատել է պետության համար, իր հայրը կռվել է այս պետությունը կառուցելու համար, բայց հիմա մենք նստած սպասում ենք մեր աշխատանքին, այդ գրոշներին, դա էլ ժամանակին չեն բերում»,- վրդովվեց Գայանե Մարտիրոսյանը
ArmLur.am-ը քաղաքացու խնդրով դիմեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանին եւ խնդրեց պարզաբանում տալ, միաժամանակ փոխանցեցինք նաեւ քաղաքացու հեռախոսահամարը, անունն ու ազգանունը: Նշեցինք, որ վեց օր է՝ մարդիկ սպասում են կենսաթոշակին, սակայն քաղաքացու խնդրով զբաղվելու եւ այն լուծելու փոխարեն մամուլի խոսնակը հորդորեց մեզ ընթացակարգով դիմել նախարարություն, այսինքն՝ հարցը գրավոր ուղարկել, ապա «կնոջից իր եւ մոր անձնագրի պատճեններն ուզել, կցել հարցմանը եւ ուղարկել նախարարություն»: Հետո մի քանի օր դեռ պետք է սպասենք հասարակ հարցի պատասխանին՝ ինչու երկու թոշակառուները դեռ չեն ստացել իրենց հասանելիք կենսաթոշակը Ըստ մամլո խոսնակի՝ իրենք չեն կարող երրորդ անձին անձնական տվյալ փոխանցել, բայց տեղեկացնենք, որ մեզ անձնական տվյալ պետք չէ, մենք ընդամենը փորձում ենք բարձրաձայնել քաղաքացու խնդիրը, որն արդեն վեց օր է՝ սպասում է իր կենսաթոշակին, որպեսզի ապրի:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՎԱՏԱՌՈՂՋ Է
Ազգային ժողովում երեկ ընթանում էին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի նախագծի քննարկումները: Այսօր կատարողականը պետք է ներկայացներ նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Սակայն հանձնաժողովի նիստում Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, թե Աղաջանյանը վատառողջ է եւ չի ներկայացել նիստին: Ներկաները զարմացած էին այս հայտարարությունից եւ իրարից հետաքրքրվում էին, թե արդյոք պատճառը կարող է լինել կորոնավիրուսով վարակված լինելը: Մեկնաբանության համար ArmLur.am-ը դիմեց Էդուարդ Աղաջանյանին: Վերջինս մեզ հետ զրույցում կրկին փաստեց, որ ինքը վատառողջ է եւ այս պահին տանն է, աշխատանքի չի գնացել: «Այսօր տանն եմ, վաղվանից աշխատանքի կգնամ: Որեւէ խնդիր չկա»,- նշեց նա՝ հավելելով, թե իր վատառողջ լինելը պայմանավորված չէ կորոնավիրուսով:
ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ
ArmLur.am-ի խմբագրությունը մի խումբ քաղաքացիներից ահազանգեր է ստանում այն մասին, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը հաճախակի է օգտվում հիվանդանոցի հարակից տարածքում գտնվող սուպերմարկետներից, սննդի տարբեր կետերից, ինչն էլ տեղի բնակիչների մոտ անհանգստություն է առաջացրել, քանի որ վերջիններս շփվում են կորոնավիրուս հիվանդություն ունեցող հիվանդների հետ։ Բնակիչների խոսքով՝ տարածքում որեւէ ախտահանման աշխատանքներ չեն իրականացվում, եւ վերջիններս ահազանգում են՝ անհանգստանալով իրենց առողջության համար: «Շատ ենք տեսնում, թե ինչպես են հիվանդանոցի աշխատակիցները խանութներից գնում սուրճ, թեյ, ինչը մեզ շատ է անհանգստացնում»։ Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում վստահեցրել է, որ այն բուժաշխատողները, ովքեր օգտվում են խանութներից, նրանք լիովին առողջ են եւ պարբերաբար թեստավորվում են։ «Այո, աշխատակիցները հիվանդանոցից դուրս են գալիս թերեւս միայն սուրճ կամ թեյ գնելու համար։ Ամեն հիվանդանոցից դուրս գալուց եւ բաժանմունք մտնելուց նրանց արտահագուստն ամբողջությամբ փոխվում է, ախտահանվում են, նույնը նաեւ ամեն հիվանդանոց մտնելիս է կատարվում, եւ որեւէ անհանգստանալու պատճառ չկա»,-նշում է նա։