Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդուարդ Ավետիսյանը նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով փոփոխություն կատարել Երեւան քաղաքի ավագանու որոշումներից մեկի մեջ: Նա մասնավորապես առաջարկում է փոփոխություն կատարել ավագանու նիստերի անցկացման կարգի մեջ՝ փոփոխելով, օրինակ, հարց տալու, արձագանքելու համար նախատեսված ժամանակը:
Մեկ ուշագրավ փոփոխություն է նախատեսում ավագանու անդամը. այժմ, կանոնակարգի համաձայն, քաղաքապետը, քաղաքապետի տեղակալները եւ խմբակցությունների ղեկավարները հարց են տալիս ու ելույթ ունենում արտահերթ, սակայն հիմա նա առաջարկում է խմբակցություններին զրկել այդ իրավունքից, եւ ամրագրել, որ միայն քաղաքապետն ու քաղաքապետի տեղակալը կարող են արտահերթ ելույթ ունենալ: Բացի այդ, այժմ ավագանու յուրաքանչյուր նիստից հետո տեղի է ունենում հարցուպատասխան՝ քաղաքապետի, տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների եւ ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Այժմ ավագանու անդամն առաջարկում է դա դարձնել երկու ամսվա մեջ առնվազն մեկ նիստի ընթացքում:
Նկատենք, սակայն, որ ավագանու նիստերին հարցուպատասխանի ֆորմատն ամենանգամյա է դարձել հեղափոխությունից հետո, եւ առաջարկի հեղինակները եղել են «Լույս» խմբակցության անդամները: Նախկինում եւս հարցուպատասխանն անցկացվում էր երկու ամիսը մեկ պարբերականությամբ, սակայն ընդդիմադիր խմբակցության առաջարկն ընդունվեց եւ դարձավ, որ այն տեղի է ունենում յուրաքանչյուր ամիս: Այժմ, փաստորեն, ավագանու իմքայլական անդամը ցանկանում է փոփոխություն անել եւ կրկին վերադառնալ հին ռեժինին, որը գործել է հեղափոխությունից առաջ:
Նախագծի էությունն այն է, որ ավագանու նիստերը ավելի կարճ տեւեն, իսկ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներն էլ արտահերթ ելույթ չկարողանան ունենալ: Օրինակ այն, որ հարցուպատասխանի փոխարեն ներդրվում է մտքերի փոխանակության ժամ, երբ ավագանու յուրաքանչյուր անդամ կարող է ելույթ ունենալ օրակարգից դուրս թեմայով, որի հնարավորությանը գործող կանոնակարգով չկա կամ որ խմբակցության ղեկավարի արտահերթ ելույթի փոխարեն ներդրվում մի կարգ, ըստ որի խմբակցությունը կարող է մեկ արտահերթ ելույթ ունենալ ու այս դեպքում ոչ թե միայն խմբակցության ղեկավարը, այլ յուրաքանչյուր անդամ ղեկավարի ներկայացմամբ։ Մեկ այլ փոփոխության մեջ էլ ասվում է. «Ավագանու հերթական նիստին՝ օրակարգային հարցերի քննարկման ավարտից անմիջապես հետո, նիստը վարողը հայտարարում է մտքերի փոխանակություն, որի ընթացքում ավագանու յուրաքանչյուր անդամ կարող է հանդես գալ մինչեւ հինգ րոպե տեւողությամբ ելույթով։ Ավագանու անդամները ելույթ են ունենում ըստ հերթագրման հաջորդականության՝ նիստը վարողի կողմից ելույթ ունեցողի անուն-ազգանվան հայտարարմամբ։
Այս առնչությամբ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հույս ունի, թե իշխող խմբակցության կազմում կլինեն մարդիկ, որոնք դեմ կլինեն այս փոփոխություններին: Նա մեզ հետ զրույցում եւս ընդգծեց, թե հարցուպատասխանն ամեն նիստի ժամանակ դարձնելը հենց իրենց նախագիծն է եղել: «Իմ քայլական ավագանու անդամները նախագիծ են բերում, որ փոփոխություն անեն՝ նախկինների վերարկուն ետ բերելու համար, ավելին` փոփոխության մեջ կա նաեւ խմբակցությունների ղեկավարներին արտահերթ ելույթի իրավունքից զրկելը: Հույսս չեմ կտրում, որ «Իմ քայլում» այդ վերարկուն չհագնողներ են լինելու, եւ նախագիծը չի անցնելու», – նշում է նա:
Նկատենք, որ Երեւանի ավագանու նիստերը երկարատեւ են լինում, հաճախ ավարտվում են ուշ ժամի եւ հիմնականում հենց հարցուպատասխանի ֆորմատի պատճառով: Եվ, մեր տեղեկություններով, հենց այս հանգամանքն է պատճառ դարձել նախագծի փոփոխության համար, քանի որ ավագանու անդամները հաճախ են դժգոհում, որ այդ պատճառով իրենք երկար են մնում: Ավելին, լինում են դեպքեր, երբ հարցուպատասխանի վերջում արդեն ավագանու անդամները փորքաթիվ են լինում՝ 9-10 հոգի:
Ի պատասխան քննադատությունների՝ իմքայլական Գրիգոր Երիցյանը հայտնում է. «Փորձը ցույց տվեց, որ այդ ֆորմատը արդյունավետ չէ. առաջին 1 ժամվա հարցերը տալիս գնում եք, իսկ ես, օրինակ, սպասում եմ 8 ժամ, որ իմ հերթը գա: Նախորդ հարցուպատասխանին մնացել էինք ավագանու 6 անդամով մինչեւ երեկոյան ժամը 10-ը: Հետո յուրաքանչյուրս ամեն քննարկվող հարցի ժամանակ, միեւնույնն է, մեզ հուզող հարցերը տալիս ենք, կարող ենք ուղերձով հանդես գալ, հայտարարություն անել եւ այլն»:
Իսկ, օրինակ, իմքայլական Արմեն Գալջյանն էլ նկատում է. «Հարց ու պատասխանի փոխարեն ներդրվում է մտքերի փոխանակության ժամ, երբ ավագանու յուրաքանչյուր անդամ կարող է ելույթ ունենալ օրակարգից դուրս թեմայով, որի հնարավորությանը գործող կանոնակարգով չկա, կամ որ խմբակցության ղեկավարի արտահերթ ելույթի փոխարեն ներդրվում է մի կարգ, ըստ որի՝ խմբակցությունը կարող է մեկ արտահերթ ելույթ ունենալ, ու այս դեպքում ոչ թե միայն խմբակցության ղեկավարը, այլ յուրաքանչյուր անդամ ղեկավարի ներկայացմամբ»։
Ավագանու մեկ այլ անդամ Մեսրոպ Պապիկյանն էլ հայտնում է. «Այս նախագծով մենք հնարավորություն ենք տալիս, որ յուրաքանչյուր ավագանու անդամ հնարավորություն ունենա օրակարգից դուրս ելույթ ունենալու, այսինքն՝ ավագանու նիստերի ժամանակ ավելի շատ է լինելու քաղաքական տեքստերը եւ առանց օրակարգը խախտելու»։
Հավելենք, որ նախագիծը կքննարկվի ավագանու հաջորդ նիստի ժամանակ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՅՐՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ
ArmLur.am-ի խմբագրություն է ահազանգել Տավուշի մարզի Շամշադին համայնքի բնակիչ 58-ամյա Համեստ Վարդանյանը: Վերջինիս խոսքով՝ նա անօգնական վիճակում է: ArmLur.am-ի թղթակցի հետ զրույցում Համեստ Վարդանյանը պատմել է, որ երկու տարի առաջ Երեւանի Կենտրոնական զինվորական կլինիկայում ենթարկվել է վիրահատության, հեռացրել են աջ կրծքագեղձը, սակայն հետվիրահատական շրջանում առաջացել են առողջական լուրջ խնդիրներ։
«Թուլացել է ամբողջությամբ աջ ձեռքս, ամբողջ օրը ցավերի մեջ գալարվում եմ։ Եկել ենք Մուրացանի հոսպիտալ, սակայն չեն ընդունում, քանի որ կորոնավիրուսի պատճառով հիվանդանոցը փակ է: Ուղեգրով ուղարկում են տարբեր հիվանդանոցներ, արդեն 10 օր է՝ հիվանդանոցից հիվանդանոց եմ գնում: Որպես քաղաքացի՝ բացարձակ անտարբերության մեջ եմ: Ռենտգեն ինստիտուտում Էլեկտրասրտագրության, բիոպսիայի պատասխանները վերցնելու համար 115 հազար դրամ գումար են վերցրել այն դեպքում, երբ պետք է զինվորականների ծնողների համար ամեն ինչ լիներ անվճար։ Մենք էլ հիմա գտնվում ենք ծայրահեղ ծանր վիճակում, տղաներս սահմանին չեն կարողանում օգնել, 15 հազարը վճարել ենք, էն 100 հազարը մնացել է: Չգիտենք՝ ինչ անենք, որտեղից ճարենք, անելանելի վիճակում ենք գտնվում»,-ասել է տիկին Համեստը:
Համեստ Վարդանյանի փոխանցմամբ՝ վիրահատությունից հետո ունի երրորդ կարգի հաշմանդամություն, ստանում է ընդամենը 30.000 դրամ թոշակ, սակայն գումարը չի բավականացնում ապրելու եւ անհրաժեշտ դեղորայք ձեռք բերելու համար: «Կես մարդ եմ դարձել, 30 հազար դրամով չեմ կարող այս վճարումները կատարել, անալիզների պատասխաններն անհրաժեշտ են, որպեսզի հասկանան՝ հետագա բուժումն ինչպիսին պետք է լինի։ Խնդրում եմ, եթե հնարավոր է, աջակցեք»,-նշել է մեր զրուցակիցը։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
96-ԱՄՅԱ ՍԵՐՈԺ ՊԱՊԻԿՆ ԻՐԵՆ ԼԱՎ Է ԶԳՈՒՄ
Կորոնավիրուսով վարակված եւ բուժված դդմաշենցի 96-ամյա Սերոժ (Սերյոժա Ստեփանյան) պապիկն իրեն շատ լավ է զգում, տրամադրությունը բարձր է: Այս մասին ArmLur.am-ին պատմեց նրա որդին՝ Գագիկ Ստեփանյանը:
«Տանը չենք կարողանում պահել: Տասը կով է պահում, քսան ոչխար, մեկ հա կարտոֆիլ է մշակում: Եղբայրս ու ես խնդրեցինք պապային այդ կովերը վաճառել, որոշ ժամանակ անց ասաց, որ ծախել է, չկա: Հետո, երբ կորոնավիրուս հայտնաբերվեց իր մոտ, տարան հիվանդանոց, եղբայրս զանգեց ասաց՝ այ մարդ, խաբա՞ր ես՝ ինչ է եղել, գոմում կով կա (ծիծաղում է – Ս.Հ.)… Խաբել էր մեզ: Ինքը շատը հումորով, հետաքրքիր մարդ է»,- ուրախությամբ հիշեց 96-ամյա Սերյոժա Ստեփանյանի որդին:
Որդու պատմելով՝ Սերոժ պապիկը կորոնավիրուսով վարակվել է հարսից. «Եղբորս կինը մինչեւ գլխի ընկավ, ամբողջ տան անդամներին վարակեց (ծիծաղում է -Ս.Հ.), այդ թվում՝ պապիկին: Հետաքրքիրն այն էր, որ բոլորին տարել էին հիվանդանոց, բայց պապիկը չէր գնում, կռիվ-ղալմաղալ, նույնիսկ մեկ անգամ շտապօգնությունից եկել էին տանելու, շորերը հանել էր, մտել անկողին ու ասում էր, որ լավ է, չի գնալու: Բայց մի կերպ պապիկին տարան»:
Սերոժ պապիկը բուժումը ստացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որտեղ անցկացրել է ավելի քան տասը օր: Ուղեկցող հիվանդություն չի ունեցել: ArmLur.am-ի հետ զրույցում Գագիկ Ստեփանյանը հպարտությամբ նշեց, որ հայրը հիվանդանոցի ուրախությունն է եղել. «Հիվանդանոցում մի կերպ համոզել են, որ մնա, ասում էր՝ տղա՛ ջան, կփախնեմ, չեմ մնա: Ամբողջ հիվանդանոցի ուրախությունը պապաս է եղել, ինքը երբեք չհազաց, մի երկու օր տրտնջաց, հետո շնչառությունը բացվեց: Իր տարիքում ինքը երկու շիշ օղի կարողանում է հանգիստ խմել. որ գաք գյուղ, Ձեզ էլ օղի կհյուրասիրի, մինչեւ չխմեք, չի խոսի Ձեզ հետ»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
11.165.000 ՀՀ ԴՐԱՄԻ ՏՈՒԳԱՆՔ
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի մարտի 9-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 196 դեպք, որից 148-ով հաշվարկվել է 148.710.812 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 81-ով նշանակվել 11.165.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նշված ժամանակահատվածում կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 6 դեպքից 4-ով հաշվարկվել է 135.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 130.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։